ԱՆԿԱՐԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 17-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Իսմայիլ Ջեմը հանդես է եկել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկությամբՙ քննարկելու համար ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիները: Ինչպես նշվում է համաշխարհային լրատվական գործակալությունների հաղորդումներում, Ջեմը այդ հայտարարությունն արել է Կովկասյան տարածաշրջանի կայունության խնդիրներին նվիրված Ստամբուլի միջազգային ժողովում: «Կարծում եմ, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը լուրջ ավանդ կմուծի հակամարտության կարգավորման գործընթացի մեջ», հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Հայաստանի ԱԳՆ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Սամվել Մկրտչյանը, որ մասնակցում էր համաժողովի աշխատանքին, սառնությամբ է վերաբերվել Ջեմի առաջարկությանը: Ըստ նրա, Թուրքիան միշտ գրավել է ադրբեջանանպաստ դիրք ղարաբաղյան կարգավորման հարցում: «Մինչ եռակողմ հանդիպում անցկացնելը, մեզ հարկավոր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ», հայտարարել է հայ դիվանագետը: Մկրտչյանը հիշեցրել է, որ Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Հայ դիվանագետը նշել է նաեւ, որ նման եռակողմ ֆորմատի ստեղծումը փաստորեն կարգավորման գործընթացից դուրս կմղի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կովկասի հետ հարաբերությունների պատասխանատու թուրք դիվանագետ Եիգիտ Ալփոգանը իր հերթին հայտարարել է, որ Ջեմի առաջարկը նպատակ չունի մեկուսացնելու Մինսկի խումբը կարգավորման գործընթացից:
Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչ, դեսպան Քերի Քեւինոն ողջունել է եռակողմ հայ-ադրբեջանա-թուրքական հանդիպման եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, Քեւինոն հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «անբնական» է: Ամերիկյան դիվանագետը նշել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումից հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում նկատվել է որոշակի առաջընթաց: