ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես ընդգրկված եմ հոկտեմբերի 27-ի քրեական գործով դատակոչված վկաների ցուցակում եւ որպես վկա կհրավիրվեմ դատարան», պատասխանելով լրագրողների հարցերին ասաց ՀՀ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը: Նրա կարծիքով, հոկտեմբերի 27-ի դատավարությունը չի կարող արդար չլինել, քանի որ հասարակությունը թույլ չի տա. «Այն մարդիկ, ովքեր գործ են սարքել եւ հասարակությանը թյուրիմացության մեջ գցել, պիտի պատժվեն», նշեց նա: Հիշեցնենք, որ Ալ. Հարությունյանը ձերբակալվեց 1999 դեկտեմբերին, նրան մեղադրանք առաջադրվեց հանցագործությանը դրդելու համար: Ավելի ուշ, քրեական գործի վարույթը Հարությունյանի մասով կարճվեց, եւ նա ազատ արձակվեց: