«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2001-02-15 | #29, 2001-02-16 | #30, 2001-02-17


ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՄԻ ՄԵԾ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

<20013001.jpg>

Տուրիզմով զբաղվող մասնավոր ֆիրմաները դժգոհում են եւ առանձնապես ոգեւորված չեն 1700-ամյակով

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը առաջին հերթին հոգեւոր տոն է, եւ այդ տոնակատարությամբ բյուջեն լցնելու, ակնկալվող «տնտեսական էֆեկտի» մասին խոսելն ուղղակի անընդունելի է: Տոնակատարության միջոցառումները համակարգող հանձնաժողովն այսօր վերածվել է մի մեծ բիզնես-կառույցի, տուրիստական ասոցիացիայիՙ տուրգործակալությունների ու այլ ընկերությունների մի մեծ ցանցով, մինչդեռ պետք է զբաղվեր միայն ու միայն ընդհանուր կազմակերպչական հարցերով ու քաղաքականության մշակմամբ: Այս կարծիքն օրեցօր գերակշռող է դառնում տուրիզմով զբաղվող ընկերությունների ու կազմակերպությունների շրջանում: Վերջիններս առանձնապես ոգեւորված չեն այս տարի սպասվող տուրիստների մեծ հոսքով, քանի որ, ըստ նրանց, հանձնաժողովն իրենց մեկուսացրել է գործունեության դաշտիցՙ տուրօպերատորի ֆունկցիաները վերցնելով իր վրա: Մոտ մեկ տասնյակ տուրգործակալությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցում «Ազգը» պարզեց նաեւ, որ գրեթե բոլոր հարցվածները սպասվող մոտ 100 հազար հյուրերի մասին հայտարարությունները համարում են «աբսուրդ թիվ»: Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ տուրգործակալությունները դուրս են մնացել միջոցառումների ծրագրերիցՙ մնալով սեփական նախաձեռնությունների հույսին: Չկա պետության ու մասնավոր սեկտորի միջեւ համակարգված աշխատանք: Չեն օգտագործվում առկա ընկերությունների փորձն ու հնարավորությունները, տարանջատված չեն ֆունկցիաները: Դժգոհություններ հնչեցին նաեւ, որ ամբողջ ֆինանսական հնարավորությունները ուղղվել են հանձնաժողովին, մինչդեռ դրա մի մասը ինչ-որ կերպ պետք է օգտագործվեր այնպես, որ ամբողջ համակարգն առողջանար, դաշտում առկա ընկերությունները ավելի հեշտ աշխատեին:

Վերոհիշյալ կարծիքի հիմնավորումները ստանալու համար այցելեցինք ներգնա տուրիզմի ոլորտում ակտիվ գործող երեք ընկերություններ:

Մասնավորապես, «Տուրիզմ-մենեջմենթ» ընկերությունում առաջարկեցին իշխանություններին ու նույն հանձնաժողովին, նախքան վաղաժամ ոգեւորիչ հայտարարություններ անելը, գնահատել իրական հնարավորություններն ու պարզապես կատարել պարզ թվաբանական հաշվարկներ: «1700-ամյա՚կը չպիտի լինի այն միակ առիթը, որ մարդիկ ոգեւորված Հայաստան գան», ասաց ընկերության նախագահ Սիսակ Աբրահամյանը: Ըստ նրա, մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային մակարդակի միջոցառումներ կազմակերպելու ճանապարհին: Առաջարկ եղավ կատարել պարզ թվաբանական հաշվարկ. եթե նույնիսկ «Հայկական ավիաուղիների» շաբաթական 14 չվերթները աշխատեն 100 տոկոսանոց զբաղվածությամբ, ապա այդ դեպքում անգամ ակնկալվող թիվը կարող է հասնել 60, ամենաշատըՙ 70 հազարի: Ինչ վերաբերում է չարտերային չվերթներով լրացուցիչ հոսքի մասին խոսակցություններին, ապա դա այնքան էլ հեշտ չէ իրականացնելը, քանի որ կան ԻԿԱՕ-ի կողմից հաստատված օդուղիներ, եւ յուրաքանչյուր նոր չվերթ բացելը մեծ գումարների հետ է կապված ու տնտեսապեսՙ աննպատակահարմար: «Տուրիզմ-մենեջմենթի» ղեկավարը հաստատեց, որ տուրիզմով զբաղվող մասնավոր ընկերությունները, որքանով որ ինքը հասցրել է վերլուծել, ոգեւորված չեն այս տարվանով ու ամենեւին էլ այս տարին տուրիզմի համար բեկումնային չեն համարում: Նրանք կատարում են իրենց գործը եւ, կառավարության կամ հանձնաժողովի հետ հույս կապելն անիմաստ համարելով, հույսը դրել են սեփական նախաձեռնությունների վրա: Մինչդեռ պետությունից կարելի էր ակնկալել գոնե երկու քայլ: Նախՙ պետք է հավաքեին տուրիզմով զբաղվողներին ու դաշտում առկա պրոֆեսիոնալներին ու ասեինՙ մենք ապահովում ենք անհրաժեշտ դաշտը, հնարավորությունները, իսկ դուք ձեր կապերով իրականացնում եք ծրագիրը: Առաջին քայլը պետք է լիներ հարկային արտոնությունների (գոնե այս տարվա համար) երաշխիքն ու ուղեւորատոմսի զեղչերի նորմալ մակարդակով ապահովումը, որոնք հյուրերի թվի կրճատման ամենաէական պատճառներն են: Պրն Աբրահամյանը մատնանշեց նաեւ հանձնաժողովի ոչ կոմպետենտ լինելու խնդիրը (ինչը հաստատեցին նաեւ մյուս գործակալություններումՙ «Պրանա տուրում» եւ «Քարավան տուրում») եւ որպես պարզ փաստարկ առաջարկեց ընթերցել միջոցառումների ծրագրի անգլերեն տարբերակը, որտեղ տեղ են գտել բազմաթիվ անճշտություններ:

Ինչ վերաբերում է միջոցառումների ծրագրին, ապա «Քարավան տուրում» հարկ համարեցին նշել, որ ծրագիրը խիստ ծանրաբեռնված է, հստակեցված չեն միջոցառումների կոնկրետ օրերը, ինչը չի կարող օգնել տուրգործակալություններինՙ պլանավորելու իրենց աշխատանքը տարվա կտրվածքով. իսկ աշխարհում ընդունված է տուրիզմի բնագավառում որեւէ միջոցառում ծրագրել ամենաքիչը վեց ամիս առաջ ու աշխատել հստակեցված ժամկետներով: Նշվեց նաեւ, որ պետական հանձնաժողովը չպետք է լինի միջնորդ մարմին: «Քարավան տուրի» նախագահ Ռոմեն Կոզմոյանը առկա խոչընդոտների մասին մեր հարցին ի պատասխան ասաց, որ իրենց գործունեության խոչընդոտներից է նաեւ հյուրանոցների կողմից այս տարի գների բարձրացումը. հյուրանոցների ներկայիս գները համահունչ չեն մատուցվող ծառայություններին:

Ի տարբերություն «Քարավան տուրի», «Պրանա»-ում այդ հարցին վերաբերվում էին ավելի լիբերալՙ գները որոշում է շուկան, եւ հյուրանոցները եւս իրենց բիզնեսն են ու դրան նորմալ պետք է վերաբերվել: Դա նրանց կամքն է, այլ բան է, եթե խմբերի համար գործի զեղչերի համակարգը, ինչը Հայաստանում 10-12 տոկոս է, իսկ քաղաքակիրթ երկրներումՙ մինչեւ 30: Այստեղ եւս գրեթե ամբողջությամբ հաստատեցին, որ հանձնաժողովը երկու անգամ հավաքել է դաշտում ակտիվ աշխատող ընկերությունների ներկայացուցիչներին, բայց ոչ մի գործնական խոսակցություն չի ծավալվել, պարզապես լսվել են մասնագետների առաջարկներն ու գաղափարները, թերեւս, սեփական բիզնեսում օգտագործելու համար: Ըստ ընկերության տնօրեն Գոհար Ալեքսանյանի, պետությունը (իմաՙ հանձնաժողովը) պետք է լինի սոսկ աջակցողի ու հեղինակային հովանավորի դերում: Հանձնաժողովը պետք է զբաղվի երկրի իմիջի ձեւավորմամբ, լինի միջոցառումները համակարգողի, կազմակերպողի, քաղաքականությունը մշակողի դերում, պետք է սահմանի խաղի կանոնները, տա ազատ գործունեության երաշխիքներ (հարկային, օրենսդրական, կանոնակարգային եւ այլն), մինչդեռ այսօր վերածվել է մի մեծ տուրիստական ասոցիացիայիՙ ծառայությունների իր ցանցով: Տիկին Ալեքսանյանի այս, թերեւս, խիստ կարծիքից հետո, մնում էր, հավաքելով որոշ տեղեկություններ, համոզվել, որ իսկապես պետական հանձնաժողովն ինչ-որ իմաստով բիզնես նպատակներ հետապնդող մարմին է հիշեցնում: Վստահելի աղբյուրներից տեղեկացանք, որ հանձնաժողովի կողմից նախապատրաստվում են քարտեզներՙ աննախադեպ գովազդային ու վաճառքի գներով, բացիկներ ու էլի ինչ-որ «աքսեսուարներ»ՙ վաճառքի համար: Կան նաեւ դժգոհություններ, որ հանձնաժողովը աշխատում է իր անդամների սեփական շրջապատի մասնավոր գործակալությունների ու ծառայությունների հետ: Նախաձեռնվել են նաեւ գիդերի ու այլ մասնագետների վճարովի դասընթացներ, մինչդեռ առկա մասնագետների վերապատրաստման հարցում չկա եւ ոչ մի նախաձեռնություն:

Տեղեկացանք նաեւ, որ արդյունաբերության նախարարության տուրիզմի գծով փոխնախարար Արա Պետրոսյանն էլ իր հերթին հաջողությամբ շարունակում է սեփական տուրգործակալությանՙ «Արմինտուր»_ի բիզնեսը, թեեւ պրն Պետրոսյանի անունը ընկերության փաստաթղթերում ֆիքսված չէ: Ի դեպ, տարբեր շրջանակների հետ զրույցներից պարզեցինք նաեւ, որ հակասությունը վերոհիշյալ հանձնաժողովի ու եկեղեցու միջեւ շարունակվում է: Եկեղեցին շարունակում է տոնակատարությունը դիտել զուտ հոգեւոր լույսի ներքո եւ փորձում տարբերակել տուրիզմը ուխտագնացությունից (թեեւ միջազգային պրակտիկայում ուխտագնացությունը եւս տուրիզմի մի տարատեսակ է- Գ. Մ.): Ընդհանրապես, այս տարվա տոնակատարության կազմակերպչական հարցերի շուրջ կարծիքներն ու մեկնաբանությունները տարբեր են, եւ «Ազգը» խոստանում է շարունակել թեմանՙ անդրադառնալով արդեն իսկ իրականացվող աշխատանքներին ու նախաձեռնություններին թե՚ մասնավոր հատվածի եւ թե՚ պետության կողմից, ինչպես նաեւՙ հանձնաժողովի աշխատանքների ընթացքին ու ծրագրերին:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4