Մամուլն արդեն տեղեկացրել էր, որ ներկայումս վերաքննիչ դատարանում ընթացող Վահան Հարությունյանի եւ ՆԳՆ նախկին աշխատակիցների քրեական գործով դատապարտվածներից չորսըՙ Մովսես Ներսիսյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Շահբազյանը եւ Նորայր Թադեւոսյանը, փետրվարի 9-ից հացադուլ էին հայտարարել:
Նրանց հարազատները երեկ հայտնեցին, որ յոթօրյա հացադուլից հետո կտրուկ վատացել է ամբաստանյալ Նորայր Թադեւոսյանի առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են այլ խուց: Երեք դատապարտյալները երեկվանից հրաժարվել են նաեւ ջրից: Դատապարտյալները ծայրահեղ միջոցների դիմեցին, հայտարարելով, թե իրենց մեղադրանքները զուրկ են հիմնավորումներից եւ այդ կապակցությամբ ցանկանում են տեսակցել պետական մեղադրողներից Աղվան Հովսեփյանի կամ մեկ այլ պատասխանատու անձի հետ: