«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2001-02-16 | #30, 2001-02-17 | #31, 2001-02-20


ՁԱ՞Խ ԴԱՇԻՆՔ, ԹԵ՞ ՁԱԽԼԻԿՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Կիրակի օրը երեւանյան ռեստորաններից մեկում տեղի է ունեցել միՙ ոչ այնքան խորհրդավոր, որքան բազմախորհուրդ կերուխում-ժողով, որին մասնակցել են կուսակցական եւ պսեւդո-կուսակցական մի շարք այրեր, ընդհանրապես ձախակողմյան եւ ճնշող մեծամասնությամբ ձախլիկ հակումներով հայտնի:

Առայժմ մեզ չի հաջողվել պարզել կերուխում-ժողովի ընթացքում արծարծված հարցերի ամբողջական ցանկը, սակայն ավելի քան հայտնի է հավաքի նպատակըՙ ձախ ուժերի դաշինքի ստեղծում: Հայտնի է նաեւ, որ առաջին լիագումար այս հանդիպումը, ճոխ սեղանների՞, թե՞ մասնակիցների գաղափարական դեգերումների պատճառով վերջնական արդյունքով չի պսակվել: Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու ոմանց բուռն ցանկությունը, հոկտեմբերի 27-ի գործը որպես իշխանության տիրանալու վերջին առիթ դիտարկելու ուրիշների մարմաջը խանգարել են ներկաներին վերջնական եզրակացության հանգել: Այնուամենայնիվ նրանք որոշել են հետագա կերուխում-ժողովների ընթացքում բյուրեղացնել նախ կառավարությանը, ապա Ռոբերտ Քոչարյանին վերջնագիր ներկայացնելու խնդիրը:

Հայկոմկուսից կերուխումին մասնակցել են Վլադիմիր Դարբինյանը, Լեոնիդ Հակոբյանը եւ Գագիկ Թադեւոսյանը, ՀԺԿ-իցՙ Ստեփան Դեմիրճյանը, Վարդան Մկրտչյանը եւ Գագիկ Ասլանյանը, այսպես կոչված նախկիններիցՙ Արամ Սարգսյանը, Ալբերտ Բազեյանը եւ Վաղարշակ Հարությունյանը: Այսուհանդերձ ժողովը պատկառելի կերպարանք չէր ստանա, եթե դրան չմասնակցեր նաեւ արհեստավարժ դավադիր Աշոտ Մանուչարյանըՙ սոցուժերից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4