2000 թ. հուլիսի 24- 25-ը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնեց Վաշինգտոն, հանդիպեց ԱՄՆ պաշտպանության այն ժամանակվա նախարար Ուիլյամ Քոհենին: Ակնհայտ է, Վաշինգտոնին նյարդայնացնում է հայ-թուրքական սահմանի ամբողջ երկայնքով տեղաբաշխված ռուս սահմանապահ զորքերի, ինչպես նաեւ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի առկայությունը, ինչի մասին ամերիկացի զինվորականները հաճախ են խոսում հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում:
Վաշինգտոնում Սերժ Սարգսյանը հստակ բացատրել է, թե ինչո՞ւ են ռուս սահմանապահները հսկում հայ-թուրքական սահմանըՙ հիշեցնելով 1991- 1992 թթ., երբ ղարաբաղյան ճակատում նոր-նոր էին ուժգնանում բախումները: Հիշեցնենքՙ 1992 թ. մարտին Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թ. Օզալն իր կառավարությունից պահանջեց հայերի «ոճրագործությունների» դեմ վճռական քայլերի դիմել, սպառնալով «թուրքական ռազմական ուժերով կանգնեցնել հայերի առաջխաղացումը», 1993 թ. Քելբաջարի գրավումից հետո Օզալը, ակնարկելով 1915 թ. Ցեղասպանությունը, հայտարարեց, թե հայերը «դասեր չեն քաղել Անատոլիայի փորձությունից եւ այնտեղ կրած պատժից»: Ապա Թուրքիայի նախագահը «Հայաստանի վրա մեկ-երկու ռումբ արձակելու» թույլտվության խնդրանքով դիմեց ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնին: Անկարայում սկսել էին լրջորեն քննարկել Հայաստանի նկատմամբ «կիպրոսյան տարբերակի» կիրառումը, Նախիջեւանում տեղաբաշխվել էին շուրջ 3000 թուրք կամավորներ: Դժվար է ասել, ինչով կավարտվեր այդ ամենը, եթե ռուսական ԶՈՒ գլխավոր շտաբի պետ մարշալ Շապոշնիկովը լրջորեն չզգուշացներ Թուրքիային, որից հետո թուրք գեներալիտետը մի կողմ դրեց Հայաստան ներխուժելու ծրագիրը:
Սերժ Սարգսյանը ամերիկացի զինվորականներին ասել էր, որ «ղարաբաղյան հակամարտության թեժ շրջանում Թուրքիան ցուցադրաբար իր տանկերը մոտեցրել էր Հայաստանի սահմանին, իսկ Ռուսաստանը միակ պետությունն էր, որ Թուրքիային տվեց բանավոր զգուշացում»: Իր վերջին մամլո ասուլիսում, պատասխանելով «Ազգի» հարցին, որը վերաբերում էր հայ-թուրքական սահմանում ռուս զինվորների առկայությանը, Սերժ Սարգսյանն ասաց. «Այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածաշրջանում Հայաստանի նկատմամբ առկա կլինի թուրքական վտանգը, Հայաստանում տեղակայված կլինեն ռուսական ռազմական հանգրվանը եւ սահմանապահ զորքերը: Եթե այդ վտանգը այլեւս գոյություն չի ունենա, ապա այն ժամանակ կմտածենք»:
Ենթադրաբար, ՀՀ արտգործնախարարությունում թուրքական վտանգին լրջորեն չեն մոտենում: Մեկ անգամ եւս մեջբերենք հայ-ամերիկյան հարաբերությունների շուրջ ՀՀ պաշտոնական տեսակետից մեկ դրվագ. «Հարավային Կովկասում իր քաղաքական եւ առեւտրատնտեսական շահերը հետապնդելու համատեքստում ԱՄՆ-ը Հայաստանին ընդհանուր առմամբ վերաբերվում է որպես բարեկամ երկրի: Այնուամենայնիվ, ՀՀ տարածքում ռուսական ռազմական ներկայության ամրապնդումը, Թուրքիայի հետ չկարգավորված խնդիրների առկայությունը եւ կասպյան նավթամուղների անվտանգությանը սպառնացող ԼՂ չլուծված հակամարտությունը բարդացնում են տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների իրագործումը»:
Սա հստակ ակնարկ է, որ «ռուսական ռազմական ներկայության ամրապնդումը» ամերիկացիների սրտով չէ, նյարդայնացնում է նրանց, խոչընդոտ է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը: Մի կողմ թողնենք 102-րդ ռազմահանգրվանը եւ անդրադառնանք հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղաբաշխված ռուս սահմանապահ զորքերի կարգավիճակին: Եթե ԽՍՀՄ շրջանում սահմանապահները ենթարկվում էին ՊԱԿ-ին, ապա այսօրՙ ՌԴ նախագահին, ի տարբերություն 102-րդ ռազմահանգրվանի, որն ունի այլ կարգավիճակ եւ ենթարկվում է ՌԴ պաշտպանության նախարարությանը:
1992 թ.-ին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված «ՀՀ տարածքում սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին» պայմանագրի համաձայն, ՌԴ սահմանապահ զորքերի համալրումը իրականացվում է հավասար հարաբերակցությամբՙ 50 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են, 50 տոկոսըՙ ՌԴ քաղաքացիներ: Եթե ռուս սահմանապահներն ուղղակիորեն գտնվում են ՌԴ նախագահի ենթակայության տակ, ապա հայ սահմանապահները ՀՀ զինված ուժերի կազմում են, այսինքնՙ ենթարկվում են պաշտպանության նախարարությանը: «Ազգի» ունեցած տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը ցանկանում է համոզել Հայաստանի իշխանություններին, որպեսզի հայ սահմանապահների կարգավիճակը փոխվի եւ պաշտպանության նախարարության վերահսկողությունից տեղափոխվի անվտանգության ուժերի կազմ: Նպատակն առավել քան հստակ է. ավանդական ռուսամետ կողմնորոշում ունեցող հայկական զինված ուժերի հսկողությունից հեռու պահել հայ-թուրքական սահմանը հսկող հայ սահմանապահներին: Բնականաբար, ԱՄՆ-ը այս ամենն անում է քայլ առ քայլՙ քարոզչությամբ:
Եթե նկատել եք, վերջին շրջանում ռուսամետ հայ կոմունիստները մոռացել են հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբՙ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քարոզչությունն ուղղակիորեն ազդել է նաեւ հայ կոմունիստների մտածելակերպի վրա: Հասկանալի լեզվով ասածՙ հայ կոմունիստները չեն դիպչում ամերիկացիների «խաթրին»: Սա խոսակցության այլ թեմա է, որին չանդրադառնալ չենք կարող:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ