«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2001-02-10 | #26, 2001-02-13 | #27, 2001-02-14


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԻՐԱԿԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ

Այս նախաձեռնության հեղինակները երկրապահականներն են, գուցե ակամա

Այն, ինչ կատարվեց Հանրապետական կուսակցության ներսում, բնավ էլ միայն Ալբերտ Բազեյանի պաշտոնանկության հետեւանք չէր: Երկրապահական թեւի հիասթափությունը մայր կուսակցությունից սկսվել էր դեռ այն ժամանակ, երբ պաշտոնից հեռացվեց վարչապետ Արամ Սարգսյանը, իսկ գեներալ Մանվել Գրիգորյանը նախագահի հրամանով ստանձնեց պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնըՙ էապես ապաքաղաքականացվելով եւ կորցնելով քաղաքական գործընթացների վրա որոշիչ ազդեցություն ունենալու հնարավորությունը: Հանրապետության նախագահի այս քայլերը երկրապահականների համար ստեղծեցին հիրավի երկակի վիճակ. մի կողմից նրանց առջեւ հստակ ուրվագծվեց քաղաքական դաշտից մեկուսացման վտանգը, մյուս կողմիցՙ իշխանության մեջ վերջին օղակները գոնե պահպանելու անհրաժեշտությունը: Դա էր պատճառը, որ գերխնդիր դարձավ բոլոր հնարավոր միջոցներով Ալբերտ Բազեյանին իր պաշտոնում պահպանելը:

Քավության նոխազ դարձնելով հանրապետականներին, երկրապահական շերտը վերջիններիս սկսեց մեղադրել քաղաքական գործընթացների վրա ազդեցությունը կորցնելու եւ իշխանությունների «կցորդը» դառնալու մեջՙ միայն տողատակերից հասկացնելով, թե ում նկատի ունեին իրական իշխանության կրողը համարելով: Սակայն մեղադրանքներին հաջորդեցին այնպիսի քայլեր, որոնք միայն Հայաստանում կարելի էր պատկերացնել: Խորհրդարանում ներկայացված «Միասնություն» դաշինքից սինթեզվելով, երկրապահականները ստեղծեցին «Հայաստան» պատգամավորական խումբըՙ միաժամանակ մնալով Հանրապետական կուսակցության մեջ, առավել եւս մնալով կուսակցության վարչության կազմում: Դա ԱԺ կանոնակարգի թերեւս ամենամեծ ճեղքվածքն էր, որից հեշտությամբ օգտվեցին երկրապահականներըՙ լուծելով «մեկ գնդակով երկու բադ որսալու» հանելուկը: Ստեղծվեց անհեթեթ մի վիճակ. իշխանություն ենք առանց իշխանություն լինելու, հանրապետական ենք, բայց կարող ենք դեմ լինել կուսակցության քաղաքական կեցվածքին եւ, վերջապես, ընդդիմություն ենքՙ լինելով իշխանության ներսում:

Այստեղ հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող էր Հանրապետական կուսակցությունը թույլ տալ իր իսկ ներսում անկախ ինչ-որ գոյակցության ստեղծումը: Պատճառները մի քանիսն են: Երբ հարց դրվեց ստատուս քվոյի պահպանման մասին, հանրապետականներն ամեն կերպ փորձում էին օգտագործել այն փաստարկը, որ կուսակցության եւ երկրապահականների միացման կնքահայրը Վազգեն Սարգսյանն է: Պատահական չէր Տիգրան Թորոսյանի վերջերս արած արտահայտությունը. «Ցավոք այն, ինչ արվում է այս օրերին (նկատի առնելով ՀՀԿ-ից դուրս գալու մի քանի երկրապահականների հայտարարությունըՙ Գ. Ա), հակառակ է այն գործընթացին, որը 1998-ին սկսել էր Վազգեն Սարգսյանը եւ լավ կլինի նման քայլ անելուց առաջ հիշել, թե ինչը երբ է սկսվել եւ ով է սկսել»: Վազգեն Սարգսյանի անձն ու հեղինակությունը վկայակոչելն, ինչ խոսք, ինքնանպատակ լինել չի կարող: Պարզ հասկանալով, որ «Միասնության» եւ մասնավորապես ՀՀԿ-ի քաղաքական ստատուսի բարձրացման հիմնական պատճառը Վազգեն Սարգսյանն էր, հանրապետականները չէին կարող վերջնական որոշումներով երկրապահականներին հեռացնել իրենց շարքերից, առջեւում ունենալով հասարակության մեջ ընկնող վարկանիշը: Մյուս էական պատճառն այն է, որ երկրապահականների հանդեպ միանշանակ դիրքորոշում որդեգրելով, ՀՀԿ-ն անուղղակիորեն կհաստատեր վերջիններիս այն բնորոշումը, թե առաջնորդի մահից հետո կուսակցությունը դարձել է սոսկ իշխանության մասնիկ: Այդ պատճառով էլ ՀՀԿ-ն ընտրեց ոսկե միջինի տարբերակը: Եվ քանի որ հիմնական շեշտադրումները երկրապահականների կողմից դրվում էին կադրային քաղաքականության վրա, հանրապետականները սարքեցին ոչինչ չասող, սվաղված մի բանաձեւ, ըստ որի կադրային քաղաքականությունը մշակվում է ՀՀԿ-ում, բայց կադրերի փոփոխությունն իրականացվում է ՀՀԿ-ից դուրս: Թե ինչ է սա նշանակում, թերեւս միայն իրենք կարող են հասկանալ: Պարզ է ձեւակերպման նպատակը. կադրային հարցերումՙ մեզանից հեռու: Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, որին հանրապետականները դեռեւս պատրաստ չեն պատասխանելու. իսկ ո՞վ կամ ինչպե՞ս է պատասխանատու ձեր իսկ կառավարության գործունեության համար, եթե դրա իրականացնողների նշանակման, հեռացման հարցերը լուծվում են ձեզանից անկախ: Հիշեցնենք, որ այսօրվա կառավարության կազմը լրացնում են գլխավորապես հանրապետականները, իսկ «Միասնության» մյուս թեւըՙ ՀԺԿ-ն, գործադիր իշխանության հանդեպ իր դիտորդի կեցվածքը ՀՀԿ-ի կոկորդը խրեց դեռ ամիսներ առաջ:

Հասկանալի է դառնում, որ այս վիճակով երկակի ստանդարտներ են օգտագործվումՙ իշխանությունը կրելու գայթակղության եւ կորցնելու վախի ներքո, որը հետեւողականորեն բերելու է իշխանությունների միջեւ քաղաքական հավասարակշռության խախտման: Իսկ դա ամենահիմնական պատճառը կարող է հանդիսանալ կառավարության հերթական հրաժարականի, առավել եւս, երբ դրա ուրվագծերը պարզվում են մեկ այլ մատիտի օգնությամբ:

ԱԺ-ում չունենալով անհրաժեշտ մեծամասնություն, «Միասնություն» դաշինքը միայն բանակցությունների միջոցով եւ քաղաքական փոքրամասնության օժանդակությամբ էր կարողանում անհրաժեշտ օրինագծեր անցկացնել եւ սատարել կառավարությանը: Իրավիճակը սակայն փոխվեց ՀՀԿ-ի համար ոչ այնքան բարենպաստ ուղղությամբ: Նախ տարաձայնություններ սկսեցին առաջանալ դաշնակիցներիՙ ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ, մինչ այդ «Միասնությունից առանձնացավ «Հայաստան» խումբը, իսկ «Կայունություն» խմբի պառակտման եւ փոքրացման շնորհիվ ՀՀԿ-ն վերջնականապես կանգնեց այն փաստի առջեւ, որ քաղաքական դաշտում չի կարող այլեւս նվազագույն նեղ շրջանակով անհրաժեշտ որոշումներ ընդունել: Եվ եթե մինչ այդ «Միասնության» հետ կոմպրոմիսների գնում էին քաղաքական փոքրամասնությունները, այսօր նման վիճակի մեջ է ընկել «Միասնությունը», որի ցանկացած խնդրանք կամ պահանջ շատ հանգիստ կարող է անտեսվել եւ արհամարվել մյուս ուժերի կողմից: Վկայությունըՙ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի ընտրությունը, որը ՀՀԿ-ի հեգեմոն դիրքի մայրամուտը կարելի է համարել: Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը եւս վտանգի առջեւ է կանգնել եւ, ընդունված խաղի կանոնների համաձայն, երբ չունի համապատասխան քաղաքական մեծամասնություն, կարող է շատ շուտով հրաժարական ներկայացնել:

Այս պարագայում ՀՀԿ-ն միայն մի ելք ունիՙ հնարավորինս արագ կոմպրոմիսների գնալ քաղաքական ուժերի հետ, այսինքն նոր վերադասավորումների նախաձեռնություն սկսել, որի կայացմամբ թեեւ խախտվելու է ստատուս քվոն, սակայն ՀՀԿ-ն կարող է փրկել ինչպես իրեն, այնպես էլ կառավարությանը: Հարցն այն է, թե ո՞ր ուժերը կլինեն դրանք եւ կգնա՞ն արդյոք ՀՀԿ-ի հետ նոր վերամիավորումների: Սակայն դա քննարկման այլ ոլորտ է:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4