ԱԺՄ իշխանամետներին հեշտ հաղթանակ չմատուցելու վճռականությամբ
Սադոյանի ոգեւորությունը, թե ինքը «սրբազան» պատերազմ է հայտարարում լայնածավալ հարձակման անցած իշխանությունների դեմ, ոչ ավել, ոչ պակաս հուշում է Դոն Քիշոտի պայքարը հողմաղացների դեմ: Ամեն անգամվա պաթոսով եւ իրեն հատուկ ոճավորումներով արտահայտվող մտքերին երեկ Արշակ Սադոյանը մի շտրիխ էլ ավելացրեցՙ ընդհանուր պայքարի կոչելով քաղաքական այն սթափ ու սրտացավ ուժերին, որոնք անտարբեր չեն կարող դիտել, թե ինչպես են, ասենք, իշխանությունները որոշել արյան մեջ խեղդել նոր ձեւավորվող կուսակցություններին կամ ինչպես են ձեռի հետ, մի քանի անգամ էժան գներով վաճառում բաշխիչ էլեկտրացանցերը, անտարբերության մատնում Արմենտելի պարտավորությունների կատարման թերացումը, սահմանադրական բարեփոխումների քողի տակ իշխանական լծակների առավել ուժեղացումը: Եվ ըստ վերոշարադրյալի էլ Սադոյանը քարտեզագրում է անողոք պատերազմի տակտիկան:
Ճակատՙ հանուն կուսակցությունների կայացման
Սադոյանի պատկերացմամբ ոչ հանրապետության նախագահը, ոչ էլ վարչապետը չեն հասկանում, թե երկրի համար ինչքան կարեւոր է կուսակցությունների անկաշկանդ գործունեությունը: «Միտումնավոր քանդողները չեն կարողանում հասկանալ անգամ, թե իրենք քանդո՞ւմ են քաղաքական համակարգը, թե՞ կառուցում, քանի որ նպատակը դա չէ, այլ իրենց իշխանության մեծացումը եւ անհատական շահադիտական նկրտումները»: Այլ կերպ բանախոսը չի կարողանում բացատրել «Կայունություն» պատգամավորական խմբի, ապա Հանրապետական եւ ԱԺՄ կուսակցությունների ներսում սկսված պառակտումները: Իսկ այսօր քաղաքական համակարգն ըստ էության զրկված է ընդդիմական ուժերից: Որպես ամենաթարմ վկայություն բերվում է ԱԺՄ-ի օրինակը:
Ըստ Սադոյանի իշխանություններն ամեն ինչ արեցին ԱԺՄ-ն խորտակելու համարՙ օգտագործելով կուսակցության իշխանամետ թեւին եւ նրանց անգամ պաշտոններ հրամցրին գործադիր վերին օղակներում: Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն էլ կուսակցության ղեկավարիՙ Վազգեն Մանուկյանի «որոշ անվճռականությունն էր»: Սադոյանը գտնում է, որ Մանուկյանը պարտավոր էր ստանձնել կուսակցության միանձնյա ղեկավարումըՙ թույլ չտալով իշխանամետ թեւին այսօրվա վիճակին հասցնել կուսակցությունը: Իսկ «Ազգի» այն հարցին, թե հնարավո՞ր է իրագործել Մանուկյանիՙ կուսակցությունը վերականգնելու եւ պառակտումը կասեցնելու նպատակամղվածությունը, Սադոյանը պատասխանեց, թե դա այլեւս իրական չէ, քանի որ ինքն անձամբ չի կարող համատեղ աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնք «վարչապետի եւ նրա ներկայացուցիչների» հրահանգով են առաջնորդվում: Այս առումով իր հայացքներն առավելապես դեպի նոր կազմակերպվելիք Ազգային ժողովրդավարական կուսակցությունն է, չնայած մինչեւ հիմա էլ Սադոյանը չի հայտարարում, որ մտնելու է այդ կուսակցության շարքերը: Եվ ընդհանրապես, ըստ նրա, շեշտը ոչ թե կուսակցությունը վերականգնելու վրա պետք է դնել, այլՙ մաքրելու: Թե հատկապես ո՞ր ուժերիցՙ իշխանամետների՞ց, թե՞ ընդդիմադիրներից, մնում է անհասկանալի, հատկապես այն ֆոնի վրա, երբ Մանուկյանը խոսում էր ոչ թե կուսակցության, այլեւ դրա ազգային արժեքը եւ կրողներին պահպանելու մասին:
Ճակատՙ ընդդեմ կենտրոնամետության ուժեղացման
Մի քանի ամիս առաջ Արշակ Սադոյանը ցնծությամբ էր ողջունում սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Այսօր նրա տրամադրվածությունը շրջվել է 180 աստիճանով: Սադոյանի նոր կարծիքով գործադիրը որոշել է հեշտ ուղի գտնել եւ այդ բարեփոխումներով փոխանակ հնարավորինս թուլացնելու եւ նվազեցնելու իշխանությունների իրավասությունները, խնդիր է դրել օրենսդրական դաշտ տեղափոխել մի քանի անհատների ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու հնարավորությունը: Մասնավորապես, քանի որ այդ բարեփոխումները կատարվում են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, վերջինս ամեն ինչ անելու է նախարարության լիազորությունների շրջանակները մեծացնելու համար: Ըստ Սադոյանի, փորձեր են արվում նաեւ սահմանափակելու տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքները, ինչը վերջնականապես իշխանության ուղղահայացության կհանգեցնի:
Իսկ ովքե՞ր են այն ուժերը, որոնց Սադոյանն «իր զինվորների» նման կարող է վստահել: Թեեւ նրանք քիչ են, բայց կան ինչպես քաղաքական մեծամասնությանՙ ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի, այնպես էլ «անգամ ՀՅԴ-ի ներսում»: Պարզապես այդ ուժերը համախմբել եւ կազմակերպել է պետք, ինչի առաքելությունն էլ, ըստ ամենայնի, փորձում է ստանձնել ինքըՙ պրն Սադոյանը: Երբ ի հայտ կբերի համախոհներին, այն ժամանակ էլ կսկսի «դասակների» ձեւավորումը, այսինքնՙ կստեղծի աշխատանքային խմբեր, որոնք առանձին-առանձին կսկսեն վերահսկել ԲԷՑ-երի սեփականաշնորհման ընթացքը, սահմանադրական բարեփոխումները, երկրում հարկային բեռի թեթեւացումը: Հիշեցնենք, սակայն, որ մասնավորապես համակարգային բարեփոխումների ուղղությամբ նման խումբ հենց Սադոյանի գլխավորությամբ գոյություն ունի ԱԺ-ում, որին, ամենայն հավանականությամբ, ուշադրություն չեն դարձնում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, ինչն էլ նյարդայնացնում է «ռադիոլսողների սիրելի» պատգամավոր Արշակ Սադոյանին:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ