ԺՆԵՎ, 19 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքական «Ջումհյուրիեթ» թերթի թղթակիցը Ժնեւից հաղորդում է, որ հակառակ Թուրքիայի դիվանագիտական ընդդիմությանը, Շվեյցարիայի խորհրդարանը որոշել է մարտի 13-ին քննարել Հայոց ցեղասպանության հարցը: Թերթը գրում է նաեւ, որ Շվեյցարիայի կառավարությունն այնքան էլ կողմնակից չէ նմանօրինակ հարցի քննարկմանը, քանի դեռ գտում է, որ «չկա միջազգային դատարանի որոշումը, թե Հայոց ցեղասպանություն եղել է, ուստի Շվեյցարիան ի վիճակի չէ այդ հարցի մասին որոշում կայացնել»: Չնայած դրան, այդ երկրի Ազգային խորհրդարանը կորոշի, հարկավո՞ր է այդ մասին օրենք ընդունել, թե՞ այդ մասին միայն հայտարարություն կարվի:
Բեռնում Թուրքիայի դեսպան Մետին Յորնեկոլը հայտնել է, թե դեսպանատունը ճիգեր է գործադրել այդ քննարկմանն արգելք հանդիսանալու համար, սակայն Շվեյցարիայում յուրաքանչյուր պատգամավորի ժողովրդավարական իրավունքն է որեւէ հարցով խորհրդարան դիմելը: Սակայն դեսպանը գտնում է, որ եթե կառավարությունը շարունակի պահել իր ներկայիս կեցվածքը, Թուրքիան կարող է հուսալ, թե դիմումը կմերժվի, որը մեծ Թուրքիայի համար մեծ հաղթանակ կլինի:
Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման հարցը Շվեյցարիայի խորհրդարանում բարձրացվել է ծագումով հույն պատգամավոր Ժոզեֆ Զիյադիսի եւ նրա հինգ ընկերների կողմից: Այս դիմումով նրանք պահանջել են կառավարությունից այս հարցը մտցնել մարտի 5-23-ը Լուկանոյում կայանալիք նիստի օրակարգում: Պատգամավորները պահանջում են, որ Շվեյցարիայի խորհրդարանը եւս եվրոպական մյուս երկրների խորհրդարանների նման ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե պատգամավորների դիմումը ընդունվի, ժողովը պետք է որոշի, թե այս մասին պետք է օրենք ընդունվի, թե՞ պարզապես հայտարարություն կարվի: Հօգուտ օրենքի որոշում ընդունելու դեպքում հարցը կքննարկվի Կանտոնների խորհրդարանում, որից հետո էլՙ 248 հոգուց բաղկացած խորհրդարանում:
«Ջումհյուրիեթ»-ի թղթակիցը գրում է նաեւ, որ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մյուս երկրների խորհրդարանների համար բացել է ճանապարհը, եւ թվում է, թե Շվեյցարիան կարող է դառնալ հաջորդ երկիրը: Այդ տեսակետից Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորների որոշումը բացառիկ կարեւորություն ունի Թուրքիայի համար: