Նորապսակների օրհնության օր
Տեառնընդառաջը կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Տրնդեզը Հայ եկեղեցին տոնում է ամեն տարվա փետրվարի 14-ին: Տրնդեզը «Տերն ընդ ձեզ» բառակապակցության աղավաղված ձեւն է: Այս տոնին հիշատակվում է քառասնօրյա Քրիստոսի ընծայումը տաճարին: Երբ լրացան Հիսուսի ծննդյան քառասուն օրերը, ծնողները նրան Բեթղեհեմից բերեցին Երուսաղեմՙ տաճարին ընծայելու:
Ըստ Ավետարանի, Երուսաղեմում Սիմեոն անունով մի արդար եւ բարեպաշտ ծերունի էր ապրում: Աստծո հրեշտակը Սիմեոնին նախապես հայտնել էր, որ չի մահանալու, մինչեւ չտեսնի Աստծո օծյալինՙ Հիսուս Քրիտոսին: Երբ ծնողները մանուկ Հիսուսին բերում են տաճար, Սիմեոն ծերունին ընդառաջ է գնում նրան եւ գոհություն ու փառք տալիս Աստծուն, որովհետեւ տեսավ նրան, ով եկել է մարդկանց հոգիների փրկության համար եւ որպես աղբյուր անսպառ լույսի լուսավորելու է ամբողջ աշխարհը:
Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ ելնել: Իսկ Տիրոջն ընդառաջ ելավ եւ դիմավորեց Սիմեոն ծերունին:
Քրիստոսի համբարձումից հետո, առաքյալները Տիրոջ երկրավոր կյանքի հետ կապված որոշ դրվագներ տոների են վերածել: Շնորհիվ Հակոբոս առաքյալի, Տեառնընդառաջը որպես տոն նույնպես մտավ տերունական տոների կարգը:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին, հավատարիմ մնալով առաքելական ավանդությանը, մինչեւ օրս, ամեն տարի, փետրվարի 14-ին տոնում է Տեառնընդառաջը:
Փետրվարի 13-ին եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո Անդաստան է կատարվում, որի ժամանակ օրհնվում են երկրի չորս կողմերնՙ ի նշան գարնան բերքի առատության եւ արգասավորության: Մարդիկ եկեղեցու մոմերից վառում են իրենց ձեռքի մոմը եւ տանում տունՙ հավատալով, որ Քրիստոսի անսպառ եւ փրկարար լույսը կլուսավորի նաեւ իրենց բնակարաններն ու հոգիները, քանզի եկեղեցում վառվող մոմը խորհրդանիշն է մեր Տիրոջ փրկարար լույսի:
Ժողովրդական սովորության համաձայն, երեկոյան մարդիկ իրենց բակերում եկեղեցուց բերած մոմի կրակով խարույկ են վառում, եւ նորապսակները կամ նշանվածներն իրենց հարազատների ու խաչեղբոր (քավոր) հետ պտտվում են խարույկի շուրջը, երգեր երգում եւ ուրախանում:
Քանի որ Տեառնընդառաջը համարվում է նաեւ նորապսակների օր, հաջորդ օրը նրանք գնում են եկեղեցի, մասնակցում Սուրբ պատարագին, քահանայից ստանում օրհնություն, որպեսզի իրենց ողջ կյանքն ընթանա սիրով ու համերաշխությամբ, լեցուն լինի աստվածահաճո ու առաքինի գործերով, եւ կյանքի նորընթաց ուղին դառնա Տիրոջն ընդառաջ գնալու լայն ճանապարհ:
ՏԵՐ-ՄԱՂԱՔԻԱ ՔԱՀԱՆԱ ՕՀԱՆՅԱՆ, Մալաթիայի Հայորդյաց տան հոգեւոր հովիվ