ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտին է մոտենում ՀՀ նախագահի պետական այցը Ֆրանսիա: Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպեց Փարիզի, իսկ այսօրՙ Լիոնի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Փարիզի հայության հետ կայացած հանդիպման ընթացքում Ռ. Քոչարյանը հայ համայնքը որակեց որպես ամենահզոր, ամենակազմակերպված մտավոր ու քաղաքական ուժ ունեցող համայնքներից մեկը: Նախագահը նշեց, որ ֆրանսահայ համայնքը չի մոռացել ցեղասպանությունը, որի ապացույցը ցեղասպանության ճանաչման համար ծավալած գործունեությունն է:
Ըստ նախագահի, համայնքն օգնում է Հայաստանին, ցավում նրա դժվարությունների համար: Ռ. Քոչարյանը խոստացավ անել ամեն ինչ, որ «ֆրանսահայ համայնքը հպարտ լինի Հայաստանով»:
ՀՀ նախագահն այսօր հանդիպեց Լիոնի քաղաքապետի հետ, եղավ «Ինֆոգրամ» ընկերությունում, որտեղ մասնակցեց նոր արտադրատեսակի առաջին ներկայացմանը:
Տարեկան 1 մլրդ դոլար շրջանառություն ունեցող ֆրիմայի նախագահ Ալեն Բոները ՀՀ նախագահին տեղեկացրեց, որ իրենց կողմից ուսումնասիրվում է նաեւ Հայաստանի շուկան: Ֆիրմայի ղեկավարի խոսքերով, ինքն ուրախ կլինի, եթե համագործակցությունը հաջողվի:
Ի պատասխան Ռ. Քոչարյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորոտը հռչակել է տնտեսական առաջնայնություններից մեկը:
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 16-ին կվերադառնա Հայաստան: