«Ազգը» մի քանի ամիս առաջ ահազանգել էր, որ «Կավկազ» նավահանգստում հայ-ռուսական «Պորտ Կավկազ» լաստանավային-բեռնափոխադրումային համալիրի ծրագիրը ֆինանսավորման բացակայության պատճառով ձախողված է: Ինչպես երեկ տեղեկացանք ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության մամլո հաղորդագրությունից, Սեւծովյան երկրների համագործակցության բանկը որոշում է կայացրել ծրագրի 2/3-ը ֆինանսավորելու մասին, հաշվի առնելով, որ տարածաշրջանային ծրագիր է, եւ պարտավորություն է ստանձնել իր միջոցներով ուսումնասիրել, հիմնավորել ծրագիրը: Ըստ այդ հաղորդագրության, որոշումն ընդունվել է վերջերս Հունաստանի Սալոնիկ քաղաքում (որտեղ գտնվում է բանկի կենտրոնակայանը) տեղի ունեցած եռակողմ հանդիպման երկօրյա բանակցությունների արդյունքում: Սովորաբար նմանատիպ ծրագրերի ֆինանսավորումը տեւում է երեք տարի, բայց «Պորտ Կավկազ» համալիրի ֆինանսավորումը կտեւի 6 ամիս:
Մեր կողմից հիշեցնենք, որ «Պորտ Կավկազի» համալիրի ծրագիրը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար: Այդ իսկ պատճառով դեռ երկու տարի առաջ ստեղծվել է «Պորտ Կավկազ» հայ-ռուսական ՓԲԸ-ն: «Պորտ կավկազը» փաստորեն պետք է ապահովի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ կապը: Մինչ այժմ դա իրականացվում էր ուկրաինական Իլյիչովսկ նավահանգստի միջոցովՙ դարձյալ լաստանավային առաքումներով, որը 4- 5 օրով երկարեցնում էր բեռնափոխադրումների ժամկետը: Համալիրի գործարկումով մոտ 20- 25 տոկոսով կիջնի նաեւ փոխադրումների արժեքը: Ռուսաստանն էլ իր հերթին համալիրի գործարկումով հնարավորություն է ստանում սեւծովյան Իլյիչովսկ, Վառնա, Կոնստանցա նավահանգիստներով դուրս գալ դեպի տարածաշրջանի երկրներ: Հաշվարկված է, որ համալիրի բեռնափոխադրումների ծավալը կազմելու է տարեկան 0,5 մլն տոննա:
Նախարարության մամլո հաղորդագրությունը չի նշում բանկի ֆինանսավորման չափը: Հիշեցնենք սակայն, որ նախնական հաշվարկներով ծրագիրը գնահատվել էր 5 մլն ԱՄՆ դոլար, որը հավասարապես պետք է վճարեին Հայաստանն ու Ռուսաստանը: Հայաստանի մասնաբաժնի ֆինանսավորմանը պետք է մասնակցեին նաեւ հայաստանյան շահագրգիռ գործարարները: Հայտնի պատճառներով ֆինանսավորումը ձգձգվում էր, եւ սեւծովյան բանկի ֆինանսավորմամբ, կարելի է ասել, կենսական անհրաժեշտության այդ ծրագիրը փրկվեց:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ