Վերջին շաբաթներին օրախնդիր դարձած թուրքական պատժամիջոցների թեման արծարծելովՙ Փարիզի «Ֆիգարո» թերթը դրանք բացատրում է թուրքերի «ոխակալ ազգայնականությամբ»: Թեեւ պաշտոնական մակարդակով այդ պատժամիջոցները չափավոր են, երկկողմ հարաբերություններում ընդհանուր մթնոլորտը վատթարանում է: Թուրքիայում սվիններով են ընդունել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Դրա վերջին դրսեւորման մասին փետրվարի 8-ին գրեց Փարիզի «Ժուռնալ օֆիսիել» պաշտոնաթերթը: Խոսքը ֆրանսիական «Ալկատել» եւ ֆրանս-գերմանական «Աստրիում» ֆիրմաներին մեկ տարով ռազմական պատվերներից զրկելու մասին է: Բայց պաշտոնական հրապարակման մեջ մերժումը պատճառաբանվում էր ոչ թե Ցեղասպանության ճանաչմամբ, այլ թուրքական պետության եւ հիշյալ ֆիրմաների պայմանագրերի հետ կապված վեճերով:
Երկու շաբաթ առաջ հայտարարվել էր, որ Թուրքիան չեղյալ է համարում «Ալկատելի» լրտես արբանյակի գնման վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը: Բայց արդյունաբերական աղբյուրները տեղեկացնում են, որ փաստաթուղթը վաղուց սառեցված է եղել բացառապես առեւտրային պատճառներով: Ինչ վերաբերում է Թուրքիայում ավտոմայրուղու կառուցման իրավունքից ֆրանսիական երկու ընկերությունների զրկմանը, սա նույնպես կեղծիք է, քանզի խճուղային թունելի եւ կամրջի կառուցումը նախատեսված էր վտանգավոր սեյսմիկ գոտում:
Իշխանությունները բորբոքում են թուրքերի ազգայնական տրամադրությունները: Թուրքական մի շարք ֆիրմաներ հայտարարել են, թե առեւտուր չեն անելու Ֆրանսիայի հետ: Սահմանափակվել են մարզական կապերը: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն առկախել է թուրք-ֆրանսիական կապերը: Փետրվարի 3-ի երեկոյան Ստամբուլում կրակել են Ֆրանսիայի հյուպատոսարանի վրա: Առեւտրի ասպարեզում ֆրանսիական ապրանքների ներմուծումն անհնար է արգելել, քանի որ 1996 թ. Թուրքիան Եվրամիության հետ ազատ առեւտրի պայմանագիր է ստորագրել:
Ինչ վերաբերում է թուրք պատմաբաններին, նրանք պաշտպանում են այն պաշտոնական վարկածը, թե ցեղասպանություն չի եղել, թեեւ ոմանք դատապարտում են օսմանյան արխիվներ մուտք գործելու վրա հաստատված սահմանափակումները: «Իսկ վերջերս Թուրքիայում հայկական հետազոտությունների ինստիտուտի ստեղծումը, ըստ երեւույթին, զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում», գրում է «Ֆիգարոն»: Այդ երկրի արդարադատության մարմինները «թուրք ազգին հրապարակավ զրպարտելու» մեղադրանք են ներկայացրել իրավապաշտպան Ակին Բիրդալին, որն անցյալ հոկտեմբերին Գերմանիայում իր ելույթում օգտագործել էր «ցեղասպանություն» բառը: Նրան սպառնում է 6 տարվա բանտարկություն:
Պ. Ք.