Օգնության բաշխման հստակ համակարգ չի գործում
Մինչ պաշտոնական տվյալները, գյուղատնտեսության նախարարության եւ միջազգային կազմակերպությունների համատեղ հաշվարկներով, անցած տարվա երաշտի հետեւանքները գնահատում էին 40 մլն ԱՄՆ դոլարի չափով, ոչ պաշտոնական որոշ աղբյուրներ ահազանգում էին, թե երաշտի վնասներն անցնում են 110 մլն դոլարի սահմանը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած տվյալներով մինչեւ այժմ Հայաստանի Հանրապետությունն արտերկրիցՙ բոլոր կարգի օգնությունները գումարային արժեքով, ստացել է միայն 6 մլն դոլար: Նման պայմաններում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների շեմին կանգնած առանց բացառության բոլոր մարզերի գյուղացիությունը սեփական միջոցներով պարզապես ի վիճակի չի լինելու կազմակերպել գարնանացանը: Գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ օգնության 90 տոկոսն ակնկալվում է դրսից այն պարզ պատճառով, որ հանրապետությունը պահեստային գրեթե ոչ մի ռեսուրս չուներ նման արտակարգ իրավիճակներում ոլորտում ներգրավված սուբյեկտներին ձեռք մեկնելու համար: Դեռ ձմռան նախաշեմին ե՚ւ կառավարությունը, ե՚ւ խորհրդարանը պաշտոնապես դիմեցին միջազգային հանրությանըՙ օգնություն տրամադրելու հանրապետության երաշտից տուժած շրջանների բնակչությանը, սակայն, դատելով ներկայացված թվերից, արդյունքները շոշափելի չեն, չնայած մի շարք պետություններից կառավարությունն, այնուամենայնիվ, որոշ ակնկալիքներ ունի:
Գյուղնախարարի տվյալներով, Հոլանդիայի կառավարությունը 1 մլն ֆունտ է տրամադրում Հայաստանինՙ անասնակեր ձեռք բերելու համար: Եվ քանի որ լավ թե վատ, անասնապահությունը հաղթահարեց ձմեռը, Հայաստանի կառավարությունը խնդրել է եվրոպական այդ պետությանըՙ գումարի չափով կարտոֆիլի սերմացու տրամադրել, ինչին, կարծես թե դոնոր կողմն ընդառաջել է: Սպասելիքներ կան նաեւ Բելառուսից, հազար տոննա կարտոֆիլի տնկանյութ ստանալու գծով, որն արդեն ճանապարհին է: Հայաստանին 500 տոննա կարտոֆիլ հատկացնելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Սիրիան, իսկ ԱՄՆ-ը 400 հազար դոլար է տրամադրելՙ տեղի ֆերմերներից կարտոֆիլ գնելու եւ առավել անապահովներին բաժանելու նպատակով: Ինչպես տեղեկացրեց Զավեն Գեւորգյանը, ՌԴ ֆինանսների նախարարությունը քննության է առել 5 հազար տոննա գարու սերմացու Հայաստան ուղարկելու հարցը, որի հավանականությունը, սակայն, լիարժեք չի համարվում: Նման մոտեցում կա նաեւ Հունաստանի առումով, որտեղից սպասվում է հազար տոննա ցորեն եւ 3 հազար տոննա հանքային պարարտանյութ: Հայաստան է ներկրվել նաեւ վեց հազար տոննա եգիպտացորեն, որը բաշխվելու է հանրապետության 6 մարզերում:
Ինչպես նախորդ տարի, 10 հազար տոննա հանքային պարարտանյութ է տրամադրում Ճապոնիայի կառավարությունը, սակայն եթե 2000 թվականին 1 պարկը վաճառվում էր 1500 դրամով, այս տարի կվաճառվի 2200-ով: Ինչպես հայտնի դարձավ, 200 հազար դոլար է հատկացրել նաեւ Իտալիան: Այդ գումարով երաշտից առավել տուժածներին կբաշխվի ալյուր:
4-5 մլն դոլար է հատկացրել նաեւ Համաշխարհային բանկը: Գումարըՙ 1,2 մլն դոլարի չափով ուղղվելու է հանրապետության լեռնային շրջանների վարկավորմանը, իսկ մնացած մասըՙ ցանքը կազմակերպելու եւ սերմացու հայթայթելու նպատակով:
Չնայած արդեն իսկ ստացված եւ սպասվող այս օգնություններին, գերխնդիրը Հայաստանում եղել եւ մնում է դրա ճիշտ բաշխումը: Դեռեւս չեն գործում բաշխման հստակ մեխանիզմներ, ինչի բացակայությունն էլ չարաշահումների, յուրացումների եւ կամայականությունների տեղիք է տալիսՙ առաջացնելով գյուղացիության դժգոհությունը: Կառավարությանն առընթեր ստեղծված է երաշտի հետեւանքների վերացման հանրապետական շտաբ, որի գործունեությունն, ի դեպ, որեւէ օրենքով սահմանված չէ: Շտաբի հիմնական գործառույթը, ըստ վնասների ծավալների, ստացվող օգնության բաշխումն է մարզերին: Բոլոր մարզպետները ներկայացնում են այն համայնքների եւ գյուղացիական տնտեսությունների ցուցակները, որոնք տուժել են երաշտից, եւ ըստ այդ ցուցակների համայնքապետարանները տեղերում իրականացնելու են բաշխումը: Գործընթացը մասամբ բարդանում է նրանով, որ հաճախ դոնոր երկրներն ու կազմակերպություններն իրենք են ցանկություն հայտնում բաշխելու իրենց կողմից հատկացվող օգնություննՙ ըստ իրենց հայեցողության, եւ շատ հաճախ օբյեկտիվությունը հաշվի չի էլ առնվում: Գյուղնախարարությունն այս կապակցությամբ բանակցություններ է նախաձեռնում, որոնք շատ դեպքերում էական արդյունքներ չեն արձանագրում:
Կառավարությունը որոշել է այս տարի մարզերում կատարվող վարի 30 տոկոսն իրականացնել սեփական միջոցներով:
Այս եւ որոշ այլ տվյալներ, սակայն, հայտնի դարձան միայն վերջերս, քանի որ կառավարությունը մինչեւ հիմա, չգիտես ինչու, աշխատում էր գաղտնիության սկզբունքով: Թերեւս հրապարակայնության պահանջն էր հիմնական պատճառը, որ խորհրդարանն այսօր էլ ամեն կերպ փորձում է անցկացնել «2000 թվականի երաշտի հետեւանքների վերացման մասին» օրինագիծը, որն, ի դեպ, արդեն իսկ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Օրենքի հիմնական շեշտադրումն ընկնում է կառավարությանըՙ ԱԺ-ին հաշվետու դարձնելու վրաՙ երաշտի հետեւանքների վերացման ծրագրային միջոցառումների կտրվածքով, ինչին կառավարությունն, ի դեմս գյուղնախարարության, չէր ընդառաջում:
Եթե նկատի ունենանք սակայն, որ այսօր Հայաստանում գոյություն չունի ընդհանրապես երաշտի հետեւանքների վերացման կամ մեղմելու որեւէ օրենք, ապա անհրաժեշտություն է առաջանում ոչ թե օրենք ընդունել մեկ տարվա կտրվածքով, այլ ընդհանրապեսՙ հստակեցնելով նաեւ, թե որքանով կառավարությունը հաշվետու կարող է լինել խորհրդարանինՙ այսինքն որքանո՞վ հրապարակային կդարձնի աշխատանքները: Մյուս կողմից հանրապետությունում չի գործում հստակ ապահովագրման համակարգ, իսկ դոնոր երկրների ու կազմակերպությունների ծվեն-ծվեն նպաստների վրա հույս դնել չի կարելի: Իսկ եթե մի օր էլ ձանձրանա՞ն... առավել եւս, երբ մտավախություն է հայտնվում, թե երաշտը դեռեւս շարունակվում է:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ