ՏԱՎՈՒՇ, 15 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 2-ին Դեբեդ գետում ձկների զանգվածային ոչնչացումը տեղի է ունեցել քիմիական թունավորման հետեւանքով: Այս մասին հայտնեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը: Մարզի դատախազ Արթուր Մկրտչյանը տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 167 հոդվածով, այսինքնՙ ապօրինի ձկնորսության հատկանիշներով: Մեղավորները դեռեւս հայտնաբերված չեն: Հիշեցնենք, որ Դեբեդում ձկների զանգվածային քիմիական թունավորման դեպք էր արձանագրվել նաեւ անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին: Այն ժամանակ եւս մարզի դատախազությունը քրեական գործ հարուցեց ապօրինի ձկնորսության առչնությամբ, սակայն որսագողերն այդպես էլ չբացահայտվեցին: