«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2001-02-10 | #26, 2001-02-13 | #27, 2001-02-14


ՑՐՏՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ

Հայ գրականագիտությունը անդարմանելի ու ծանր կորուստ կրեց: Մահը կիսավարտ թողեց շարունակ իմաստավորվող մի կենսագրությունՙ կյանքից հեռացավ ականավոր գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական եւ գրական մրցանակների դափնեկիր Հրանտ Սմբատի Թամրազյանը: Իսկ մահվան մասին միտքը թվում է տարօրինակ, անհեթեթ ու անկարելի:

Տարօրինակ ու անհեթեթ, որովհետեւ անցնող կյանքը սոսկ օրերի ու տարիների ընթացք չէր, այլ ինքնայրումի ճանապարհՙ օծված արարումի մշտատեւ ու ծանր, անընդհատ հեւքով:

Հր. Թամրազյանն իր շիտակ ու պարզ կեցվածքով, անխարդախ ու անխաթար էությամբ, իր արտասովոր ու ինքնահալած աշխատասիրությամբ բացառիկ երեւույթ էր բոլոր ժամանակների հայ գրականության պատմության համար: Միայնակ կատարել եւ կատարում էր մի ամբողջ գիտական կոլեկտիվի աշխատանք: Շուրջ 40 ծանրակշիռ մենագրություն, ուսումնական ձեռագրեր եւ դասագրքեր, 300-ից ավելի գիտական հոդվածներ եւ ուսումնասիրություններՙ ոչ լրիվ հաշվարկով: Նաեւ ուսուցչի, մանկավարժի երկարամյա ու ծանր աշխատանք: Իսկ այս վիթխարի վաստակը ծնվել է դժվար երկունքովՙ պահանջելով ահռելի լարում, արվեստագետ հոգու ծանր պրկումներ, որոնք իրենց հետ տանում էին ե՚ւ առողջություն, ե՚ւ կյանք: Ինքն էլ վկայում էր. «Երբեք ազատ, անհոգ չեմ եղել: Միշտ աշխատել եմ ու սովորել: վերջին 10- 15 տարում տարել եմ սրտի երեք կաթված: Թերեւս կարելի է ասել, որ այս 10- 15 տարում իմ կյանքն անցել է բուռն լարումներովՙ ինֆարկտից ինֆարկտ, գրքիցՙ գիրք: Աշխատանքն էլ թերեւս ուժ է տվել ինձ»:

Այսպեսՙ թումանյանական «լույս տալով եմ սպառվել» կենսափիլիսոփայությամբ էլ Հր. Թամրազյան արվեստագետը իմաստավորեց իր ապրած ժամանակն ու գրական կյանքըՙ շատ դեպքերում նախանշելով նաեւ գրականության անցնելիք ճանապարհը: Մարդկայնորեն պարզ ու շիտակ խառնվածքը, ազնվականական խոհականությունն ու մեծահոգությունը, արվեստագետ էությունը միշտ նրան հեռու պահեցին խղճին դեմ գնալուց, անգամՙ ազնիվ սխալներից:

Նա իր նկարագրով գրականագիտությունը զերծ պահեց պատեհապաշտությունից, մանրախնդրությունից եւ օրապակասությունից: Նորի ու հավերժականի տեւական բախման քառուղիներում մեծ գիտնականն ու քաղաքացին չքայլեց նորարարի կամ պահպանողականի մոլոր-ծայրահեղ ընթացքով, այլ մնաց միշտ իբրեւ արժեքավոր-ճշմարտացի հայտնագործող: Ինքը գրքի արարողՙ միշտ մնաց գրքի մեծ ու անդավաճան սիրահար:

«Գյուղական պատանու համար մեծ աշխարհը բացվում էր միայն գրքերի միջոցով, հաճախ էր հիշեցնում իր աշակերտներին, եւ նա գիրքը կարդում էր բացառիկ ուշադրությամբ, սիրով, տագնապներով»:

Բացառիկ ուշադրությունը, սերն ու տագնապները, միանալով տաղանդին, բացում են հայտնությունների նոր ուղիներ: Այնտեղ, ուր ուրիշները, անգամ օժտվածները, չէին տեսնում արժեքներ, Հր. Թամրազյանը գտնում-բացահայտում, ներկայացնում էր նրբին գեղեցկություններՙ զարմացնելով տեսանողի բացառիկ օժտվածությամբ: Այդպես նորովի ներկայացվեցին Հովհ. Թումանյանը, Ալ. Շիրվանզադեն, Սիամանթոն, Վ. Տերյանը, Եղ. Չարենցը, Մ. Մեծարենցը եւ շատերը:

Իր խոսքի պարզ շքեղությամբ, ասելիքի թարմությամբ ու գրավչությամբ, ուր բառերն, ինչպես բանաստեղծության մեջ, ծնվում էին առանց ճիգ ու ջանքի, ասես կանխորոշված ճակատագրով, Հր. Թամրազյանը շարունակում էր ոգել հայ մտքի պատմությունըՙ տառացիորեն մինչեւ վերջին շունչը: Հանգստի ժամանակ ու ցանկություն չուներՙ մինչեւ կգար վերջնական, մեծ հանգիստը:

Ինքը թերեւս ամենից լավ էր հասկանում. «Ինձ մնում է աշխատել եւ անվերջ աշխատել, բոլորովին վերջերս ասում էր նա, քանի որ բախտի սահմանած ժամանակը երեւի շատ քիչ է, իսկ ընկերներս արդեն հեռանում են. չկան Հ. Սալախյանը, Պ. Սեւակը, Ս. Աղաբաբյանը, Աբ. Ավագյանը, Վ. Դավթյանը, Հ. Սահյանը... Ցրտում է աշխարհը»: Եվ հանկարծ եկավ մեծ հանգիստը: Անսպասելիորեն եկավ: Բախտի սահմանած ժամանակը քիչ է: Գեղեցիկի հայտնաբերման ճանապարհին կիսատ մնացին մեծ մտավորականի, արվեստագետի, հայրենասերի ու մարդու շատ ծրագրեր: Չնայած հերթական գրքի վերջակետը դրեց բառացիորեն մեծ հավերժի ճամփան բռնելուց մի քանի ժամ առաջ: Ու գնաց լրացնելու իր թվարկած անունների շարքը: Եվ... ավելի ցրտեց աշխարհը:

ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4