Բայց ծանր է... թերթ հրատարակողի գլխարկը
Վերջին տարիներին տեղական լրատվամիջոցների գոյատեւման հիմնահարցն ավելի է բարդացել, քանզի երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումն ուղղակիորեն ազդում է նրանց կենսունակության վրա:
Վանաձորում այսօր լույս տեսնող միակ լրատվական թերթը «Լոռու մարզն» է, որը լույս է տեսնում մեկ մամուլ ծավալով, շաբաթը երկու անգամ: Չունենալով ֆինանսական որեւէ կայուն աղբյուր, թերթը հիմնականում գոյատեւում է իրացվող տպաքանակի, Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի մասնակի աջակցությամբ: Սակայն բարձր տպաքանակ չեն կարողանում ապահովել նույնիսկ հանրապետական թերթերը, որոնք լույս են տեսնում Երեւանումՙ օգտվելով գովազդային եւ այլ հնարավորություններից:
Տեղական թերթերի վիճակը բնականաբար ավելի վատ էՙ աշխատավարձի եւ այլ պարտքերի պատճառով, որոնք գնալով ավելանում են:
Վերջին ամիսներին լույս է տեսնում նաեւ «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթը, որը հիմնականում տպագրում է անվճար հայտարարություններ, հեռուստածրագրեր, սկանվորդներ եւ այլն: Թերթն արդեն կարողացել է ընթերցողների որոշակի շրջանակ գտնել: Վանաձորում պարբերաբար լույս են տեսնում նաեւ պետական մանկավարժական ինստիտուտի «Ապագա մանկավարժ» եւ բժշկական ուսումնարանի «Սպեղանի» ամսաթերթերը: Իսկ հնաբնակների «Բոլոր քար» եւ գրական «Երկունք» թերթերը հովանավորներ չունենալու պատճառով լույս են տեսնում տեւական ընդմիջումներով:
Վերջերս սկսեց լույս տեսնել նաեւ «Ռոք ակումբ» երիտասարդական թերթը, որի 2-րդ համարն արդեն տրված է վաճառքի:
Ժամանակին Վանաձորում տպագրվել են «Տեսադաշտ», «Բժշկություն ձեզ համար», «Արեգ» թերթերը, որոնք համեմատաբար երկար «դիմացան»: Իսկ ընդհանրապես եղել են նաեւ «թիթեռի կյանք» ունեցող թերթերՙ «Սանահին», «Վանաձոր+», «Ձեր բակը», «Դուք եւ Արմինեն», «Դղյակ», որոնցից ընդամենը մի քանի համար է լույս տեսել:
Ե՚վ մերթընդմերթ առկայծող ու մարող թերթերը, եւ՚ այժմ մի կերպ գոյատեւողները մեկ անգամ եւս վկայում են, որ առանց հզոր հովանավորների «ծանր է... թերթ հրատարակողի գլխարկը»: Մինչեւ բնակչության կենսամակարդակը չբարձրանա, մինչեւ ժողովուրդը վճարունակ չլինի մասսայաբար թերթեր գնելու, մեր երկրում լրագրային գործը, հետեւաբար եւ լիարժեք ժողովրդավարության կայացումը մնալու են կիսաձախողված:
Վանաձորում գործում է երեք հեռուստաստուդիա: «Մ-5»-ը եթեր է դուրս գալիս մետրական ալիքով, իսկ «Ինտերկապն» ու «Լոռի-Վանաձորը»ՙ դեցիմետրական տիրույթում: Հեռուստաստուդիաների հիմնախնդիրը եւս ֆինանսական ծանր կացությունն է, որն առաջին հերթին պայմանավորված է գովազդների սակավությամբ: Քաղաքում չկան գործող խոշոր ձեռնարկություններ եւ ֆիրմաներ, իսկ փոքր հայտարարություններով եւ հեղինակային (թեկուզ ինչ-որ կերպ հովանավորվող) հաղորդումներով անհնար է փակել անհրաժեշտ ծախսերը:
«Ինտերկապը», որը վանաձորյան հեռուստաստուդիաների առաջնեկն է, գործում է 1991 թվականից: Վերջին տարիներին «Եվրասիա» հիմնադրամի «Ինտերնյուս - Արմենիա» հասարակական կազմակերպության երեւանյան գրասենյակի եւ «Բաց հասարակության ինստիտուտի» օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած մրցույթի ժամանակ «Ինտերկապը» լավագույն լուսաբանման աշխատանքների համար արժանացել է արդիական մոնտաժման եւ նկարահանման սարքավորումների: Հեռուստաստուդիան «Ինտերնյուս - Արմենիայի» սահմանած մրցանակին է արժանացել ԱԺ ընտրություններն օպերատիվ լուսաբանելու համար:
Անցած տարի եւս «Ինտերկապը» «Եվրասիա» հիմնադրամի կողմից արժանացել է դրամաշնորհի:
Վանաձորում մասսայականություն են վայելում նաեւ «Ռադիո-Ինտերկապ» FM ռադիոխմբագրության հաղորդումները:
Միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների հետ համագործակցության քայլեր են անում նաեւ «Լոռի-Վանաձոր» եւ «Մ-5» հեռուստաստուդիաները:
Մարզկենտրոնի լրատվական դաշտում իր ուրույն տեղն ունի «Վանաձորյան կյանք» ռադիոխմբագրությունը, որի հաղորդումները գծային ռադիոյով հեռարձակվում են ամեն օր եւ ունեն մեծ լսարան:
Վերջին տարիներին ընթերցողների մի ստվար մասի մեջ «յուրօրինակ» ճաշակ է ձեւավորվել, որն իր բացասական ազդեցությունն է ունենում նաեւ մարզերում: Բնակչությունը տառապում է «սկանվորդյան» եւ «խաչբառային» հիվանդությամբ: Նրանք գերադասում են իրենց սուղ միջոցները ծախսել այդօրինակ թերթեր գնելովՙ բավարարելով ժամանակ սպանելու ցանկությունը: Եթե նկատի ունենանք, որ Հայաստանում գործազրկության հիմնախնդիրը դեռեւս երկար ժամանակ հիմնականում կմնա չլուծված, «սկանվորդային» հիվանդությունն ու «լոտոմանիան» կլինեն կենսունակ:
Ինչպես մայրաքաղաքում եւ ողջ Հայաստանում, Վանաձորում եւս ազգաբնակչությունը հիմնականում տեղեկատվություն է ստանում հեռուստատեսությունից, սակայն լոռեցիները մշտապես եղել են ընթերցասեր, եւ մարդկանց որոշակի խավեր շարունակում են հավատարիմ մնալ թերթ կարդալու «հին» սովորույթին: Առայժմ դա է լրագրային ժուռնալիստների միակ մխիթարանքը եւ հեռավոր այն հույսը, թե մի օր վերջապես մեր երկրում կբարձրանա բնակչության կենսամակարդակը եւ կլինեն համեմատաբար անկախ թերթեր, հետեւաբար եւ ավելի կայուն կլինի առողջ մրցակցային դաշտը: Ի վերջո դրանով է պայմանավորված իսկական ժողովրդավարությունը:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր