«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2001-02-14 | #28, 2001-02-15 | #29, 2001-02-16


ՄԻՔԱՅԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ՀԱՆՁՆ Է ԱՌԵԼ «ԱՐՄԵՆԻԱ Ի ՄԻՐ» ԱՄՍԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Ներկայացնում է ամսագրի գլխավոր խմբագիր, Մոսկվայում «Ազգ»ի թղթակից Լուսիկ Ղուկասյանը

- «Արմենիա ի միր»- ը սպասված ամսագիր է նաեւ Հայաստանում, սակայն սպասումն այս անգամ շատ երկար տեւեց, ո՞րն է չհրատարակվելու պատճառը:

- Ամսագրի տպագրությունը հերթական անգամ ընդհատվել էր ֆինանսական դժվարությունների պատճառով եւ շատ երկար տեւեց: 2000 թ. ամսագրի ոչ մի համար լույս չտեսավ, ես արդեն հոգնել էի հովանավորի փնտրտուքից եւ պատրաստվում էի «Արմենիա ի միր»- ը փակված հայտարարել:

Ամսագիրը թանկ է եւ առանց հովանավորի հնարավոր չէ տպագրել: Մոսկվայում, իհարկե, հարուստ հայեր շատ կան եւ առիթի դեպքում հիացմունքով են խոսում «Արմենիա ի միր»- ի բարձրաճաշակ ձեւավորման ու բովանդակության մասին: Այդուհանդերձ, նրանք գերադասում են հազարավոր դոլարներ մսխել կազինոներում, քան թե տրամադրել ամսագրին: Ցավոք, չեն գիտակցում այդ հսկայական գաղութում հայկական մամուլ ունենալու անհրաժեշտությունը, ինչը չես ասի մոսկվաբնակ հրեաների մասին: Ներկայումս մեծ թիվ չեն կազմում, բայց բոլոր լուրջ եւ խոշոր լրատվամիջոցները վերջինների ձեռքում են:

Այս ֆոնի վրա իր միջավայրից միանգամայն առանձնանում է «Միկա Լիմիտեդ», «Միկա Արմենիա» ընկերությունների նախագահ Միքայել Բաղդասարովը, որը բիզնեսից բացի կարող էր մտածել նաեւ մամուլին ֆինանսավորելու մասին: Ինձ համար հաճելի անակնկալ էր սա եւ երկկողմ համաձայնությամբ որոշել ենք այս տարի 6 համար հրատարակել, որից մեկը բացառապես նվիրվելու է քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակին:

- Ամսագրի բացակայությունը նկատելի՞ էր ռուսահայ գաղութում, տեղի հայությունը զգո՞ւմ էր նրա անհրաժեշտությունը:

- Ամսագրով հետաքրքրված է ոչ միայն հայ համայնքը: «Արմենիա ի միր»- ը ընթերցում են Կրեմլը, ռուսական պաշտոնական շրջանակը, Դուման, դիվանագիտական կորպուսը եւ այլն: Ռուսահայ գաղութը շատ ջերմագին էր արձագանքում յուրաքանչյուր համարին: Ամսագրի տպագրությունն անհրաժեշտություն է հայ համայնքի համար, որովհետեւ տեղեկատվության պահանջը կա, բայց տեղեկատվություն չկա:

Ռուսական լրատվամիջոցները Հայաստանին անդրադառնում են միայն սենսացիաների ժամանակ: Ճիշտ է, մոսկվահայերից շատերը դիտում են հայկական հեռուստատեսության հաղորդումները, ոմանք օգտվում են նաեւ տեղեկատվության էլեկտրոնային միջոցներից, բայց դրանք չեն լրացնում տպագիր մամուլի բացը: Մոսկվայում հայկական ընկերություններից ոմանք պարբերաբար տեղեկատվական բյուլետեններ են տպագրում, ժամանակ առ ժամանակ հրատարակվում է «Նոյեւ կովչեգ» թերթը: Սակայն ռուսական մեծաթիվ թանկարժեք, որակյալ թերթերի ու հանդեսների մեջ նման անշուք պարբերականներն ուշադրություն չեն կարող գրավել: Անգամ ռուսահայերի շրջանակում, որտեղ զուտ հայկական ընտանիքներ շատ քիչ կան, մեծամասամբ նրանց կանայք հայեր չեն, որի պատճառով էլ ազգայինը զիջում է այդ ընտանիքներում: Բացի այդ, արդեն 14- 15 տարեկանների մի մեծ խավ կա, որը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում եւ գրեթե ընդհանուր ոչինչ չունի իր արմատների հետ, սակայն «Արմենիա ի միր»- ը, շնորհիվ իր որակի, նրանց հաղորդակից էր դարձնում հայրենիքին ու հայրենակիցներին:

- Ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս ռուսահայ համայնքը, փոխվե՞լ է նրա դիմագիծը:

- Ռուսահայ համայնքը որպես հավաքականությունՙ գոյություն չունի: Հիմա փորձում են համախմբել եւ այդ առումով նշանակալից է «Ռուսաստանի հայերի միության ստեղծումը Արա Աբրահամյանի նախագահությամբ: Կազմակերպության ի հայտ գալուց հետո գաղութում աշխուժություն նկատվեց, միության» կազմավորումը հետաքրքրեց նաեւ Կրեմլինՙ Արա Աբրահամյանին ընդունեց ՌԴ նախագահ Պուտինը: Հատկանշական է, որ ի տարբերություն անցյալի, երբ գաղութը համախմբվում էր մտավորականության շուրջը, հիմա համախմբումը բիզնեսմենների շուրջն է եւ ուզում եմ նշել, որ Մոսկվայում հայ բիզնեսը կայացել է:

Վերջերս հոգեւոր առաջնորդի փոփոխության հետ կապված գաղութը փոքր-ինչ ալեկոծվեց, որը պատիվ չբերեց ո՚չ եկեղեցուն, ո՚չ գաղութին: Սակայն, կրքերն արդեն հանդարտվել են, եւ գաղութում մարդիկ հույսեր են կապում նորանշանակ հոգեւոր առաջնորդիՙ հայր Եզրասի հետ: Իհարկե, գաղութն էլ միատարր չէ, եւ տեղաբնակների ու նորեկների միջեւ անջրպետը շատ ակնառու է, հատկապես նահանգներում, եւ դա օգտագործվում է տեղական իշխանությունների կողմից:

- Եթե բացառիկ համար եք նվիրում քրիստոնեության 1700-ամյակին, կնշանակի գաղութը հետաքրքրված է:

- Ռուսահայերը հետաքրքրված են 1700-ամյակով, եւ «Ռուսաստանի հայերի միությունը» մասնակից լինելու ծրագրեր է կազմում: Ուզում եմ նշել, որ ի տարբերություն շատերի, 1700-ամյակն ինձ համար տոնակատարություն չէ եւ չի կարող վերածվել դրան, քանի դեռ Հայաստանում ապրելու բնականոն պայմաններ չեն ստեղծվել: Սա առիթ էր ինքն իրեն վերագտնելու, իր տեսակը գնահատելու առումով: Ամենահին քրիստոնյա ազգը լինելով, շատ քչերին գիտեմ, որ կյանքում, կենցաղում քրիստոնյա է մնացել: Եվ սա համազգային խնդիր է, ոչ թե անհատների: Շատերը չգիտեն էլՙ որն է հայկական եւ ռուսական եկեղեցու տարբերությունը, ինչո՞ւ ենք առաքելական եւ ոչ թե կաթոլիկ, Հայ եկեղեցու պատմությունը չգիտեն: Այդ ամենի մասին հետաքրքրական հրապարակումներ կլինեն 1700-ամյակին նվիրված համարում:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4