«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2001-02-14 | #28, 2001-02-15 | #29, 2001-02-16


ԻՆՉՊԵՍ ԿԿԱՏԱՐՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԸ

Օրենքն ընդունված է, բայց չի գործում

Երեւի բոլորս էլ գիտենք, թե ինչպես են կատարում պետական այս կամ այն հիմնարկին անհրաժեշտ գույքի գնումներն այդ հիմնարկի ղեկավարները: Համաձայնության գալով վերադաս բոլոր օղակների հետ, էժան գներով ձեռք են բերում գույքը, որը փաստաթղթերում ներկայացվում է ավելի բարձր գներով: Գումարային տարբերությունը համերաշխորեն բաժանվում է վերադաս պաշտոնյաների եւ հիմնարկի ղեկավարների միջեւ: Եթե նկատի ունենանք, որ այս գործընթացն անշեղորեն իրականացվում է բյուջեից ֆինանսավորվող բոլոր հիմնարկներում, ապա ակնհայտ է դառնում, թե ինչպիսի միջոցներ են անհետանում պետբյուջեից եւ մուտք գործում մեծ ու փոքր տրամաչափի չինովնիկների գրպաններում: Իսկ տարեվերջին մեկը մյուսին հաջորդող կառավարություններն արձանագրում են բյուջեի հերթական ճեղքվածքը եւ խոսում հաջորդ տարվա բյուջեի սուղ հնարավորությունների մասին:

Այս ամենը կանխելու նպատակով անցյալ տարվա սեպտեմբերին Ազգային ժողովն ընդունեց «Գնումների մասին» օրենքը: Այսինքնՙ փորձ արվեց այս ոլորտում տարիներ շարունակ տիրող ապօրինություններին եւ զեղծարարություններին վերջ տալ: Որքանո՞վ դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը: Իսկ ինչպիսի՞ մեխանիզմներ է առաջարկում օրենքը: Ստեղծվում է պետական գնումների գործակալություն, որը տնօրինում է այս ոլորտը: Բյուջետային հիմնարկը գույքի ձեռքբերման անհրաժեշտության մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը: Բոլոր նման առաջարկներն ի մի բերելով, վերջինս լիազորում է գործակալությանը մրցույթ անցկացնել: Այդ մրցույթում ամենացածր գին առաջարկած կազմակերպությունն էլ ճանաչվում է հաղթող եւ պետական հիմնարկների մատակարար: Օրենքը սահմանում է, որ մրցույթը պետք է տեղի ունենա հրապարակայնության պայմաններում: Դրան կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ անձինք: Մրցութային հանձնաժողովում ընդգրկված պետք է լինի գույքի գնման առաջարկ ներկայացրած նախարարությունների մեկական ներկայացուցիչ: Մեկ ներկայացուցիչ էլ պետք է ունենա պետական գնումների գործակալությունը: Ընդհանուր առմամբ, դրական համարելով գնումների բնագավառում օրենսդրական կարգավորման փորձը, հարկ ենք համարում նշել, որ ցանկացած լավ օրենք կարելի է այնպես կիրառել, որ այլեւս դրա մասին խոսելու անհրաժեշտությունն իսկ չառաջանա: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ Հայաստանում նման գործելաոճի մեծ փորձ է կուտակված: Արդեն հիմա, երբ ստեղծվել է գործակալությունը եւ չնայած 2001 թ. բյուջեով նրան վերագրված պարտավորություններին, այս օրենքը դեռեւս չի գործում: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում դեռ նոր-նոր մշակվում են այն իրավական-նորմատիվային ակտերը, որոնք հնարավոր պետք է դարձնեն օրենքի գործունեությունը: Առայժմ անհայտ է մնում, թե ինչպես են իրականացվելու այս տարի նախատեսված պետական գնումներըՙ հին «բարի» սովորության համաձա՞յն, երբ գումարները բյուջեից հոսում էին ուղիղ առանձին մարդկանց գրպաններ, թե՞ ի վերջո օրենքը հնարավոր կլինի կյանքի կոչել: Խնդիրը դեռեւս բաց է մնում, իսկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում «մշակումները» շարունակվում են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4