<20013002.jpg>
Եվրամիությունը 3 մլն եվրո կտրամադրի Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Փետրվարի 20-ին մեկօրյա այցով Երեւան կժամանի Եվրամիության (ԵՄ) քաղաքական եռյակը: Սա նման առաջին այցելությունն է տարածաշրջան: ԵՄ ներկա նախագահող երկրիՙ Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵՄ գլխավոր քարտուղար Աննա Լինդը, ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության գծով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան եւ ԵՄ արտաքին կապերի գծով հանձնակատար Քրիս Պատենը Երեւանից կմեկնեն նաեւ Թբիլիսի ու Բաքու:
Այցի նախօրեին Հայաստանում Եվրոպական միության երկրներիՙ Հունաստանի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի դեսպաններն ու ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցչության գործերի ժամանակավոր հանձնակատարը երեկ հանդիպման էին հրավիրել լրագրողներին: Ասուլիսը Հայաստանում Հունաստանի դեսպանատանն էր, քանզի Շվեդիան Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն չունի, եւ, ինչպես պարզաբանեց Հայաստանում Հունաստանի դեսպան Պանայոտիս Զոգրաֆոսը, Հունաստանն է ԵՄ նախագահության ներկայացուցիչը Հայաստանում:
Պրն Զոգրաֆոսը նշեց, թե այցը քաղաքական տեսանկյունից խիստ կարեւոր նշանակություն ունի եւ նպատակՙ ուժեղացնել ԵՄ քաղաքականությունը տարածաշրջանում:
Աննա Լինդը եւ Քրիս Պատենը եւս Հայաստան ուղարկած իրենց ուղերձում գրում են. «Մեր այցի նպատակն է ընդգծել տարածաշրջանի կարեւորությունը ԵՄ-ի արտաքին քաղաքականության համար այն ժամանակահատվածում, երբ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը պետության անկախության տասնամյակի շեմին են: Եռյակի այցը հնարավորություն կընձեռի ամրապնդել ԵՄ-ի դիրքերն այս տարածաշրջանում, որը մենք չենք կարող անտեսել»:
Դեսպան Զոգրաֆոսը հավաստեց, թե իրենք մեծ հետաքրքրություն են զգում նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից համագործակցությունը ԵՄ-ի հետ խորացնելու առումով: «Բոլորն են այստեղ գիտակցում Եվրոպայի նշանակությունը, նկատի ունեմ եվրոպական չափանիշների կիրառումը, Եվրամիության, որն, ի դեպ, Հայաստանի ամենամեծ դոնորներից է, օգնությունը, ԵՄ ցանկությունըՙ այստեղ ստեղծելու հաստատություններ, որոնք կնպաստեն հակամարտությունների լուծմանն ու բարենպաստ հիմք կստեղծեն քաղաքական ու տնտեսական ներդրումների համար», ասաց պրն Զոգրաֆոսը: Նա նշեց, որ տարածաշրջանային այցի ընթացքում հատուկ կշեշտվի հակամարտությունների կարգավորման խնդիրը: Շվեդիայի արտգործնախարարն իր ուղերձում նշում է, թե իրենք քաջ գիտակցում են, որ լուծումներ չեն գտնվի հակամարտող երկրներից դուրս եւ որ ո՚չ ԵՄ-ն, ո՚չ ԱՄՆ-ը, ոչ էլ նույնիսկ Ռուսաստանը չեն կարող որեւէ տարբերակ պարտադրել: «Դա պարզապես կթուլացնի կառավարությունների փխրուն հեղինակությունն առանց հակամարտության արմատներին հասնելու, համոզմունք է հայտնում Աննա Լինդը: Բայց մենք կարող ենք օժանդակել հակամարտության լուծմանըՙ առաջարկելով մեր օգնությունը փակ սահմանները բացելու, տրանսպորտային, էներգետիկ եւ հեռահաղորդակցման կապերը վերականգնելու համար: Կարող ենք օժանդակել կապիտալի, գիտելիքների ներհոսքին»:
Լրագրողների հարցին, թե մեր տարածաշրջանում ԵՄ-ի աճող հետաքրքրությունն ու ակտիվացումը չի՞ նշանակում արդյոք, թե վերջինս մրցակցում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ առկա ստրատեգիական նշանակության էներգետիկ ռեսուրսները վերահսկելու համար, պրն Զոգրաֆոսը պատասխանեց, թե եվրոպական քաղաքականության մեջ, եւ ոչ միայն եվրոպական, էներգետիկ սեկտորը կարեւոր հանգամանք է:
Նա վկայակոչեց Ինոգեյթ ծրագիրը, ԵՄ անդամ Հունաստանի հետաքրքրությունը Հայաստան-Իրան գազամուղի ծրագրի հանդեպ: Ընդհանուր առմամբ ԵՄ-ն կմասնակցի այդ գազամուղի ծրագրին 3 մլն եվրոյի չափով: Այդ գումարը, Պանայոտիս Զոգրաֆոսի հավաստմամբ, կօգտագործվի աշխատանքների նախապատրաստական փուլում հիմնականում իրավական խնդիրներ լուծելու համար: «Այսքանով հանդերձ սա չէ որոշակիորեն մերՙ Հարավային Կովկասով հետաքրքրվելու պատճառը»: Պրն դեսպանը շեշտեց, թե այս տարածաշրջանը քաղաքականապես շատ կարեւոր է ու պարզ ճշմարտություն է, որ երբ որեւէ տարածաշրջանային ճգնաժամ է առկա, ասենք Միջին Արեւելքում, Հարավային Կովկասում, առկա է վտանգ, որ կտարածվի դեպի Հյուսիսային, Հարավային, Կենտրոնական Եվրոպա: «Մեզ անհրաժեշտ է անվտանգություն: Դրա կարիքն ունեք ե՚ւ դուք, ե՚ւ մենք, ողջ աշխարհը»: Անվտանգության նպատակը քանիցս ընդգծելովՙ Պ. Զոգրաֆոսը նշեց, թե նկատի ունի ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական, տնտեսական անվտանգություն, կայունություն, հատկապես սոցիալական կայունություն:
Լրագրողներին անհանգստացնում էր նաեւ այն հարցը, թե Եվրամիությունը երբեւէ, հեռանկարում Հարավային Կովկասի երկրներին, այդ թվում նաեւ Հայաստանին տեսնո՞ւմ է իր կազմում: Պրն Զոգրաֆոսը զուսպ նկատեց, թե Եվրամիությունը փակ ամրոց չէ, պարզապես կան տնտեսական, քաղաքական պահանջներ, որոնց պետք է համապատասխանել: Իսկ առայժմ ԵՄ քաղաքական եռյակը կհանդիպի ՀՀ նախագահին, ԱԺ խոսնակին ու խմբակցությունների ներկայացուցիչներին, արտգործնախարարին: Վրաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաքներում եւս ԵՄ ներկայացուցիչները կանցկացնեն մեկական օրեր: Ի դեպ, Բաքվում այցը կսկսվի TRACECA-ի Transport Corridor Europe Caucasus Asia ռեգիոնալ գրասենյակի հանդիսավոր բացման արարողությամբ: