ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի գործով փետրվարի 14-ի դատական նիստում դատավոր Սուրեն Ալեքսանյանը հայտարարեց, որ դատավճիռը կհրապարակվի 10 օր հետո: Ըստ օրենքի, խորհրդակցական սենյակում գտնվելու այդ 10 օրերի ընթացքում նա չպետք է շփվի որեւէ մեկի հետ, նույնիսկ արգելվում է հեռախոսով որեւէ մեկի հետ կապ ունենալը:
Վերոհիշյալ գործով գլխավոր ամբաստանյալ, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եղբայրըՙ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Կարեն Բաբայանը, որը նույնպես ձերբակալվել է անցած տարվա մարտի 22-ի գիշերը, ամբաստանվում է պաշտոնական դիրքն ի չարը գործադրելու, պաշտոնեական կեղծիքի, հարկերից խուսափելու եւ ապօրինի զինամթերք պահելու մեջ: Կարեն Բաբայանի նկատմամբ դատավարությունն սկսվել է 2000 թ. նոյեմբերի 2-ին: Այդ օրը դատավարությունն ընդմիջվել էր 20 օրով, քանի որ պետական մեղադրող Լորետա Բարսեղյանը գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ ժամանակ էր խնդրել: Սակայն մինչ օրս Կարեն Բաբայանի դատավարությունն անհասկանալի պատճառներով հետաձգվում է:
2000 թ. մարտի 22-ին ձերբակալվել է նաեւ Սամվել Բաբայանի քրոջ ամուսինըՙ Ստեփանակերտի նախկին փոխքաղաքապետ Գուրգեն Ներսիսյանը, որին նախաքննական մարմինները մեղադրանք են ներկայացրել պաշտոնական դիրքի չարաշահման եւ հարկերից խուսափելու համար: Սակայն նրա գործը մինչ օրս դատարան չի մտել, իսկ ինքըՙ Գ. Ներսիսյանը, որը ձերբակալությունից առաջ աչքերի վիրահատություն էր տարել, ներկայումս պառկած է ԼՂՀ Կենտրոնական զինվորական հոսպիտալում: