«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2001-02-14 | #28, 2001-02-15 | #29, 2001-02-16


ԱՍԱՙ ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄԱՄՈՒԼԴ, ԱՍԵՄ ԻՆՉՊԻՍԻՆ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԴ

Ունե՞նք համեմատական աղերսներ եվրոպական մամուլի հետ

Թող ինքնիշխան պետություն լինի, թող իշխանության հստակ տարանջատված, իրար հակակշռող թեւերի առողջ գործունեություն ապահովվի, թող կայանա անկախ դատաիրավական համակարգՙ ռոմանտիկ բարբառումների թվում վերջին տասը տարիներին շահարկվում է նաեւ նորին գերազանցություն ազատ խոսքի իրավունքի եւ ԶԼՄ-ներիՙ չորրորդ իշխանության վերածվելու գաղափարը: Դեռեւս Բալզակն ասում էր, եթե թերթերը սապատավորությունը բնական արատի փոխարեն բնականոն երեւույթ ներկայացնեն, հասարակությունը դա կընդունի որպես աներկբա ճշմարտություն, ու բոլորը կափսոսան սապատավոր չլինելու համար: Իհարկե, Բալզակի ժամանակ չկար մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ կարելի կլիներ կասկածի տակ առնել այդ ճշմարտությունները: Բայց այսօր, երբ կա հնարավորությունը, սույն կառույցը ԶԼՄ-ներին ու լրագրողներին առնչվող վեց գործից հինգը որպես կանոն լուծում է հօգուտ վերջիններիս: Ի դեպ, լրագրողական գործերն այդ դատարան ուղղվող դիմումներում մեծ թիվ են կազմում: Այնպես որ, Եվրոպայում զանգվածային լրատվամիջոցներն այսօր էլ խիստ ծանրակշիռ ազդեցություն ունեն թե՚ քաղաքական ու տնտեսական էլիտայի, թե՚ հասարակության վրա: Մեզ մոտ խորհրդային միանշանակությունից հետո ստեղծվեց մի տունտունիկային բազմազանություն (հեռուստատեսությունից ու ռադիոյից զատ 24 լրատվական գործակալություն, 134 ամսագիր ու տեղեկագիր եւ վերջապես 528 գրանցված թերթ), երբ հասարակական տոտալ ազդեցության մասին խոսք անգամ լինել չի կարողՙ թերթերի փոքր տիրաժներից մինչեւ վերջիններիս հովանավորներին ու դիրքորոշումների պատվիրատուներին բոլորի քաջածանոթ լինելու հանգամանքը հաշվի առնելով: Ասել է թեՙ մեզ մոտ ազատ խոսքի երեւույթն ինչ-որ տեղ պայմանական է, ու մենք այն հավասարակշիռ վիճակի բերելու խնդրի առաջ ենք եւ հեռու ի դեմս լրատվամիջոցների չորրորդ իշխանություն ունենալու հեռանկարից:

Եվրախորհրդին մեր երկրի անդամակցության հարցի շրջանակներում 2000-ի նոյեմբերին Հայաստան կատարած ուղեւորությունից հետո կազմած իր զեկույցում ԵԽ ներկայացուցիչը մամուլի ազատության վերաբերյալ նշում է, թե ըստ իրեն հասած բողոքներիՙ այստեղ ֆինանսական ճնշումներ են կիրառվում ԶԼՄ-ների հանդեպ պետության կողմից: Ճնշումները, ԵԽ ներկայացուցչի տեղեկության համաձայն, իրականացվում են հարկային համակարգի, թերթի տպագրությունը, գրանցումը մերժելու միջոցներով: «Լինում են նաեւ լրագրողների հանդեպ բռնության դեպքեր», գրում է Հայաստանի հարցով զեկուցողըՙ ավելացնելով, որ այս լուրերը Երեւանի պաշտոնական մարմինները չեն հաստատել:

Խաղի սեփական կանոնների համադրում եվրոպական չափանիշներին

Թեպետ մենք սովոր ենք ինքներս մեզ շոյելՙ մենք ուրիշ ենք, վերջերս նաեւ մերն ուրիշ է կարգախոսներով, այժմ այլեւս, երբ դարձանք ԵԽ լիիրավ անդամ, ի թիվս պետական մակարդակով շատ այլ պարտավորությունների, ստիպված ենք հետեւել մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիային, որի 10-րդ հոդվածը վերաբերում է մամուլի ազատության եւ ինֆորմացիայի մատչելիության հարցերին: Որպես նախաքայլ ԵԽ-ն արդեն պահանջել է անդամակցությունից հետո մեկ տարվա ընթացքում ընդունել նոր օրենք ԶԼՄ-ների մասին: Նորությունների թվում կարող ենք այսուհետ դիմել վերը հիշատակված մարդու իրավունքների եվրոպական դատարան, որի որոշմամբ մամուլի ազատությունը հատուկ պաշտպանության կարիք ունի, որպեսզի ապահովվի մամուլիՙ հասարակության պահապանի կենսականորեն կարեւոր դերը: Այսպես, մամուլին վերապահելով կատարյալ ազատություն, եվրոպական դատարանը լրատվամիջոցների եւ երկրների կառավարությունների միջեւ դատավարություններում, պնդում է, թե կառավարությունները, քաղաքական գործիչները հանդուրժող պիտի լինեն իրենց նկատմամբ լրագրողների սեւեռուն ուշադրության եւ իրենց հասցեին հնչող քննադատությունների հանդեպՙ դրանք համարելով համարժեք վերջիններիս հանդեպ հասարակական հետաքրքրությանը: Այսքանով հանդերձ էլ, արեւմտյան երկրներում ազատ խոսքի ջատագովները ցավով են նշում այն փաստը, որ եվրոպական դատարանն, այնուամենայնիվ, իսպառ չի վերացնում պետության, կառավարությունների, խորհրդարանների հասցեին վիրավորանքների, քննադատության համար պատիժները:

Կդառնա՞ այդ ամենը մեզ համար իրական, կկիրառվե՞ն գործնականում եվրոպական փաստաթղթերում ամրագրված դրույթներն ու չափանիշները, որոնց ներքո Հայաստանն արդեն իսկ ստորագրել է, կունենա՞նք գեթ նոր օրենք ԶԼՄ- ների մասին, կդառնա՞ն ԶԼՄ- ները ինքնակարգավորվող համակարգ, որը թերեւս ամենաէականն է: Լիահույս ենք, որ ժամանակը դրականորեն կարձագանքի այս հարցադրումներին: Ամեն դեպքում, խոսքի ազատությունը, լրատվամիջոցների անկաշկանդ ու ծանրակշիռ գործունեությունը որեւէ քաղաքակիրթ պետության եւ առողջ հասարակության առաջնային ցուցանիշ են:

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4