ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 17-ին, մեկօրյա աշխատանքային այցով, Հայաստան կժամանի Վրաստանի պետնախարար Գեորգի Արսենիշվիլու գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Վրաստանի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Մերաբ Ադեիշվիլին, ֆինանսների նախարար Զուրաբ Նոգաիդելին, հարկային ծառայության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չիքվիլաձեն, մաքսային ծառայության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գաչեչիլաձեն, Սամցխե-Ջավախեթիի մարզպետ Գիգլա Բարամիձեն, Վրաստանի փոխարտգործնախարար Մերաբ Անթաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Գիվի Շուգարովը, Վան Բայբուրթյանը, Նինոծմինդայի շրջանի տեղական ինքնակառավարման ղեկավար Ռաֆիկ Արզումանյանը, Ախալքալաքի շրջանի տեղական ինքնակառավարման ղեկավար Արտուշ Համբարձումյանը:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
Ըստ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո նախատեսվում է նաեւ պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպում:
Քննարկվելիք թեմաները կվերաբերեն վերջին մի քանի տարիներին կուտակված եւ համատեղ լուծում պահանջող մի շարք հարցերի, որոնք առնչվում են տրանսպորտի, ֆինանսների, գազամատակարարման եւ էլեկտրաէներգետիկայի, սահմանամերձ առեւտրի եւ այլ ոլորտների: