Իտալիայի Սան Վինսենտ քաղաքում ավարտվեց Վալե դ՜Աոստա անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարը: 130 մասնակիցները, որոնց թվում էին շուրջ երեք տասնյակ գրոսմայստերներ, պայքարում էին շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:
Առաջին-երկրորդ տեղերը 7-ական միավորով բաժանեցին Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) եւ Վալտեր Արենչիբիան (Կուբա): Գլխավոր մրցանակը շնորհվեց Յակովենկոյին, որն ավելի բարձր մրցաշարային գործակիցներ ուներ: Ռուս շախմատիստը միաժամանակ լրացրեց գրոսմայստերի նորման:
Երեւանցի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը վաստակեց 6,5 միավոր ու եւս հինգ մասնակիցներիՙ Իան Ռոջերսի (Ավստրալիա), Վյաչեսլավ Էյնգոռնի (Ուկրաինա), Վադիմ Միլովի (Շվեյցարիա), Դրաժեն Սերմեկի (Սլովենիա), Տոմաշ Պոլակի (Չեխիա) հետ բաժանեց երրորդ-ութերորդ տեղերը: Լպուտյանը կարող էր մրցաշարում ավելի բարձր տեղ գրավել, եթե հաջող խաղար առաջին կեսում (նա առաջին չորս հանդիպումներում 2 միավոր վաստակեց, իսկ հաջորդ հինգումՙ 4,5):