<20013003.jpg>
Ավարտվեց Ռ. Քոչարյանի պետական այցը Ֆրանսիա
Հինգ օր շարունակ Հայաստանը համայն Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում էր: Հայաստանցիները նվաճեցին փարիզեցիների սիրտը. այսպես կարելի է գնահատել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի այդ երկիր կատարած պետական այցի ընթացքն ու արդյունքները: Կարծում ենք, որ անձամբ նախագահի համար այցը դարձավ կարեւոր դիվանագիտական հաջողություն: Մեր դիտարկումներով, այցը նշանակալից էր ոչ միայն ձեւով, արտահայտչամիջոցներով (իսկ ֆրանսիական արարողակարգը վստահաբար դասական էր եւ իրավամբ համաշխարհային համբավ է վայելում), այլեւ բովանդակությամբՙ վարած բանակցությունների մասշտաբով, մակարդակով ու տարողությամբ:
Միաժամանակ այցը կարեւոր ու պատմական է նաեւ մարդկային չափումներով. Ժակ Շիրակի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ հաստատվեցին մարդկային, բարեկամական հարաբերություններ, որոնք դուրս են գալիս մեծ տերության ու փոքր երկրի ղեկավարների շփումների ձեւաչափի սահմաններից: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ ֆրանսիացիները ՀՀ նախագահին ու պետական պատվիրակությանը ցույց տվեցին ամենաբարձր պատիվներ, ամենաջերմ ընդունելությունըՙ ընդգծելով երկու ժողովուրդների ու պետությունների միջեւ եղած համակրանքը, հարաբերությունների հարուստ ավանդույթները:
Այս օրերին Հայաստանի մասին Ֆրանսիայում խոսում էին միայն գերադրական երանգներով, ընդգծելով այն կարեւորությունը, որ Փարիզը տալիս է մեր հանրապետության հետ հարաբերություններին: Անշուշտ, այցը կարող է օգտակար լինել նաեւ Ֆրանսիայի ղեկավարներին, այդ երկրում մոտալուտ եւ հեռու ընտրությունների հեռանկարում, որոնց ընթացքում կարող են ակնկալել ֆրանսահայ համայնքի ամենաեռանդուն աջակցությունը:
Այս օրերին եռագույնը Փարիզում ամենուր էր. Ելիսեյան դաշտեր պողոտայից մինչեւ նախագահի նստավայրՙ Ելիսեյան պալատն ու վարչապետի նստավայր Մատինյին, նախարարությունների ու պետական թանգարանների շենքերը, հանգուցային հրապարակներն ու փողոցները: Ընդսմին տվյալ դեպքում մեր դրոշը ոչ միայն պետական ատրիբուտ է: ՀՀ դրոշի ներկայությունն ու նախագահի այցի ծրագրի կետերն առիթ են մեր հանրապետության մասին խոսելու, հետաքրքրվելու համար: Տեսնելով պետական այցին բնորոշ հարդարանքը, մարդիկ վերհիշում էին հայոց մեծերին, երեւելի ֆրանսահայերին, համայնքի ծանրակշիռ մեր ավանդը Ֆրանսիայի պատմության, մասնավորապես Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Դիմադրության շարժման մեջ տնտեսության, մշակույթի ոլորտում: Էլ չենք խոսում Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հայ հոգեւոր երաժշտության մասին, որի հաջողության նշանակությունը կհամարձակվենք համեմատել մեծ ճակատամարտում տարած հաղթանակի հետ:
Այցն անմիջապես հետեւեց Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած եւ երկրի նախագահի կողմից օրերս ստորագրված օրենքի հրապարակմանը, որով պաշտոնապես ճանաչվում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Հաճախ չէ, որ նույնիսկ ժողովրդավարական այդ երկրում օրինագծի քննարկումն առաջացնում է հասարակական սեւեռուն հետաքրքրություն, բուռն վեճեր, կարծիքների սուր բախում: Երբ Ռոբերտ Քոչարյանը ժամանեց Փարիզ, ֆրանսիական հասարակական կարծիքի համար Հայաստանը ինչ-որ հեռավոր ու անհայտ երկիր չէր, բոլորը, նույնիսկ միջազգային անցուդարձից հեռու մարդիկ, բավական քաջատեղյակ էին Հայաստանի պատմությանն ու առօրյային: Այսինքն հասարակական կարծիքն առավելապես պարարտ էր նման մեծ իրադարձություն ընկալելու, գնահատելու:
ՀՀ նախագահի ուղեւորությունը մեծ ոգեւորություն առաջացրեց ֆրանսահայ համայնքի ներսում, որն, իր հերթին, վերջին շաբաթներին բոլոր ֆրանսիացիների ուշադրության կենտրոնում է: Այնպես որ այս օրերին ֆրանսահայերն ունեին բոլոր հիմքերը հպարտանալու ինչպես ցեղասպանությունը դատապարտող օրենքի ընդունմամբ, այնպես էլ իրենց նախնիների երկրի ղեկավարի ջերմ ընդունելությամբ, Հայաստանի ու համայնքի հասցեին Ֆրանսիայի նախագահի, այլ պաշտոնյաների ջերմ արտահայտություններով:
Այցի ընթացքում քննարկվել է հարցերի ամբողջական մի շարք, որը ՀՀ նախագահը բաժանեց երեք խմբի. երկկողմ հարաբերություններ, ներառյալ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն, Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերություններ, վերջապես այն դերը, որ Ֆրանսիան կարող է խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Միանշանակ բոլոր հարցերի քննարկումն ընթացավ փոխադարձ վստահության մթնոլորտում, հայտնեց Ռոբերտ Քոչարյանը: Նախագահ Շիրակի հետ պայմանավորվել ենք խթանել տնտեսական կապերը, ընդլայնել եղած քաղաքական հարաբերությունները, մշտական դարձնել քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն, իր խոսքերով, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Եվրոպայի խորհրդին ՀՀ անդամակցելու հարցում: Այդ գործընթացը պետք է շարունակվի, մենք ցանկանում ենք Ֆրանսիան տեսնել իբրեւ հենարան եվրոպական կառույցներում ու համայնքում: Հայաստանը պետք է լինի ժողովրդավարական եւ ազատ երկիր, եւ մենք մեր ապագան տեսնում ենք հիմնվելով եվրոպական արժեքների վրա, հայտարարեց ՀՀ նախագահը:
Մենք ողջունեցինք Ֆրանսիայի, իբրեւ Մինսկի խմբի համանախագահող երկրի ակտիվ միջնորդությունը ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ, ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Երբ մենք նախագահ Ժակ Շիրակին դիմեցինք հարցով, թե ե՞րբ է նա մտադիր այցով ժամանել Հայաստան:
- Նախագահ Քոչարյանը ինձ հրավիրել է Հայաստան, եւ ես մեծ հաճույքով կգամ, ասաց Ժակ Շիրակը:
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Փարիզ-Լիոն-Երեւան