«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2001-02-15 | #29, 2001-02-16 | #30, 2001-02-17


ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԹԵՎԱԿՈԽԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՒԼ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետարանի կողմից փողոցային առեւտրի կանոնակարգման նպատակով հունվարի 25_ից ձեռնարկված միջոցառումների արդյունքում շուկաների վաճառատեղերի զբաղվածությունն ավելացել է աննշան չափով: Քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ Սամվել Եգանյանի հավաստմամբ, դա պայմանավորված է նրանով, որ փողոցային առեւտրականներն սպասողական վիճակում ենՙ փայփայելով նախկին տեղերը վերադառնալու հույսը:

Ս. Եգանյանը վստահեցրեց, որ հետեւողական հսկողությունը բավարար է խնդրի լուծման համար. կանոնակարգումն ընթանում է ըստ ժամանակացույցի եւ մինչ այժմ մաքրվել է նախկինում գործող բացօթյա առեւտրի կետերի 50_60 տոկոսը, իսկ մինչեւ մարտի 1_ը կիրականացվի աշխատանքների 90%-ըՙ ներառյալ պետական հանրախանութի շրջակայքից բացօթյա առեւտրի վերացումը:

Ս. Եգանյանը նշեց, որ Կոմիտաս_Փափազյան խաչմերուկում առեւտուր արած անձինք, քաղաքապետարանի ճարտարապետության վարչության նախագծի համաձայն, կտեղափոխվեն Փափազյան փողոցիՙ մեկ թաղամաս խորքում գտնվող ազատ տարածքը. հնարավոր է համարվում նաեւ նույն խաչմերուկում միաշարք, կահավորված տաղավարների գոյությունը: Ֆիրդուսի փողոցի «տոնավաճառի» ճակատագրին անդրադառնալով, նա հիշեցրեց, որ հարցը պետք է լուծում ստանա քաղաքապետարանի եւ «Կենտրոն» թաղապետարանի անցյալ տարվա հոկտեմբերին սկսած համատեղ ծրագրի շրջանակներում: Սակայն թաղապետարանը տոնավաճառի տեղափոխման վայր դեռ չի ներկայացրել, իսկ «վերնիսաժի» վերաբերյալ որոշակի քայլեր ուրվագծված չեն, չնայած հարցն օրակարգում է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4