«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2001-02-14 | #28, 2001-02-15 | #29, 2001-02-16


ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՉԻ ԿՈՐՑՐԵԼ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

<20012901.jpg>

Դատարանի դահլիճում կրքերն ավելի հանդարտ էին, քան դրսում

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Փետրվարի 15-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վճռաբեկ դատարանի շենքում սկսեց 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության դատաքննությունը: Ահաբեկչությանը զոհ դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը:

Դատաքննության նախապատրաստական աշխատանքները սկսվեցին 9:30-ից, ՆԳՆ պահպանության միավորման օպերատիվ գունդը փակեց դատարան տանող ճանապարհահատվածը, որտեղ այդ ժամից սկսած մարդիկ էին հավաքվում: Նախապես մեծ դարպասներով ապահովագրել էին նաեւ ամբաստանյալներին բերող մեքենաների մուտքը, որոնց ներս մտնելուն պես դռներն արագորեն փակվում էին: Դահլիճ մուտք ունենալու համար մասնակիցներին տրվել էին անվանական քարտեր, ընդ որում դատավարության մասնակիցների կարգավիճակը տարբերակված էր նաեւ ըստ քարտի գույնի: Լրագրողների համար ընտրվել էր դեղին գույնը, հայտնի չէՙ կանխամտածվա՞ծ, թե՞ այդպես էր ստացվել: Մասնակիցներին ներս էին թողնում քարտերի ու անձնագրերի տվյալների համապատասխանությունն իրենց մոտ եղած ցուցակների հետ ստուգելուց հետո: Մինչեւ դահլիճ մտնելը փաստաթղթերը հաջորդաբար ստուգվեցին 6 անգամ:

Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանի դատավորներն աշխատասենյակ էին բարձրանում անցագրային մուտքով, քանի որ դահլիճի անվտանգությունն ապահովելու նպատակով փակել էին շենքի բոլոր մուտքերը:

Դատաքննությունը սկսվեց հանրածանոթ դահլիճում, որտեղ բազմաթիվ աղմկահարույց գործեր են քննվել: Սակայն այս անգամ դահլիճը պատշաճ տեսքի էր բերվել, աշխատանքային պայմաններ էին ստեղծվել դատավարության մասնակից բոլոր կողմերի համար: Փաստաբանները նստել էին սեղանների առջեւ, դահլիճում տեղադրվել էին խոսափողներ, բարձրախոսներ (դինամիկներ), տաքացուցիչներ: Վերջին երեք շարքերն առանձնացվել էին լրագրողների համար, եւ պետք է ասել, որ սա առաջին դատավարությունն է, որի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ օտարերկրյա լրատվամիջոցները: Լրագրողներիս քաջ ծանոթ երեք վանդակները կրկնակի ճաղապատվել էին, սակայն առաջին վանդակը, որտեղ յուրաքանչյուր քրեական գործով մեկուսացվում է առանձնակի կարեւորություն ներկայացնող ամբաստանյալը, երեկ ձեւափոխված էր: Ամբաստանյալ Նաիրի Հունանյանի համար նախատեսված աթոռը երկաթյա պատով առանձնացվել էր մյուսներից:

Ամբաստանյալները դահլիճ բերվեցին ձեռնաշղթաներով, որոնք հանվում էին վանդակում փակելուց հետո: Նրանց մուտքն ուղեկցվում էր տուժողների նախատինքով, նաեւ անեծքներով, որոնք, այդուհանդերձ, անհամեմատ ավելի զուսպ էին, քան այլ դատավարությունների ժամանակ: Սա եզակի դատավարություններից է, որին ներկա չէին ամբաստանյալների հարազատները, թեպետ Նաիրի եւ Կարեն Հունանյանների հայրը դատաքննությանը մասնակցելու շատ մեծ ցանկություն ուներ: Այնուամենայնիվ, երեկ նրան չհաջողվեց դահլիճ մտնել: Կարելի է ասել, որ դատարանի դահլիճում երեկ միայն տուժողներն էին, նրանց ներկայացուցիչները եւ լրագրողներ: Ամբաստանյալների պաշտպաններից ոմանք նրանցից հրաժարվել էին կամ նախաքննությունն ավարտելուն պես, կամ դատաքննությունը սկսվելու նախօրեին: Երեկ ներկայացել էին նրանցից ընդամենը 2- 3-ը: Մեզ ծանոթ փաստաբաններն այս դատաքննության ընթացքում փոքր-ինչ անսովոր կարգավիճակում ենՙ տուժողների իրավահաջորդների շահերն են ներկայացնում: Այլ կերպ ասածՙ նրանք այս գործում կաջակցեն պետական մեղադրողներին: Դահլիճում էին նաեւ ԱԺ պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներ, նաեւ պատգամավոր Գալուստ Սահակյանի գլխավորությամբ ստեղծված 10 հոգանոց հանձնախումբը, որը դատաքննությունը վերահսկելու պարտավորություն է ստանձնել:

«Հոկտեմբերի 27»-ի դատաքննությունը նախագահող Սամվել Ուզունյանը ներկայացրեց պետական մեղադրողներին, որոնցից երեքըՙ Արմեն Հարությունյան, Հակոբ Մարտիրոսյան, Անահիտ Եղիազարյան, ներկայացնում են զինվորական դատախազությունը, հանրապետական դատախազությունից քննությանը մասնակցում է ավագ դատախազ Գագիկ Ավետիսյանը:

Դատաքննությանը չէր ներկայացել ամբաստանյալ Միսակ Մկրտչյանը, որի խափանման միջոց կալանքը փոխվել էր ամիսներ առաջՙ առողջական վիճակի վատթարացման պատճառով: Սակայն ներկա էր նրա պաշտպանը, որը լուր չուներ իր պաշտպանյալի բացակայության մասին, բայց պնդում էր, որ նա անպարտաճանաչ չէ: Դատավորը տեղեկացրեց, որ առավոտյան ոստիկանական խումբ է ուղարկվել նրա ետեւիցՙ ապահով տեղ հասցնելու համար, սակայն ամբաստանյալին տանը չեն գտել:

Դատավարության մասնակից կողմերին ներկայացնելուց հետո նախագահողն անցավ ամբաստանյալների ինքնության ճշտմանը: 13 ամբաստանյալներից 11-ը նախնական կալանքի են վերցվել, հիմնականում գործազուրկներ են, բացառությամբ Էդուարդ Գրիգորյանի, որը կալանավորվելուց առաջ աշխատել է մանկական կլինիկական շտապօգնության հիվանդանոցում, ամբաստանյալներից երկուսն ԱԺ պահակային ծառայության աշխատակիցներն են: Նրանցից միայն մեկըՙ Աշոտ Կնյազյանը, ըստ մեղադրական եզրակացության, մեկ անգամ դատապարտվել է Ռուսաստանում, սակայն ամբաստանյալը հերքեց այդ տեղեկությունը:

Ամբաստանյալներից միայն Նաիրի Հունանյանն է հրաժարվել մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց: Դատարանում պատճառաբանեց, որ օրենսդրության համաձայն մեղադրականը իրեն պետք է փոխանցեր դատախազը, սակայն բերել է քննիչը, այդ պատճառով էլ հրաժարվել է: Սակայն ծանոթանալու ցանկություն հայտնեց: Պետական մեղադրողն ի պատասխան հայտնեց, որ դրանով օրենսդրությունը չի խախտվել: Ամբաստանյալներից մի քանիսը հրաժարվեցին պաշտպաններ ունենալուց, այդ թվում նաեւ Նաիրի Հունանյանը, իսկ նրա եղբայրըՙ Կարեն Հունանյանը, վերստին համաձայնության էր եկել իր պաշտպանի հետ: Ն. Հունանյանը բացարկ հայտնեց պետական մեղադրողներից զինվորական դատախազության ներկայացուցիչ Հակոբ Մարտիրոսյանին, ասելով, որ նա հետագայում իր կողմից վկա է կանչվելու նախաքննության ժամանակ թույլ տված անօրինականությունների համար: Հ. Մարտիրոսյանը չընդունեց բացարկը, ասելով, որ ինքն ընդամենը մեկ անգամ է ամբաստանյալի հետ առնչվել եւ անօրինականությունների մասնակից չէ: Ն. Հունանյանը կրկին պնդեց, որ պետական մեղադրողը լուրջ խախտումների մեջ դերակատարություն է ունեցել, եւ ինքն այդ մասին կհայտնի հետագայում: Նախագահողը չբավարարեց բացարկը:

Երկու միջնորդություն ներկայացրեց ԱԺ-ում հոկտեմբերի 27-ին հերթապահողներից ՆԳՆ պահպանության միավորման օպերատիվ գնդի միլիցիոներ Արմեն Գասպարյանը, ասելով, որ ինքն ընդհանուր ոչինչ չունի «այդ հանցագործների» հետ եւ միջնորդեց իր մասով քրեական գործն անջատել «Հոկտեմբերի 27»-ի գործից: Այնուհետեւ միջնորդեց փոխել իր խափանման միջոց կալանքը, որի հիմնավորումն այս էրՙ «ավտոմատներով էին եկել ինձ վրա, ինչպե՞ս կարող էի ներս չթողնել»: Միջնորդությունները մերժելու դատավորի որոշման մեջ նշվում էր, որ նրա մեղադրանքը ճիշտ է որակված եւ խափանման միջոցը փոխելը կարող է խոչընդոտել քրեական գործի օբյեկտիվ քննությանը: Ամբաստանյալ Ա. Գասպարյանը ի պատասխան հայտարարեց, թե հացադուլ է սկսելու:

Նաիրի Հունանյանն իրեն մեղավոր չի ճանաչել նախաքննության ժամանակ, եւ երեկ էլ ամենեւին ընկճվածություն չնկատվեցՙ անգամ Կարեն Դեմիրճյանի որդուՙ Սամվել Դեմիրճյանի սպառնալիքից հետո. «Ինձ լավ նայիր, լավ հիշիր»: Այդուհանդերձ Ն. Հունանյանը դատավորին խնդրեց դահլիճում ապահովել իրական հրապարակայնություն եւ հնարավորինս տեղերից բացականչություններ չլինեն: Վերջինը պատասխան էր տուժողների, հատկապես կին պատգամավորների կողմից նրանց ուղղված անեծքների եւ նախատինքների: Պատգամավորները մերթ ընդ մերթ կրկնում էին. «Տեսնո՞ւմ եքՙ ինչքան լավ են պահել նրանց, չաղացել են, իսկ Հայրիկյանն ասում էր.»: Ռիմա Դեմիրճյանը վատ զգալով իրենՙ հեռացավ դահլիճից, որին հետեւեցին մյուս սպանվածների կանայք: Դատական նիստին մինչեւ վերջ մասնակցեց միայն Անահիտ Բախշյանը: Տուժողների իրավահաջորդներից դատարանի դահլիճ չներկայացան Արամ Սարգսյանը եւ տկն Գրետան, որոնք, ըստ տեղեկությունների, դրսում էին:

Դատական նիստն ընդմիջվեց մեկ շաբաթովՙ ամբաստանյալ Միսակ Մկրտչյանի բացակայությունը ճշտելու եւ Էդուարդ Գրիգորյանին պաշտպան ընտրելու հնարավորություն ընձեռելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4