«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2001-02-10 | #26, 2001-02-13 | #27, 2001-02-14


ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՊԱՏՐԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼՈՒ 150 ՀԱԶԱՐ ՄԱՐԴՈՒ

Տուրիզմի զարգացման հիմնադրամը համոզում է, որ նախկին ներուժը կարող է բավարարել ներկա պահանջներին

Տարբեր ամբիոններից բազմիցս հայտարարված մոտ 150 հազ. տուրիստների հոսքի մասին խոսակցությունները խիստ հակասական են: Լավատեսները համոզված են, որ այդքան մարդ հաստատապես կցանկանա քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակն անցկացնել Հայաստանում: Հոռետեսների պնդմամբ այդ թիվը իշխանությունների սոսկ բարի ցանկությունն է, ինչպեսեւՙ 40 հազար աշխատատեղ բացելու մասին հավաստիացումները: Իսկ առավել իրատեսներին հետաքրքրում է այն կարեւոր հարցը, թե, ենթադրենք, այդքան մարդ կգա, գոնեՙ 100 հազարը, որքանո՞վ ենք պատրաստ նրանց գոնե նվազագույն մակարդակով ընդունելու ու ճանապարհելու:

Տուրիզմի բնագավառի «վետերանները» պնդում են, իսկ վիճակագրությունըՙ հաստատում, որ խորհրդային տարիներին Հայաստան է այցելել տարեկան 500- 700 հազ. մարդ: Համեմատելով այդ թիվն անցյալ տարի Հայաստան այցելած մոտ 30 հազարի հետ, մնում է միայն պարզել, թե վերջին 10 տարիներին տուրիստների թվի կտրուկ կրճատման, հին կապերի վերացման ու նորերի բացակայության արդյունքում, շուկայում երկրաչափական պրոգրեսիայով աճած տուրգործակալությունների ու նրանց շիլաշփոթ գործունեության, օրենսդրական դաշտի բացակայության պայմաններում ի՞նչ վիճակում է ոլորտն ընդհանրապես, երբ տուրիզմով զբաղվող կազմակերպությունները, հյուրանոցներն ու բազաները, ինչպես նորակառույց, այնպես էլՙ նախկին, որոնք ժամանակին նույնիսկ չէին հասցնում ընդունել ու ճանապարհել բազմաթիվ հյուրերի, այսօր կամ լիկվիդացել կամ էլ կիսով չափ են աշխատում:

Խորհրդային տարիներին Հայաստանի տուրիզմը ներկայացնում էին երեք խոշոր կազմակերպություններՙ տուրիզմի խորհուրդը, «Ինտուրիստն» ու «Սպուտնիկը»: Տուրիստների սպասարկման գերակշիռ մասն իրականացնում էր տուրխորհուրդը: Այն այսօր վերածվել է Տուրիզմի զարգացման հիմնադրամի, եւ, փաստորեն, նախկին համակարգի ամենամեծ ժառանգորդն է: Հիմնադրամի գլխավոր տնօրեն Ստեփանյանը տեղեկացրեց, որ տուրիզմի խորհրդի 48 ձեռնարկություններից այսօր մնացել են 16-ը: Նախկին տուրիստական բյուրոները, որոնց տուրօպերատորի ֆունկցիան, փաստորեն, ներկայումս ստանձնել են մասնավոր տուրգործակալությունները, լիկվիդացել են: Ինչ վերաբերում է հյուրանոցներին ու տուրբազաներին, ապա դրանց մի մասն է միայն պիտանի օգտագործման: Չնայած, պրն Ստեփանյանի հավաստմամբ, իրենք ամեն ինչ արել են հնարավորինս պահպանելու համակարգի ներուժը:

Հիմնադրամը Երեւանում ունի երկու հյուրանոցՙ «Էրեբունին» ու «Նաիրին»: «Էրեբունիի» երկրորդ մասնաշենքում այդպես էլ հյուրեր չապրեցին, քանի որ առաջին օրվանից բնակեցված է եղել (հայտնի չէ, թե մինչեւ երբ) փախստականներով, իսկ առաջին մասնաշենքը անցյալ տարիներին գործել է մասամբ, 10 տոկոսից էլ ցածր ծանրաբեռնվածությամբ, եթե չհաշվենք 1999-ի համահայկական խաղերն ու 1996 թ.-ի շախմատի աշխարհի օլիմպիադան, որոնց մասնակիցների մեծ մասն իջեւանեց այս հյուրանոցում: Անցյալ տարիների ընթացքում հյուրանոցը վերածվել էր տարբեր մանր-մունր ու հիմնականում տուրիստական կազմակերպությունների «բնակատեղիի»ՙ հյուրանոցից վերածվելով վարձակալական մի հսկա շինության: Այսօր արդեն, պրն Ստեփանյանի հավաստմամբ, շենքի երրորդ եւ չորրորդ հարկերից նախկին տարիներին վարձակալությամբ տրված կազմակերպությունները հանված են (թեեւ երրորդ հարկում նկատելի էր, որ ոչ բոլորն են լքել հյուրանոցը, մի քանի «ֆիրմաներ» դեռ շարունակում են իրենց գործունեությունը- Գ. Մ.), եւ մասնակիորեն վերանորոգվելուց ու հարդարանքից հետո հյուրանոցն ամբողջությամբ իր 400- 500 տեղերով պատրաստ է ընդունելու հյուրերին: Այն հարցին, թե բավարարո՞ւմ է արդյոք համարների վիճակը այսօրվա պահանջներին, պրն Ստեփանյանը լավատեսորեն պատասխանեց, որ 96 թվականի օլիմպիադայի առիթով վերանորոգման արդյունքում այսօր արդեն հյուրանոցի 3 հարկերի համարներն առանց վերապահումների կարող են ընդունել հյուրերի:

Մյուս մեծ հյուրանոցը Նորքի բարձունքում տեղակայված «Նաիրին» է, որը նույնպես բնակեցված է փախստականների ընտանիքներով: Ներկայումս հյուրանոցի մի քանի հարկեր վերանորոգվում են եւ մայիս ամսից պատրաստ կլինեն մոտ 200 մարդ ընդունելու: Ընդհանրապես, պրն Ստեփանյանը մայիս ամսից հետո հյուրերի մեծ հոսքի սպասող լավատեսներից է: Նրա պնդմամբ, հիմնադրամին պատկանող մարզային հյուրատներն ու տուրբազաները եւս կարելի է այսօրվա վիճակով շահագործել. Սեւանի տուրիստական հանգրվանը կարող է ընդունել 80- 100 մարդու, Դիլիջանի «Շուշան» հանգրվանըՙ մոտ 60, Ղափանի քաղաքային հյուրանոցըՙ մոտ 80, Դիլիջան-Վանաձոր ճանապարհին տեղակայված «Թեժլեռի» տնակներըՙ 60 մարդու: Հիմնադրամին պատկանող մյուս մարզային հաստատությունները կամ ավերվել են 88-ի երկրաշարժի հետեւանքով (Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան), կամ էլ լիովին վերանորոգման կարիք ունեն (Իջեւան, Ալավերդի):

Հիմնադրամը համարում է, որ նախկինում գործող երթուղիները, առկա տրանսպորտային միջոցները (նախկին տուրխորհրդի բոլոր ավտոբուսները պահպանվել են), գիդերը, ընդհանրապես, ամբողջ նախկին ներուժը լիովին համապատասխանում են արդի պահանջներին: Հիմնադրամի տնօրենին զայրացնում են տուրիզմի «նախկին դպրոց» ու «ներկա դպրոց» որակումները: Ըստ նրա, հարուստ փորձ ու ինտելեկտ ունեցող գիդերն ու մասնագետներն այսօր էլ կարող են կատարել լիարժեք աշխատանք: Հիմնադրամի կողմից պատրաստվում են նամակներ ու երթուղիների մասին տեղեկագրեր, որոնք կտարածվեն սփյուռքի թերթերում, դեսպանատներում ու հասարակական-մշակութային կենտրոններում: Ի պատասխան մեր հարցի, թե այդ ամբողջ գովազդային-տեղեկատվական աշխատանքը թանկ հաճույք է, եւ արդյոք հիմնադրամի հնարավորությունները կբավարարե՞ն, լավատեսորեն տեղեկացվեց, որ հիմնադրամը պետք է խնդրի թերթերին ու համապատասխան կազմակերպություններինՙ աջակցելու իրենց (ինչը, անկեղծ ասած, մեր կողմից մի փոքր անհասկանալի է- Գ. Մ.): Հիմնադրամը շարունակում է համագործակցությունը մի քանի տուրգործակալությունների հետՙ «Քարավան- տուր», «Արմենիա թրավել», «Լեւոն թրավել» եւ այլն, եւ նրանց հետ պայմանագրային աշխատանքը, նախկին ներուժի կուտակած հարուստ փորձը, հյուրանոցների ու հանգրվանների ներկայիս հնարավորությունները թույլ են տալիս ասելու, որ իրենք պատրաստ են այցելուների մեծ հոսքին: Մնում է միայն այդ հոսքի ապահովումը: Այդ առումով տուրիզմով զբաղվող կազմակերպությունների համար ամենակարեւորը, ըստ պրն Ստեփանյանի, պետության, մասնավորապես համապատասխան հանձնաժողովի միջոցառումների հստակ գրաֆիկ ունենալն է, որը պետք է լինի աշխատանքների կազմակերպման հիմնական ուղեցույցը:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ

Հ. Գ. Վերնագիր դարձած հարցը բազմակողմանիորեն քննարկելու համար «Ազգը» այսուհետեւ հատուկ խորագրով կանդրադառնա 1700-ամյակի «տնտեսական էֆեկտին», տուրգործակալությունների ու հյուրանոցների, սպասարկման ոլորտի մյուս հաստատությունների վիճակին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4