«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2001-02-14 | #28, 2001-02-15 | #29, 2001-02-16


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ

Իրավիճակը տարբեր է թերթերում, հեռուստաընկերություններում եւ գործակալություններում

Տնտեսական լրագրությունը որպես այդպիսին Հայաստանում սկսվեց դրսեւորվել 90-ականների առաջին տարիներին: Խորհրդային ժամանակաշրջանում տնտեսական լրագրություն, կարելի է ասել, գոյություն չուներ: Այն սահմանափակվում էր ցուցանիշներ հրապարակելով, այս կամ այն ձեռնարկության եւ կոլտնտեսության «նվաճած բնագծերի» մասին կոնվեյերային հոդվածներով: Հետխորհրդային շրջանի առաջին տարիներին տնտեսական թեմաներով հրապարակումները հազվադեպ էին: Մամուլի ազատության տասնամյակների ծարավը բավարարվում էր առավելապես քաղաքական հոդվածներով: Տնտեսական թեմաները սկսեցին հաճախակի դառնալ վերջին տարիներին: Պատճառը ոչ միայն Հայաստանի տնտեսական կյանքի որոշակի աշխուժացումն էր, այլեւ այդ մասին գրող լրագրողների ձեւավորումը: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ տնտեսական լրագրությունը Հայաստանում դեռեւս ամբողջովին չի կայացել: Հիմնական բացասական գործոնն այստեղ լրագրողների գիտելիքների պակասն է եւ այդ պակասը լրացնելու ցանկության բացակայությունըՙ չխոսելով արդեն տնտեսագիտական կրթություն չունենալու մասին: Ասվածն առավել չափով վերաբերում է հեռուստալրագրողներին: Այսօր որեւէ հեռուստաընկերություն չունի տնտեսական հաղորդում կամ հաղորդաշար, որը գոնե իր չափով բավարարի հեռուստաէկրանի պահանջարկն այս ասպարեզում: Երբեմն կատարվում են առանձին փորձեր, որոնք որպես կանոն կամ տապալվում են, կամ ի սկզբանե դատապարտված են, բայց շարունակում են գոյատեւել, կամ էլ զուտ գովազդային բնույթ են կրում: Մերկապարանոց չլինելու համար անդրադառնանք կոնկրետ օրինակների: «Ար» հեռուստաընկերությունը ժամանակին ուներ «Ավեստա» հաղորդում, որը դադարեց գոյություն ունենալուց, քանզի խիստ ձանձրալի էր եւ աշխուժացնելու հեռուստատեսության ընձեռած հնարավորությունները չէին օգտագործվում: Երկրորդների մեջ հիշատակման արժանի են հիմնականում ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումները: Մասնավորապես կառավարության «Ձեռագիր», գյուղնախարարության նախաձեռնությամբ տրվող ճյուղին վերաբերող հաղորդումները: Առաջին դեպքում, բացի շաբաթվա ընթացքում ցուցադրված պաշտոնական տեղեկատվությունից կամ որեւէ ձեռնարկության մասին պատմող գովազդային հոլովակից ոչինչ չի ասվում պահի ընդհանուր տնտեսական կամ որեւէ ճյուղի վիճակի, որեւէ խնդրի հավանական զարգացումների մասին, բացակայում է մասնագետների, տնտեսական գործունեություն ծավալած անձանց հակադիր կամ պարզապես տարբեր կարծիքների արտահայտումը եւ այլն: Գյուղնախարարության պատվերով հեռարձակվող հաղորդումը, որն անգամ արժանահիշատակ անվանում էլ չունի, սակավ պաշտոնական է, սակայն իր մեջ զուգակցում է նախկին խորհրդային գովերգումն ու ներկայիս գովազդային պաթոսը: Տնտեսական լրատվություն չի կարելի համարել նաեւ զուտ գովազդային բնույթի հաղորդումները կամ տարբեր հեռուստաալիքներով համարյա միաժամանակ պտտվող տեսահոլովակներն ինչ-որ ընկերության կողմից ինչ-որ մրցանակ ստանալու արարողության մասին:

Տնտեսական լրատվության պակասը փոքր-ինչ ավելի հաջողությամբ փորձում են լրացնել լրատվական գործակալությունները: Բնական է, խոսքը ոչ պետական գործակալությունների մասին է: Նրանցից ոմանք, օրինակ, «Սնարքը» եւ «Առկան» առավելապես տնտեսական ուղղվածություն ունեն: Նրանց, եթե չասենք գերազանցում, համենայն դեպս, չի զիջում «Նոյյան տապանը», որը թեեւ չունի զուտ տնտեսական ուղղվածություն: Ի տարբերություն հեռուստալրագրողների, լրատվական գործակալությունների լրագրողներն առավել լավատեղյակ են տնտեսական ոլորտում կատարվող անցուդարձերին եւ ավելի բանիմացՙ ոլորտին առնչվող հարցերում: Գործակալություններում հստակ տարաբաժանում գոյություն ունի, եւ տնտեսական թեմաներով գրող լրագրողները չեն լուսաբանում այլ ոլորտներում կատարվող իրադարձությունները: Նման տարաբաժանումը հեռուստաընկերություններում հստակ չէ, եւ նրանց իբր թե տնտեսական թեմաներով գրող լրագրողը կամ չի իմանում, ենթադրենք, թե ինչ է արտադրում «Նաիրիտը», կամ չի տարբերում բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը պետական կարճաժամկետ պարտատոմսերից: Լրատվական գործակալություններում, սակայն, բացակայում են երեւույթի խոր ուսումնասիրությունը, վերլուծությունը, մեկնաբանությունը, ինչն ավելի շուտ գործունեության բնույթի հետ է կապված: Այստեղ գերակշռում է օպերատիվ տեղեկատվության հայթայթումը, ինչն էլ հնարավորություն եւ ժամանակ չի ընձեռում լրագրողին խորացնելու իր տնտեսական գիտելիքները:

Տնտեսական թեմաներով գրող լրագրողների համար առավել լայն հնարավորություն է տալիս մամուլը: Օրաթերթի խնդիրը ոչ միայն օպերատիվ տեղեկատվություն հաղորդելն է, այլեւ ներկայացնելը: Մամուլի միջոցով են հիմնականում վերլուծվում, քննադատվում, պաշտպանվում, մեկնաբանվում տնտեսական այս կամ այն երեւույթը, միջոցառումը: Չնայած իր սահմանափակ հնարավորություններին, հայաստանյան մամուլը, ի տարբերություն հեռուստատեսության, կարելի է ասել, կարողանում է իրականացնել իր առաքելությունն այնքանով, որքանով դա հնարավոր է: Այդ հնարավորությունները թերեւս ավելի զարգանան ինտերնետ թերթերի ստեղծմամբ: Վերջերս իրենց սայթերն այստեղ ունեցան նաեւ Հայաստանի մի շարք օրաթերթեր: Հարկ է նշել, սակայն, որ ինտերնետային նաեւ օտար լեզուներով լույս տեսնող հայկական օրաթերթերը կարող են նաեւ վնասել Հայաստանի տնտեսությանը: Դարձյալ նույն տնտեսագիտական գիտելիքների պակասի եւ հատկապես ոչ օբյեկտիվ լուսաբանման պատճառով: Վերջինը շատ հաճախ պայմանավորված է լինում առաջինով: Եթե Հայաստանով հետաքրքրվող որեւէ ներդնող փորձի անկողմնակալ տեղեկություն ստանալ մեր տնտեսական կացության վերաբերյալ եւ ինտերնետի միջոցով կարդալ մեր իսկապես դժվար ներկան հաճախ անհարկի ավելի սեւացնող հրապարակումները, ապա դժվար չէ գուշակել, թե երբեւէ կունենա նույն հետաքրքրությունը: Այս առումով հայաստանյան մամուլը եւ մասնավորապես տնտեսական թեմաներով գրող լրագրողները, ընդհակառակը, կարող են իրենց նպաստը բերել Հայաստանն արտերկրում գրավիչ դարձնել գործընթացին: Դա, իհարկե, չպետք է կրի ինքագովազդի բնույթ, այլ տնտեսության խնդիրներին վերաբերող հրապարակումների որակի բարձրացման հետեւանքը պետք է լինի: Վերադառնալով օրաթերթի տնտեսական թեմաներով գրող լրագրողների տեղեկացվածության եւ բանիմացության հարցին, կարծում ենք, որ այդ առումով նրանք փոքր-ինչ առաջ են անցել մյուսներից: Այդ երեւույթը որպես օրինաչափություն ունի նաեւ իր բացառությունները: Այսինքնՙ ոչ բոլոր օրաթերթերի տնտեսական լրագրողներն են գտնվում այդ վիճակում, իսկ հեռուստա եւ ռադիոընկերություններում կան ոլորտին լավ իրազեկ սակավաթիվ լրագրողներ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4