<20013101.jpg>
ԱԺ-ն ընդառաջ է գնում հանրապետության նախագահին
Հանգուցալուծման հասավ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ երկրորդ փուլ անցած երկու թեկնածուն էլ հանրապետականներ էին, սակայն «Միասնության» թեկնածուն Գագիկ Մինասյանն էր, որը նախորդ անգամ հավաքած ձայներով զիջում էր Վահրամ Բաղդասարյանին: Մեկշաբաթյա ընդմիջումը ցույց տվեց, որ ցանկության ու միասնականության դեպքում ԱԺ մեծամասնությունը կարող է նաեւ սկզբունքային հարցերում վերջնական դիրքորոշում ընդունել, որին քաղաքական փոքրամասնությունը միայն կարող է օժանդակել: 118 պատգամավորներից Գագիկ Մինասյանին ձայն էին տվել 63-ը, ինչն էլ նշանակում է, որ ի դեմս Մինասյանի ֆինանսավարկային հանձնաժողովն արդեն նախագահ ունի: Ահա թե ինչպես քվեարկության արդյունքները «Ազգին» մեկնաբանեց ՀՀԿ անդամ, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը. «Չեմ կարծում, որ «Միասնությունը» պարտվողական վիճակում էր, իսկ քվեարկության արդյունքները համարում եմ հաջողություն ամբողջ խորհրդարանի համար: Որովհետեւ ոչ միայն անձերի մեջ էր ընտրությունը, այլ նաեւ սկզբունքների: Եթե հիշում եք, երբ հարցը քննարկվում էր, այն ժամանակ էլ ասացի, որ սա խորհրդարանի եւ «Միասնություն» դաշինքի փորձությունն է, եւ խորհրդարանը պետք է ընտրի. քաղաքական համաձայնությունների սկզբո՞ւնքն է նախընտրում, թե՞ առանձին անհատական համաձայնությունների ուղղությունը: Քվեարկությունը ցույց տվեց, որ քաղաքական համաձայնությունների սկզբունքն, այնուամենայնիվ, հաջողություն ունեցավ: Այս ընտրության արդյունքում ամենակարեւորն այս է»:
Նորընտիր նախագահը, սակայն, հանձնաժողովի աշխատանքներում, գործունեության սկզբունքներում ոչ մի փոփոխություն չի նախատեսումՙ գտնելով, որ հանձնաժողովն այս ընթացքում էլ բավականին հաջող է աշխատել: Հիշեցնենք, որ պարտություն կրած Վահրամ Բաղդասարյանը հակված չէր նման մոտեցմանՙ համարելով, որ բազմաթիվ օրինագծեր, որոնք անհաջող էին եղել շատ դեպքերում ընդունվել են հենց հանձնաժողովի միջոցով: Սակայն բոլոր դեպքերում, ԱԺ հանձնաժողովների նախագահների հարցը մշտապես քաղաքական է եղել եւ այստեղ շատ ավելի հենց այդ գործոնն է հաշվի առնվում, քան թեկնածուների պրոֆեսիոնալ հատկությունները: Մնում է հուսալ, որ ԱԺ մեծամասնությունը կվերանայի իր իսկ ներքին ամբողջականության խնդիրըՙ թույլ չտալով, որ ներսում որոշակիորեն ընդդիմադիր ուժեր ձեւավորվեն, որոնք, անկախ ամեն ինչից, թուլացնում են ողջ խմբակցությանը:
Երբ անհրաժեշտ է գործը Սահմանադրական դատարան չհասցնել
Դեռեւս նախորդ եռօրյայի վերջին օրը խորհրդարանը չհասցրեց վետո դնել նախագահիՙ «ԱԺ կանոնակարգ» օրենքում առարկությունների եւ առաջարկությունների վրաՙ թողնելով հարցի քվեարկությունն այս եռօրյային: ԱԺ-ում բավականին բուռն ընդդիմախոսություն բարձրացավ, երբ պատգամավորները պարզեցին իրենց որոշ իրավունքների ոտնահարման փորձ: Մասնավորապես պատգամավորները կառավարության նիստերին ոչ թե պետք է մասնակցեն, այլ ներկա լինեն, քանի որ եթե նախորդի դեպքում պատգամավորը կարող է ազատ առաջարկություններ անել, ելույթներ ունենալ, այս ձեւակերպմամբ նրան ձայն պետք է տրվի: Նախագահի մեկ այլ առաջարկով պատգամավորները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենք կարող են մուտք գործել, ասենք, օրենքով եւ կառավարության որոշմամբ, որը, ըստ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի, հակասում է Սահմանադրությանը, որով պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով, այլ ոչ թե կառավարության որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչն ընդունել է փաստարկըՙ առաջնահերթություն տալով նախաձեռնողների տարբերակին: Սկզբունքային եւ քննարկելի հարցերից է նաեւ նախագահի այն առաջարկությունը, ըստ որի ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձեւավորվել այն դեպքում, եթե փաստի (որի առթիվ ստեղծվում է հանձնաժողովը) առթիվ քրեական գործ է հարուցված: Եթե հարուցվում է հանձնաժողով ստեղծելուց հետո, այն պետք է լուծարվի: Խորհրդարանի առաջարկով, որն ընդունելի է նախագահի ներկայացուցչի կողմից, հանձնաժողովներ կարող են ստեղծվել անկախ քրեական գործ հարուցելուց, քանի որ Սահմանադրությամբ նման արգելքներ դրված չեն: Նախագահի մյուս հարցադրումները սկզբունքային չեն, քանի որ խորհրդարանը կոմպրոմիսների գնալու բավականին մեծ դաշտ է տեսնում: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ խորհրդարանն ընդունեց նախագահի առարկությունները, քանի որ վերջնական քվեարկության արդյունքով (օրենքը չընդունեց առանց առարկությունների ու առաջարկների) նախ համագործակցության լայն դաշտ թողեց, ապա չհասցրեց խնդիրը կոնֆլիկտի, որի լուծումը կարող էր տալ միայն Սահմանադրական դատարանը եւ վերջապեսՙ անուղղակիորեն ժամանակ ստացավ կանոնակարգի հակասական դրույթները վերանայելու:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ