Ըմբռնելի է նախկին իշխանությունների լրատվամիջոցների եւ վերջիններիս ներկայացուցիչ Աննա Իսրայելյանի ճիգերըՙ ամեն կերպ աղավաղելով թե անցյալը եւ թե ներկան, փորձել պաշտպան կանգնել նախկին վարչակարգին: Ըմբռնելիՙ մի պարզ պատճառով. նրա անբարո մասնագիտական կեցվածքը նույնքան անբարո գնորդ ունի: Ինչքան շատ լինեն սուտը, ջլատված նախադասություններից աղավաղված մեջբերումները, այնքան հեշտ է իրականացնել, պատվիրատուի համար կատարել անհրաժեշտ եզրակացությունները, այլափոխել իրականըՙ փորձելով վարկաբեկել իրենց համար անընդունելին:
Գավառական, ՀՀՇ-ական, էժանագին լրագրության այս ներկայացուցիչը վերջերս կրկին հրահանգ ստանալով, արձագանքելով «Ազգ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերում հրապարակված Ռուբեն Միրզախանյանի «Իշխանափոխություն» հոդվածին, այս անգամ գերազանցել է անգամ իր «դպրոցի» լրագրողական դասական Եղիա Նաջարյանին: «Առավոտ» օրաթերթի երեկվա համարում չակերտներում մեջբերումներ է կատարումՙ այլափոխելով բառերը: Այսպես, Միրզախանյանի հոդվածում տեղ գտած «ճղճղան հռետորները» դարձրել է «ճռճռան», որը, իհարկե, տկն Իսրայելյանին հոգեհարազատ բառ է, ինչպես նաեւ չորեքթաթ դիրքի մասին գռեհկաբանությունը, թեեւ ժամանակը ցույց է տվել, թե իրականում ով է հավերժ չորեքթաթ.
Իսրայելյանը գտնում է, որ Ռուբեն Միրզախանյանի հոդվածում նախկինների մասին ասվածը «.ամենը ճիշտ է: Եվ դեռ նկարագրությունն էլ խիստ մեղմ է»: Նրան դուր չի գալիս հեղինակը, որը տասը տարի առաջՙ 1991 թվականին, ըստ տկն Իսրայելյանի, դիմում է հղել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկինՙ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի 4 հոգի «ընդգրկի իր կառավարության կազմում»: Հոդվածը համեմված է այդ գրության պատճենով, որը գրեթե անընթեռնելի է: Սակայն սկզբունքայնության փոքրիկ մարտիկ Աննային պետք չէ ընթեռնելիությունը, որովհետեւ կպարզվեր առաջինըՙ գրությունն ուղարկել է ոչ թե Ռուբեն Միրզախանյանը, այլ ՀՌԱԿ հիմնադիր խորհուրդը, երկրորդըՙ այն հղվել է ոչ թե «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկին (1991 թ. հոկտեմբերին այն արդեն չկար), այլ Հայաստանի Հանրապետության այնժամանակվա նախագահին եւ երրորդը (ամենակարեւորը) ուղարկվել է վերջինիս պահանջով, քանզի սկսվում է հետեւյալ բառերով. «Ընթացք տալով մեր կուսակցության տարբեր ներկայացուցիչների կողմից Ձեզ տրված խոստմանը, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն անձերի ցուցակը, որոնց թեկնածություններն ենք առաջադրում առաջիկա կառավարության կազմում ընդգրկելու»:
Այնուհետեւ տկն Աննան պնդում է, որ «Իշխանափոխություն» հոդվածի հեղինակը միայն 1998 թ.-ից հետո հասկացավ, «որ մարդկայնորեն անպատրաստ գործիչներ են իշխանության գլուխ» կանգնած եղել: Եվ իր իսկ պնդումից ժիր աղջնակը սկսում է հայհոյանքի եւ որակումների մի ամբողջ կույտ շպրտել ՀՌԱԿ ատենապետի հասցեին «ամեն պահ դավաճանելու եւ թիկունքից հարված հասցնելու պատրաստակամության, անօրինականություններին աջակցելու» մասին: Նախ եւ առաջ Աննային ոչ կողքից, ոչ էլ ուղղակի հարվածել պետք չէ, բնությունն անհրաժեշտը կատարել է, իսկ ինչ վերաբերում է հասկանալու համար թե՚ կուսակցության ղեկավարի եւ թե՚ կազմակերպության դիրքորոշումը իսրայելյանների պատվիրատուների մասին, մի մեջբերում ՀՌԱԿ II համագումարի քաղաքական զեկուցումից, որը տեղի է ունեցել ոչ թե 98-ից հետո, այլ 1993 թ. ապրիլին. «ՀՀՇ-ն հանդիսանալով արցախյան շարժման ծնունդը, աջակցություն ու համակրանք վայելելով ժողովրդի լայն զանգվածներում, հետզհետե տիրացավ գործադիր իշխանության հիմնական լծակներինՙ համագործակցելով ապաքաղաքականացված նախկին ստվերային էկոնոմիկայի ներկայացուցիչների, երբեմն նույնիսկ հանցագործ տարրերի հետ, ձեւավորվեց իշխող մի միավորում, որի հեռացումը հանրապետության քաղաքական ասպարեզից պահանջել եւ պահանջում է ՀՌԱԿ-ը: Հայտարարելով իրեն ժողովրդավարության պաշտպան, ազատ շուկայական հարաբերությունների կողմնակից, ՀՀՇ-ն իրականում իր քաղաքականությամբ վարկաբեկեց թե՚ ժողովրդավարությունը, թե՚ իրական շուկայական հարաբերությունները: Այդպես էլ չկայանալով որպես քաղաքական կազմակերպություն, այն այսօր ժողովրդավարության գործընթացն արգելակող մարմին է («Ազգ», թիվ 72(323), 20 ապրիլի, 1993 թ.):
«Առավոտ» օրաթերթի թղթակցուհին եւս մի մեջբերում է կատարում «Իշխանափոխություն» հոդվածից, բայց այս անգամ առանց մեկնաբանությունների: «Նրանք («Ղարաբաղ» կոմիտեն) պահում էին կատաղած, փողոցային «լյումպենացված» կանանց հրոսակախմբեր»: Ծանոթանալով աննաիսրայելյանական «սկզբունքայնությանը», «ազնվությանը» եւ այլ շնորհներին, կարելի է հստակ եզրակացնելՙ ոչ թե պահում էին, այլ շարունակում են պահել.
ԵՎԳԵՆԻ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ