ՀԱՎԱՆԱ, 19 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի օրհներգի կատարմամբ եւ կուբայական ժողովրդի ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանին ծաղկեպսակ դնելով ավարտվել է Կուբայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Մելիք-Շահնազարյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը, որ Հավանայում տեղի է ունեցել անցած շաբաթվա վերջին: Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի նախագահի տեղակալ կոմանդանտե Խուան Ալմեյդա Բոսկեն այդ իրադարձությունը որակել է որպես պատմական երկու ժողովուրդների հարաբերություններում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի դեսպանի հավատարմագրումը ազդակ կհաղորդի փոխշահավետ համագործակցությանը Կուբայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ: Իր կողմից դեսպան Աշոտ Մելիք-Շահնազարյանը (որը համատեղության կարգով ՀՀ դեսպանն է նաեւ Մեքսիկայում) հավաստիացրել է, որ բոլոր ջանքերը կգործադրի հայ-կուբայական հարաբերությունների ակտիվացման համար, որոնք չնայած երկու պետությունների հեռավորությանը իրական հեռանկարներ ունեն քաղաքականության, տնտեսության եւ մշակույթի ոլորտներում համագործակցության բարեհաջող զարգացման համար: Նա հատկանշական է համարել այն փաստը, որ Հայաստանի կողմից հավատարմագրերի առաջին հանձնումը նոր հարյուրամյակում կայացավ հատկապես Կուբայում: