«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2001-02-14 | #28, 2001-02-15 | #29, 2001-02-16


10-ԱՄՅԱԿ

Այսօր լրանում է մեր թերթի 10 տարին:

Ընթերցողին թերեւս քիչ է հետաքրքրում, թե ինչպես ծրագրվեց, նախապատրաստական ինչ աշխատանքներ կատարվեցին, ինչ միջոցներով, հիմնադիր ինչ անձնակազմով եւ ինչպես սկսվեց թերթի հրատարակության գործը 1991 թ. փետրվարի 16-ին: Ընթերցողին գուցե չի հետաքրքրում նաեւ, թե անցնող 10 տարիներին եւ առ այսօր ինչպես է լույս տեսնում թերթը, մարդկային եւ նյութական ինչ միջոցներով, ինչ տվայտանքներով ու դժվարություններով:

Այսուհանդերձ, հիմնադրման 10-ամյակի այս օրը կփորձենք ի մի բերել մի քանի բան, ինչպես ասում ենՙ պատմության համար:

Այս թերթը հավատարիմ է մնացել իր առաջին խմբագրականում տված խոստմանըՙ լուր տալ: Մեր թերթն ամենից առաջ լրագիր է, հետեւաբար իր գլխավոր առաքելությունն է լուր տալ, հնարավորինս համապարփակ եւ օպերատիվ տեղեկություն Հայաստանի ներսում, շուրջը, սփյուռքում թե ողջ աշխարհում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների մասին:

Երկրորդՙ հարգել ազատորեն կարծիք արտահայտելու, նախաձեռնություն հանդես բերելու իրավունքը, որը հիմքն է ազատականության եւ ռամկավարության: Պայմանով, որ այդ կարծիքը կամ նախաձեռնությունը լինեն պատասխանատու եւ պատճառաբանված: Բնավ չենք կարող պնդել, որ այս կետում թերթը շեղումներ կամ սայթաքումներ չի ունեցել, բայց մխիթարվում ենք նրանով, որ, այո, երբեմն զիգզագներով, սակայն պահել ենք կողմնացույցի ճիշտ ուղղությունը:

Երրորդՙ իր իսկ ծնունդով մեր թերթը խոստանում էր, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ Հայաստանում ներմուծելու հետամուտ է լինելու: Անշուշտ, հետագայում այլ լրատվամիջոցներ առավել կատարելագործված տեխնոլոգիաներ ունեցան, սակայն մեր թերթը, որպես Անդրկովկասում համակարգչային պոլիգրաֆիան առաջինը կիրառող մամուլ, հնարավորինս քայլ պահեց նորությունների հետ եւ այսօր ունի ինտերնետային լավագույն ծառայություններից մեկը, որին շուրջ մեկ ամսվա ընթացքում այցելել է ավելի քան 21 հազար մարդ աշխարհի շատ երկրներից:

Չորրորդՙ մեր թերթն իր առաջին համարից փորձել է ուղեղները բացել դեպի արտաքին աշխարհ, դուրս բերել հայ մարդուն ինքնապարփակ վիճակից, ցույց տալ, որ աշխարհում պատահող ամեն մի կարեւոր բան իր ազդեցությունն է թողնում նաեւ մեր երկրի, մեր ժողովրդի, մեզանից յուրաքանչյուրի կյանքի վրա: Դրա համար թերթը, նրա բարեկամները ծախսել են շատ, արտասահմանյան թերթեր ձեռք բերելուց մինչեւ առօրյա լրատվությունների ապահովում: Այսօր, փառք Տիրոջը, շատերն են անում նույնը, ինչը համարում ենք նաեւ մեր հաջողությունը:

Հինգերորդՙ անցնող 10 տարվա ընթացքում մեր թերթը հանդիսացել է լրագրողական եւ տեխնոլոգիական դարբնոց մի ողջ սերնդի համար, եւ պատահական չէ, որ մեր թերթի մի ստվար խումբ աշխատակիցներ ներկայումս դիվանագիտական եւ պետական պաշտոններ են վարում կամ իրենք են թերթեր հիմնադրել թե Հայաստանում եւ թե արտասահմանում:

Վեցերորդՙ մեր թերթի տասնամյա տարեգրությունն ինքնին Հայաստանում ազատ մամուլի պատմությունն է իր ընկրկումներով եւ նվաճումներով: Ավելինՙ այդ տարեգրությունն իր մեջ խտացնում է մեր ժողովրդի ու պետության վերջին տասնամյակի պատմությունը, կյանքը, ոգորումները, ցավերն ու հաջողությունները: Եվ պատահական չէ, որ խմբագրությունը ներկայումս պատրաստում է 10 տարվա ընթացքում թերթի լույս ընծայած բոլո՚ր նյութերի քարտադարանը, որի էլեկտրոնային տարբերակն առաջիկա մայիս ամսին կտրամադրվի գրադարաններին եւ ուսումնասիրողներին:

Եվ վերջապես յոթերորդՙ «Ազգը» կայունության խորհրդանշան է: 10 տարվա ընթացքում ոչ մի օր իր կամքով այն չի ընդհատվել երբեք, ամենանեղ պահերին անգամ գտել է ելքեր եւ մատուցվել ընթերցողին:

Հենց ընթերցողի օգնությամբ, վստահ ենք, թերթը կշարունակի իր առաքելությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4