«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2001-02-14 | #28, 2001-02-15 | #29, 2001-02-16


«ՊԱՏՆԵՇ ԿԱ, ՈՐ ԱՆՀՆԱՐԻՆ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

<20012902.jpg>

Հեռուստառադիոոլորտը նոր առաջարկների փաթեթ է ներկայացնում

Զանգվածային լրատվության միջոցների ակտիվությունը վերջին շրջանում նվազման որեւէ միտում չի դրսեւորումՙ կապված «Հեռուստատեսության եւ ռադիոյի» եւ «Մամուլի մասին» օրենքների վիճահարույց, հակասական դրույթների հետ: Ակտիվություն են դրսեւորում մասնավորապես հեռուստատեսությունների ներկայացուցիչներըՙ անգամ հանդես գալով օրենսդրական փոփոխությունների փաթեթով: Ոլորտի հանդեպ հետաքրքրությունը կարեւորվում է Հայաստանի Հանրապետությանՙ Եվրախորհրդին անդամակցելու եւ ստանձնած պարտավորությունների առումով, որոնց մեջ հիմնական տեղ է հատկացվում լրատվության միջոցների ազատ, անկաշկանդ գոյություն ու գործունեություն ապահովելու աշխատանքներին: Այս խնդիրների շուրջ զրուցեցինք ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի հետ:

- Պրն Քոչարյան, Սահմանադրական դատարանի հայտնի վճռից հետո «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի այն դրույթները, որոնք առնչվում էին ոլորտի վրա ԱԺ-ի վերահսկողական ֆունկցիաների ամրագրմանը, կասեցվեցին: Սակայն խորհրդարանը չի ցանկանում համակերպվել ստեղծված իրավիճակին եւ ելքեր է որոնում: Որպես համապատասխան հանձնաժողովի նախագահ, ի՞նչ հնարավոր տարբերակներ եք տեսնում:

- Կամ օրենքը գործելու է առանց այդ դրույթների, կամ եթե ԱԺ-ն գտնի, որ այդ օրենսդրական բացը պետք է վերականգնել, ապա նա կընդառաջի մեր հանձնաժողովի օրենսդրական նախաձեռնությանը, որի տակ ստորագրել են հանձնաժողովի ներկա բոլոր անդամները: Այդ դեպքում կասեցված դրույթներն այլ ձեւակերպմամբ, որոնք խոցելի չեն լինի ՍԴ-ի համար, կընդունվեն: Այդ դրույթների առաջ քաշումն արդեն ընթացակարգի մեջ է. սկզբում կմտցնենք ԱԺ մեծ օրակարգ, ապա եռօրյա:

- Դուք նկատի ունեք ձեր այն առաջարկը, թե հանրային խորհրդի եւ Ազգային հանձնաժողովի նպատակային ծրագրերն ու կանոնադրությունները ԱԺ-ն պետք է հաստատի, այսպես կոչված, միջնորդավորվա՞ծ, ի՞նչ սկզբունքներով:

- Եթե կառավարությունը, որպես նախաձեռնություն ԱԺ ներկայացնի կանոնադրությունը, հեռուստառադիոոլորտի անկախության մասին ոչ մի խոսք լինել չի կարող: Տրամաբանական տարբերակն այն է, որ հանձնաժողովը (ազգային- Գ. Ա.) նախագիծը ներկայացնում է կառավարությանը, որը միայն կից առաջարկներով արդեն ամբողջական փաթեթ հանդիսացող եզրակացությամբ կներկայացնի ԱԺ-ին:

- Օրենքի ձեւավորման պրոցեսում, ինչպես եւ կարելի էր ակնկալել, ակտիվություն են դրսեւորում ոլորտի ներկայացուցիչները, որոնք օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ են ներկայացրել ձեր հանձնաժողով, որո՞նք են դրանց էական հատկանիշները:

- Փաթեթը վերաբերում է հիմնականում ազգային հանձնաժողովին: Այսօր դրանք կքննարկվեն ԱԺ հանձնաժողովի նիստում, սակայն ասեմ, որ կան միանշանակ ընդունելի եւ վիճարկելի առաջարկություններ:

- Որո՞նք են վիճարկելի առաջարկները:

- Դրանցից է, ասենք, այն դրույթը, որով ամրագրվում է, թե ազգային հանձնաժողովի 9 անդամներին միանձնյա նշանակում է հանրապետության նախագահը: Այդ դրույթին առարկում են նաեւ Եվրախորհրդի ներկայացուցիչներըՙ գտնելով, որ ոլորտը կախման մեջ է ընկնում իշխանությունից: Սակայն այստեղ կա պատնեշ, որն անհնարին է հաղթահարել. Սահմանադրությունը: Կարելի է նաեւ շղարշ ստեղծել, առաջարկելով, որ հանձնաժողովի անդամները նշանակվեն հասարակական կազմակերպություններից: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ եթե նախագահը ցանկանում է կոնկրետ անձի նշանակել, միշտ էլ կգտնվի այն հասարակական կազմակերպությունը, որը նրան կառաջադրի:

Հեռուստաընկերություններն առաջարկում են նաեւ ամրագրել մեկ դրույթ եւս, որով, եթե լրանում է տվյալ հաճախականությունն ստանալու որեւէ հեռուստատեսության արտոնագիրը, այն ստանալու համար մրցակցելու հնարավորություն տրվի միայն նրանց, որոնք գործում են: Փաստարկները, կապված արդեն վաստակած լսարանի, տեխնիկական միջոցների եւ կատարված ներդրումներ հետ, հասկանալի են: Սակայն կա անընդունելի մի երեւույթ, այս դեպքում ողջ դաշտը սառեցվելու է. իսկ ինչո՞ւ ենք բացառում, որ կարող է ստեղծվել նոր հեռուստատեսություն, որը դեռեւս եթեր դուրս չի եկել, բայց որակապես ավելի լավն է լինելու: Այսինքն մրցակցային դաշտ պետք է պահպանել:

Այսօր կքննարկվի եւս մեկ հակասական հարց. օրենքի պահանջը, որով սահմանվում է հեռուստաընկերությունների պարտավորությունըՙ ապահովել 65 տոկոս հայրենական արտադրության հաղորդումներ: Կա որոշակի սանդղակ, որով նաեւ մեղմացվում է անցումն այս չափանիշներին. առաջին տարվա ընթացքում ապահովել 25 տոկոսով, երկրորդՙ 35, եւ այսպես մինչեւ 65 տոկոս: Հակասականն այն է, որ եթե սահմանափակումն ամրագրում ենք, ապա դա տարածվում է նաեւ վերահեռարձակող օտար հեռուստաընկերությունների վրաՙ OPT, HTB եւ այլն: Միակ ելքը օրենքով ամրագրելն է, որ սահմանափակումը չի տարածվում այս կարգի հեռուստաընկերությունների վրա:

- Այս օրենքին զուգահեռ գործում է նաեւ «Մամուլի մասին» օրենքը, որի նկատմամբ եւս Եվրախորհուրդը պահանջներ էր ներկայացրել:

- Մենք Եվրախորհրդի փորձագետների եզրակացությունն ունենք, բայց դրանք վերաբերում են նախորդ տարբերակներին (հեռուստատեսության եւ ռադիոյի մասին- Գ. Ա.): Նախատեսել էինք, որ հոկտեմբերին Եվրախորհրդի փորձագետների հետ համատեղ քննարկենք օրինագիծը, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք չեկան: Եթե մենք օրեքը չընդունեինք, 1 տարի կուշանար, քանի որ առջեւում բյուջետային տարին էր, իսկ առանձին տողով պետք է ֆինանսական հատկացում սահմանեինք: Հիմա մենք բաց ենք քննարկումների համար: Ինչ վերաբերում է «ԶԼՄ-ների եւ մամուլի մասին» օրենքին, ապա բավականին հնացել է եւ, Եվրախորհրդի պահանջներին համապատասխան, աշխատանքներ են տարվում նոր օրենք ընդունելու: Ներկայումս սեղանին երկու տարբերակ կա. մեկը մշակել է Երեւանի մամուլի ակումբը, մյուսը առաջարկում է կառավարությունը: Դրանք Եվրախորհրդի փորձագետներին թերեւս քիչ են հայտնի: Քննարկումները շարունակվում են:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4