ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐ: Երեկ «Բրիտիշ Էրուեյզի» ինքնաթիռը Երեւանից Ֆրանկֆուրտ տարավ Հայաստանի լարային «Սերենադ» 27 հոգանոց նվագախումբը, որը 18 համերգ կտա Գերմանիայի մի շարք քաղաքներում: Հաննովերի Սուրբ Նիկոյալ եկեղեցու հրավերով նվագախումբը համերգներով հանդես կգա գերմանական «ամենաերաժշտական» քաղաքներումՙ Բեռլինում, Հանովերում, Դրեզդենում, Համբուրգում: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ «Սերենադի» հիմնադիր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հայ երաժիշտները գերմանացի խստապահանջ երաժշտասերների առաջ կկատարեն Էդ. Միրզոյանի, Գոսերակի, Հարդմանի, Էդվարդ Գրիգի, Բելա Բարդոկի, Կոմիտասի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Սերենադի» տնօրեն Դավիթ Թերզյանի ասելով, Բելգիայում, Շվեդիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ այլ երկրներում համերգներ տված, 1995 թ.-ին Հռոմումՙ Վալենտինո Բոսկեի անվան միջազգային փառատոնում առաջին մրցանակի արժանացած նվագախումբը առաջին անգամն է համագործակցում «Բրիտիշ Էրուեյզի» հետ, առանց որի օժանդակության դժվար է պատկերացնել նվագախմբի գերմանական այս պատասխանատու համերգաշարի իրականացումը, որը տեւելու է փետրվարի 17-ից մարտի 18-ը, շուրջ մեկ ամիս:
Նվագախմբի տնօրենն ասաց նաեւ, որ այսպիսով «Բրիտիշ Էրուեյզ» ավիաընկերությունն ակտիվորեն շարունակում է նպաստել հայ արվեստագետների միջազգային ճանաչմանը, միաժամանակ մասնակցում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարություններին, քանի որ «Սերենադի» գերմանական ներկա շրջապտույտը տեղի է ունենալու նույն տոնակատարությունների շրջանակում: