«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2001-02-15 | #29, 2001-02-16 | #30, 2001-02-17


«ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ» ՆԱՎԹԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 60-70 ՏՈԿՈՍ Է»

Կարծում է ամերիկացի փորձագետ Ֆ. Դեմերմանը

Սթենֆորդի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ֆ. Դեմերմանն ադրբեջանական «Մեդիապրես» գործակալությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե այսօրվա դրությամբ «Բաքու-Ջեյհան» նավթատարի կառուցման հավանականությունը 60_70 տոկոս է: Ինչպես գրել է «Ազգը» փետրվարի 9-ի համարում («ԱՄՆ վարչակազմը չի հովանավորում Բաքու-Ջեյհան նախագիծը»), ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի կասպիական տարածաշրջանի էներգակիրների հարցերով հատուկ խորհրդական, դեսպան Էլ. Ջոնսն ասել է. «Բաքու-Ջեյհան խողովակաշարը չի կառուցվի այնքան ժամանակ, քանի դեռ նավթային ընկերությունները չվճռենՙ տնտեսական առումով նպատակահարմա՞ր է: Եթե նայենք խողովակաշարի ռազմավարական նպատակներին, ապա դրանց մեջ չկա մեկը, որը պաշտպանության չարժանանար ԱՄՆ նոր վարչակազմի կողմից: ԱՄՆ_ը ցանկանում է խողովակաշարի կառուցումը, որպեսզի մերձկասպյան պետությունները Ռուսաստանից տնտեսապես կախված չլինեն»: Փորձագետ Դեմերմանի կարծիքով, Էլ. Ջոնսի հայտարարությունը չպետք է ընդունել որպես «Բաքու-Ջեյհան»_ի աներկբա աջակցություն, այլՙ Հարավային Կովկասում ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության ուղենիշ. «Ցավոք, ո՚չ նախագահ Բուշը, ոչ փոխնախագահ Չեյնին, ո՚չ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռայսը հասկանալի կերպով չեն հայտարարելՙ ինչպիսին է ԱՄՆ քաղաքականությունը կասպիական տարածաշրջանում: Ենթադրում եմ, ԱՄՆ նոր վարչակազմը կպաշտպանի «Բաքու-Ջեյհան» նախագիծը, ինչպես նաեւ չի վերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները»:

«Ես չէի պնդի, թե 2004 թ. գարնանը խողովակաշարով կհոսի առաջին նավթի խմբաքանակը, սակայն, կարծում եմ, «Բաքու-Ջեյհան»_ի կառուցումն իրատեսական է մի շարք պատճառներով: Նախ, նախագիծը տնտեսապես կենսունակ է, թեեւ նավթային ընկերությունները դա չեն խոստովանում, ապա, ամենայն հավանականությամբ, Բուշը կշարունակի Քլինթոնիՙ կասպիական տարածաշրջանում որդեգրած քաղաքականությունը», ասել է Դեմերմանը, ընդսմին նշելով, թե շատ բան կախված է նաեւ Ղազախստանի դիրքորոշումից:

Ամերիկացի փորձագետը հատուկ շեշտել է, որ եթե «Բաքու-Ջեյհան»-ի կառուցման արժեքը գերազանցի 2,4 մլրդ դոլարը, ապա հաստատ չի կառուցվի: Հիշեցնենք, համաձայն առաջատար նավթային ընկերությունների գնահատումների, այդ թվում ամերիկյան, նավթատարի արժեքը տատանվում է 2,8_4 մլրդ դոլարի սահմաններում, գումարած նաեւ այն, որ «Բաքու-Ջեյհանն» անցնում է մի շարք անհանգիստ տարածաշրջաններով, ինչը նշանակում է լրացուցիչ անընդհատ ծախսեր նավթատարի հսկողությունն իրականացնելու համար:

Դեմերմանին մտահոգում են մի քանի հանգամանքներ եւս. «Բաքու-Ջեյհանի» հովանավորչական խմբում ներգրավված ընկերությունները, որոնց ֆինանսական միջոցներով պետք է կառուցվի խողովակաշարը, ոչ մի պարտավորություն չեն ստանձնել, հովանավորչական խմբին մաս կազմելուց հրաժարվել են Exxon_ը, Perzoil-ը, Lookoil-ը: Եվ ամենակարեւորըՙ British Pertrolium-ը, որին պատկանում է ղազախական «Քաշագան» հանքավայրի շահագործման 9,5 տոկոսը, որոշել է իր բաժնետոմսերը վաճառել ֆրանս-բելգիական Total Fina Elf ընկերությանը: Ինչպես հայտնի է, Total Fina Elf_ը կողմնակից է «Քաշագանի» նավթը միջազգային շուկա հասցնելու Իրանի տարածքով: Սա, ըստ փորձագետի, «Բաքու-Ջեյհանի» կառուցման համար տագնապի նշան է:

«Բաքու-Ջեյհանը» կարո՞ղ է անցնել Հայաստանով

Երբ սկսվեցին խոսակցությունները Կասպիցի նավթի աստղաբաշխական ծավալների շուրջ, ԱՄՆ-ում սկսեցին քննարկել կասպիական նավթը համաշխարհային շուկաներ առաքելու հնարավոր երթուղիները: Հիշում ենք, որ այլեւայլ ուղիների հետ քննարկվում էր նաեւ կասպիականի նավթը Լեռնային Ղարաբաղով եւ Հայաստանով Թուրքիա հասցնելու տարբերակը: Այսօր եւս չի բացառվում, որ կրկին հրապարակ նետվի «հայկական» տարբերակը: Կասպիցից խողովակաշար կառուցելով ԱՄՆ-ը նախ եւ առաջ ցանկանում է տնտեսական առումով Ռուսաստանի ազդեցությունից կտրել հարավկովկասյան հանրապետությունները: Բավական է Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանն ազատագրվեն ռուսական գերությունից, Վաշինգտոնում շատ շուտ կմոռանան «Բաքու-Ջեյհան» խողովակաշարի մասին: Չպիտի բացառել, որ ավանդական ռուսամետ հայերին առաջարկվի գայթակղիչ նախագիծՙ Բաքու-Ջեյհանի ամենակարճ ուղին, որն անցնում է Հայաստանով: Սա, անշուշտ, ավելի նման կլինի շանտաժի:

Իսկ անդրկասպյան գազատա՞րը

Փորձագետ Դեմերմանն անդրադառնալով անդրկասպյան գազատարին, որը թուրքմենական նավթը Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով պետք է հասցնի Թուրքիա, ասել է. «Դա «սառեցված», բայց ոչ «մեռած» նախագիծ է: Գազատարի շինարարության շուրջ բանակցությունները տապալելու մեջ, ինչպես պնդում են ամերիկացիները, գլխավոր մեղավորը Թուրքմենբաշին է: Պակաս չէ նաեւ Թուրքիայի մեղքը, որի համար առաջնային է «Կապույտ շիթ» գազամուղը, որը ռուսական երկնագույն վառելիքը Սեւ ծովի հատակով կհասցնի թուրքական նավահանգստային Սամսուն քաղաք»:

Ժամանակին, երբ անդրկասպյան գազատարի շինարարությանը ԱՄՆ-ը լուրջ կարեւորություն էր տալիս, Հայաստանին Վաշինգտոնն առաջարկում էր օգտվել այդ խողովակաշարիցՙ Վրաստանից առանձին գիծ հասցնել հայ-վրացական սահման: Սա եւս ամերիկյան շանտաժ էր, որ նպատակ էր հետապնդում Իրան-Հայաստան գազատարի շինարարության խոչընդոտելուն:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4