«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2001-02-15 | #29, 2001-02-16 | #30, 2001-02-17


ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՀԱՅ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՎԱՐԵԼ

Հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը

ԹԲԻԼԻՍԻ, 16 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Ավթանդիլ Նապետվարիձեն ուրբաթ օրը կայացած ճեպասուլիսում նպատակասլաց եւ անհեթեթ ապակողմնորոշիչ տեղեկատվություն է անվանել Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցներում երեւացած այն թեման, թե Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն վերջերս Թուրքիա ձեռնարկած այցի ընթացքում թուրքական զինվորական ընտրախավի եւ իշխանության գլուխ գտնվող ծայրահեղ ազգայնական ուժերի ներկայացուցիչների, մասնավորապես Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Սեիֆ Թաշանի հետ բանակցություններ է վարել տարածաշրջանում Ռուսաստանի դեմ դավեր նյութելու եւ Հայաստանի վրա վրաց_թուրքական ճնշում գործադրելու նպատակով: Ավթանդիլ Նապետվարիձեի խոսքերով, նմանօրինակ «զառանցանքները» ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Էդուարդ Շեւարդնաձեն Անկարայում իրոք բանակցություններ էր վարում տարածաշրջանային խնդիրների շուրջ: Սակայն բոլոր հանդիպումների ժամանակ էլ խոսքը վերաբերել է պետությունների համագործակցությանը եւ հակամարտությունները կարգավորելու համատեղ ջանքերին, ասել է Նապետվարիձեն:

Նա ընդգծել է, որ Էդուարդ Շեւարդնաձեն ընդհանրապես չի հանդիպել Սեիֆ Թաշանի հետ: Ինչպես հայտարարել է Նապետվարիձեն, Վրաստանը լավագույն հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ եւ երբեք որեւէ քայքայիչ քայլ չի ձեռնարկի նրա, ինչպես նաեւ մյուս պետությունների դեմ:

Մեկնաբանելով թուրք լրագրողի այն հարցը, թե վրացական խորհրդարանում, ելնելով Հայաստանի հետ ունեցած առանձնահատուկ հարաբերություններից, կարո՞ղ է արդյոք արծարծվել Վրաստանի կողմից Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարցը, Ավթանդիլ Նապետվարիձեն հայտարարել է, թե հարեւան երկրների միջեւ պետք է գերիշխեն դրական տարրերը, այլ ոչ թե վիճահարույց խնդիրներին սեւեռվելը, առավել եւս, որ «այդ իրադարձություններից մեզ բավականին մեծ ժամանակահատված է բաժանում»:

Ինչպես ասել է Ավթանդիլ Նապետվարիձեն, պատմական ժամանակագրություններում անվերջ որոնումները եւ տեղի ունեցած իրադարձություններին այսօր այդքան մեծ նշանակություն տալը կարող են հանգեցնել սոսկ թշնամանքի պետությունների եւ ժողովուրդների միջեւ: Ուստի Թուրքիան եւ Հայաստանը հավանաբար պետք է իրենց հարաբերությունները կառուցենՙ կողմնորոշվելով դեպի ապագան, այլ ոչ թե անդրադառնան անցյալին, նշել է դիվանագետը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4