«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2001-02-16 | #30, 2001-02-17 | #31, 2001-02-20


ԿԱՄԱԿՈՐ, ԴԱԺԱՆ ՈՒ ԱՆՓՈՒՅԹ ՍՊԱՆԵՐ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ

Կոնֆերանս Ստեփանակերտում

ԼՂՀ պաշտպանության բանակում կրթադաստիարակչական գործընթացը գիտական հիմքերի վրա դնելու նպատակով Ստեփանակերտում անցկացվեց «Բանակային կազմի կրթությունն ու դաստիարակությունը, բանակում տեղ գտնող հանցագործություններն ու դրանց կանխարգելումը» թեմայով գիտագործնական կոնֆերանսը: Ինչպես «Դե ֆակտո»-ին տված հարցազրույցում նշեց ԼՂՀ պաշտպանության բանակի անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ Վ. Հակոբյանը, կոնֆերանսի թեման ընտրված էր ոչ պատահաբար, քանզի անձնակազմի դաստիարակությունը բանակի շինարարության հիմնական խնդիրն է: Ընդգծելով, որ բանակի սպայական կազմի 80 տոկոսը կազմում են պատերազմի բովով անցած զինվորականներ, Վ. Հակոբյանը նշեց, որ նրանցից շատերը դեռեւս չեն յուրացրել անձնակազմի հետ աշխատելու հմտությունները: Հենց դրա համար էլ անհրաժեշտ է բանակի կարգապահությունը բարձրացնելու աշխատանք, ինչը կդառնա նրա մարտունակության երաշխիքը:

«Դե ֆակտո»- ի այն հարցին, թե արդյոք փոխվե՞լ է բանակում կարգապահության իրավիճակը նրա ղեկավարության փոխվելուց հետո, Վ. Հակոբյանը նկատեց, որ բանակաշինության գործընթացում առկա է զարգացման եւ ժողովրդավարացման միտումը: «Եթե նախկինում լռության էին մատնվում բանակում տեղի ունեցող դեպքերը, չի նշանակում, թե բանակում արտակարգ իրավիճակներ չեն եղել, ասաց Վ. Հակոբյանը: Ուղղակի հիմա բացասական երեւույթները ենթարկվում են համընդհանուր քննարկման, որպեսզի համատեղ ուժերով գտնենք դրանց լուծումները»: Հենց այդ մոտեցմամբ էլ, նաեւ այն, որ բոլոր միջոցները ձեռք են առնվում, որպեսզի սպաները դաստիարակչական աշխատանքին մոտենան գիտակցաբար, Վ. Հակոբյանը բացատրեց այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում բանակում գրանցված չէ եւ ոչ մի արտակարգ պատահար: «Անձնակազմի հետ աշխատանքի հիմնական մեթոդները, անցյալ տարիների համեմատությամբ, դարձել են համոզվածությունը, անձնական օրինակը, խրախուսանքը, եւ միայն բացառիկ դեպքերում ենք դիմում հարկադրանքի», նշեց ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալը, նկատելով, որ, այնուամենայնիվ, արտակարգ պատահարից երաշխավորված չէ ոչ ոք, բայց յուրաքանչյուր ծնող, որդուն ուղարկելով բանակ, պետք է համոզված լինի, որ սպայի կամակորությունը, դաժանությունն ու անփութությունը չեն կարող դժբախտ պատահարի պատճառ լինել:

Հուլիսին եւս կանցկացվի գիտագործնական կոնֆերանսՙ «Բանակն ու ժողովուրդը» թեմայով, որին կմասնակցեն պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«ԴԵ ՖԱԿՏՈ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4