«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2001-02-16 | #30, 2001-02-17 | #31, 2001-02-20


ՊԵՏԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

<20013102.jpg>

Վարչապետը լքեց Անվտանգության խորհրդի նիստը

Երեկ Թուրքիայում պետական լուրջ ճգնաժամ սկսվեց, որը առաջիկա օրերին կարող է վարչապետ Բյուլենթ Էջեւիթի կառավարության հեռացման ազդանշանը դառնալ: Միջադեպը տեղի ունեցավ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որտեղ հանրապետության նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը վիրավորական խիստ բառերով քննադատել էր Էջեւիթի կառավարությանըՙ երկրում տիրող անօրինականությունների դեմ անհրաժեշտ պայքար չծավալելու համար: Վարչապետ Էջեւիթը, փոխվարչապետ եւ «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ Մեսութ Յըլմազը, պետնախարար Հուսամէթթին Օզքանը եւ ներքին գործերի նախարար Թանթանը լքեցին դահլիճը:

Վարչապետը լրագրողներին տված մամուլի 3-րդ ասուլիսում միայն ավելի ամբողջական ներկայացրեց միջադեպը եւ հանրապետության նախագահի վարքագիծը բնութագրեց իբրեւ «Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ անպատասխանատու վերաբերմունք»: Իր խոսքում Էջեւիթը հանրապետության նախագահի մասին մասնավորապես ասաց. «Նա փորձում է պատրանք ստեղծել, թե կառավարությունը բավարար չափով չի պայքարում անօրինականությունների դեմ: Իհարկե, նախագահն ունի այդ իրավունքը, բայց այդ խնդրի արծարծումը հենց Ազգային անվտանգության նիստումՙ ինձ համար զարմանալի էր»:

Էջեւիթի ասուլիսին հետեւեց նախարարաց խորհրդի գրավոր հայտարարությունը. «Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա նիստում հանրապետության վարչապետը թիրախ հանդիսացավ թուրքական պետության ավանդույթներին եւ դաստիարակության սկզբունքներին իսկ հակասող տգեղ վերաբերմունքի: Վերաբերմունք ցուցաբերող անձն ինչպիսի պաշտոնի էլ տիրապետի, որեւէ իրավունք չունի վարչապետի նկատմամբ անհարգալից վարքագիծ դրսեւորել: Մենք գտնում ենք, որ հանրապետության նախագահ Սեզերը պետք է իր իսկ կողմից պատճառված տհաճությունների համար հրապարակավ ներողություն խնդրի մեծարգո վարչապետից», ասվում է այդ հայտարարության մեջ:

Ավելի ուշ հարցին անդրադարձավ նաեւ փոխվարչապետ եւ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելինՙ Թուրքմենիայից, որտեղ գտնվում է պաշտոնական այցով: Նա ասաց. «Հանրապետության նախագահն ամեն հինգշաբթի հանդիպում է ունենում վարչապետի հետ: Եթե որեւէ խնդիր կար, ապա նա հերթական հանդիպման ժամանակ կարող էր արծարծել: Ես չեմ գտնում, որ նման արծարծումը ԱԽ-ի նիստում ճիշտ մոտեցում է»: Փաստորեն նա դատապարտեց նախագահ Սեզերի պահվածքը:

Ինչպես երեւում է, Սեզերի բոլոր քննադատներն էլ շեշտում են Ազգային անվտանգության խորհրդում հարցի արծարծման անհարմարությունը: Քանզի Անվտանգության խորհրդում բանակայինները գերակայող ներկայություն ունեն, եւ նման հարցերի արծարծումն այդ միջավայրում համարվում է կա՚մ բանակայինների թելադրանք, կա՚մ բանակայիններին ուղղված միջամտելու հրավերք: Իսկ գաղտնիք չէ, որ բանակի ղեկավարությունը նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին ճանապարհ դնելուց հետո մտադիր է նույնն անել նաեւ Էջեւիթի նկատմամբՙ դրանով իսկ Արեւմուտքի աչքին Թուրքիային նոր իմիջ տալ:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4