ՀՀ պետական եկամուտների նախարարության օպերատիվ-հետախուզական վարչությունը հայտնաբերել է ապօրինի գործող արտադրամասեր: Մասնավորապես, Երեւանի բնակիչ Տիգրան Մանուկյանը Իսահակյան 24 շենքի բակում կազմակերպել է հացի արտադրություն եւ վաճառքՙ չունենալով պետական գրանցում եւ համապատասխան լիցենզիա: Նրա արտադրամասում հայտնաբերվել են 10 տ ալյուր եւ հացի արտադրության համար անհրաժեշտ այլ հումքատեսակներ:
Պարզվել է, որ հացաթխման ապօրինի մեկ այլ արտադրամաս էլ գործում է Անտառային 138 հասցեում: Երեւանի բնակիչ Արա Թորոսյանին պատկանող այդ արտադրամասում հայտնաբերվել են մոտ 1 տ ալյուր եւ հումքատեսակներ:
Ներքին Շենգավիթ 9 հասցեում բնակվող Կարինե Բաղրամյանն իր տանը կազմակերպել է մակարոնի արտադրություն, որի համար չի ունեցել ոչ պետական գրանցում, ոչ էլ համապատասխան լիցենզիա: Կարինե Բաղրամյանի տանը հայտնաբերվել է 1 տ պատրաստի արտադրանք:
Խախտումներ են հայտնաբերվել նաեւ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մարնակ» ընկերության աշխատանքում: Այդ ընկերությունը տոնավաճառում իրացրած 373400 դրամի արտադրանքը, ինչպես նաեւ կոնֆետի փաթեթավորման համար նախատեսված 45050 հատ թղթերը չի նշել իր հաշվապահական փաստաթղթերում:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ