«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2001-02-15 | #29, 2001-02-16 | #30, 2001-02-17


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ

Երեկ Արմենպրեսի եւ կառավարության «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնի» հրավիրած կլոր սեղանի թեման բավականին ընդգրկուն էրՙ «Բնակչության վերաբերմունքը Հայաստանում ընթացող տնտեսական բարեփոխումների նկատմամբ»: Մասնակիցները եւս բազմաթիվ էին: Առաջինը ելույթ ունեցավ Հայկական սոցիոլոգիական ընկերության նախագահ Գեւորգ Պողոսյանը եւ ներկայացրեց քննարկվող հարցի վերաբերյալ բնակչության շրջանում անցկացված հարցման տվյալները: Ըստ դրանց, Հայաստանի բնակչությունն անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումներ է համարել բանակի կայացումն ու հաղթանակը արցախյան ռազմաճակատում: Ամենաէական բացթողումներից առաջինը նշվեցին բնակչության համատարած աղքատացումն ու մեծ չափերի հասնող արտագաղթը: Տնտեսական ոլորտում որպես առաջնային խնդիր Հայաստանի բնակչությունը համարում է արդյունաբերության վերականգնումը, ինչպես նաեւ նոր արտադրությունների գործարկումը: Սոցհարցումների հաջորդ մասն առնչվում էր լրատվության միջոցներին եւ նրանց նկատմամբ հասարակական կարծիքին: Հարցվողների 80 տոկոսը տնտեսական լրատվության հիմնական աղբյուր է համարում հեռուստատեսությունը, որտեղ առաջին տեղերում են Ազգային հեռուստատեսությունը եւ «Պրոմեթեւսը»: Պատճառը Գեւորգ Պողոսյանը համարեց անհավասար մրցակցային դաշտը, քանզի միայն այս երկու հեռուստաընկերություններն են հեռարձակվում ամբողջ հանրապետության տարածքում: Բնակչության 12 տոկոսը տնտեսական լրատվությունը ստանում է ռադիոյից եւ միայն 5_6 տոկոսըՙ մամուլից:

Սոցիոլոգիական ընկերության նախագահը դա բացատրեց հեռուստատեսության եւ ռադիոյի մատչելիությամբ եւ մամուլի անմատչելիությամբ: Վերջինիս համար, ի տարբերություն առաջինների, հարկ է վճարել, ինչը ոչ բոլորին է հասու: 5_6 տոկոս մամուլ ընթերցողներից, ըստ սոցիոլոգիական հարցման տվյալների, տնտեսական լրատվությունն ամենից շատ ստանում են «Ազգից» (2,4 տոկոս), ապա «Իրավունքից» եւ «Առավոտից» (1,3-ական տոկոս):

Արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Տիգրան Դավթյանը կանգ առավ արդյունաբերության ոլորտում անցյալ տարվա ընթացքում կատարված տեղաշարժերի վրա: Նա նշեց, որ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 6 տոկոս աճի պայմաններում արդյունաբերության արտադրանքն աճել է 8 տոկոսով: Տիգրան Դավթյանը նաեւ տեղեկություններ հաղորդեց անցյալ տարի Հայաստանում կատարված ներդրումների ծավալների մասին: Դրանք կազմել են 170_180 մլն դոլար: Փոխվել է նաեւ ներդրումների որակական կառուցվածքը: Եթե նախկինում դրանք ուղղվում էին առեւտրի եւ սպասարկումների, ապա այժմՙ արդյունաբերության ոլորտ:

ՀՀ պետեկամուտների գործակալության պետ Զարեհ Սարգսյանի ելույթի թեման վերաբերում էր իր ղեկավարած կառույցի գործունեությանը եւ «Պետական գնումների մասին» օրենքի հիմնադրույթներին: Քանի որ «Ազգն» իր երեկվա համարում անդրադարձել էր այս ոլորտի խնդիրներին, նշենք միայն մեր հարցմանն ի պատասխան գործակալության պետի պարզաբանումը: Ըստ դրա, Հայաստանի 2000 թ.-ի պետբյուջեում պետական գնումների համար տրված է եղել 90 մլրդ դրամ, որից 50 մլրդ դրամը գույքի եւ այլ պարագաների ձեռքբերմանն է ուղղված: Զարեհ Սարգսյանի կանխատեսմամբ, վերջիններիս համար մրցութային գնումների իրականացման դեպքում կխնայվի շուրջ 5 մլրդ դրամ: Այդուհանդերձ, այսօր շուրջ 3500 բյուջետային հիմնարկների, որոնցից «յուրաքանչյուրն ունի մոտ 20 կարիք», ղեկավարները չեն շտապում դիմել մրցութային հանձնաժողով: Նրանք դեռեւս հույսեր են փայփայում նախկին ձեւով գնումներ իրականացնելու:

«Կլոր սեղանի» հյուրերից ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետի տեղակալ Դավիթ Հակոբյանը վերստին կրկնեց այն պաշտոնական տեսակետը, որ Հայաստանի բնակիչներից 800 հազարը գտնվում են երկրից դուրս: Դրանց գերակշիռ մասը հայտնվել է ԱՊՀ-ում: Այստեղ կարեւորվեց «Արտագնա աշխատանքի մասին» օրենքի ընդունումը, որի հաստատումը կառավարությունում մոտ ապագայի խնդիր է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4