«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2001-02-16 | #30, 2001-02-17 | #31, 2001-02-20


ՑՈՒՅՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

«Օրինաց երկիրը» շտապում է արտահերթ նիստի

Երբ Բաղրամյան փողոցում մոտ 10 հազար մասնակիցներով ցույց էր շիկանում, ԱԺ-ում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար, բողոքավորների «ջերմեռանդ» պաշտպան Արթուր Բաղդասարյանը լրագրողներին տեղեկացնում էր, որ իրենց խմբակցությունը սկզբունքորեն հետեւողական է լինելու այսօր արտահերթ նիստի միջոցով անցկացնելու «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Դրանով նախատեսվում է մինչեւ 10 քմ առեւտրային կրպակներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին ազատել ՀԴՄ-ներ տեղադրելու պարտավորությունից, փոխարենը հնարավորություն տալ նրանցՙ ՀԴՄ-ների միջոցով հարկումը փոխարինելու հաստատագրված վճարներով: Հիշեցնենք, որ «Օրինաց երկրի» այս կապակցությամբ նախորդ երեք նախաձեռնությունները խորհրդարանում տապալվեցին: Այս անգամ շրջանառության է դրվում մեկ փոփոխություն եւս, որն առնչվում է տոնավաճառներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին: Ըստ դրա, առաջարկվում է ՀԴՄ տեղադրել ոչ թե ողջ տոնավաճառի բոլոր առեւտուր իրականացնողների կտրվածքով, այլ միայն մեկ, կենտրոնացված ՀԴՄ, այն էլ միայն առեւտուր կազմակերպողի համար: Բաղդասարյանը գտնում է, որ այս փոփոխությամբ տոնավաճառների համար մասնավորապես կգործի միասնական հարկման մեխանիզմ, որը կարեւոր քայլ կարող է լինել ոլորտի ստվերայնությունը հարկման դաշտ տեղափոխելու համար:

Տրամաբանությունն այն է, որ եթե առեւտուր իրականացնող սուբյեկտները կազմակերպողին փաստորեն անուղղակիորեն 400- 500 դոլար են վճարում եւ փոխարենը ստանում են օրական, ասենք, 1000 դրամ վճարելու չեկ, կենտրոնացված ՀԴՄ-ն կստիպի առավել իրատեսական դարձնել մուտքագրվող եւ ներկայացվող գումարները: Մինչդեռ, ինչպես Բաղդասարյանն է ներկայացնում, պետությունն ամեն կերպ փորձում է տնտեսության մեջ ներքաշել ՀԴՄ-ների տեղադրումն այն դեպքում, երբ Հայաստանում առկա են մի քանի ձեռնարկություններ, որոնք արտերկրից ՀԴՄ-ներ են ներկրում եւ իրենց ապրանքն իրացնելու խնդիր ունեն միայն: Արդյոք բանախոսը որեւէ կապ պետական օղակների եւ այդ ձեռնարկությունների միջեւ տեսնո՞ւմ էՙ պրն Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենց նման առնչությունների մասին հայտնի չէ, սակայն ոչ ոքի համար նման կապերը տարօրինակ չեն կարող լինել:

Մտավախություն է հայտնվում նաեւ, որ կառավարությունը «Ստուգումների մասին» վերջերս ընդունված օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, որով բավականին մեծացվում են ստուգող գերատեսչությունների լիազորությունները, մեծացվում է ստուգումներ անցկացնելու դաշտը, որն էապես կարող է ազդել հարկման գործընթացի վրա ընդհանրապես: Սակայն այս մասին ավելի ուշ:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4