Ինչո՞ւ «Ազգը» չտպագրեց Նաիրի Հունանյանի հոր նամակը
Հոկտեմբերի 27-ի դատավարության նախօրեին գլխավոր մեղադրյալ Նաիրի Հունանյանի հայրը խմբագրություն էր բերել «Մեղադրյալ ժամանակ, ոտքի: Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն» խորագրով մի հոդված, որը չտպագրվեց: Ինչո՞ւ: Արեւմտյան մամուլում ստանդարտից դուրս, ալտերնատիվ կարծիքներին տեղ տալը համարվում է պրոֆեսիոնալիզմի հիմնական չափանիշ, եւ այդ առումովՙ այդ հոդվածը արեւմտյան խմբագիրները իրարից կխլխլեինՙ առաջինը հրապարակելու համար: Սակայն մեզանում դա չի կարող լինել, որքան էլ որ կա պրոֆեսիոնալիզմի գիտակցումը: Մեզանում այդ գործելաոճը պարզապես դատապարտված է:
«Մարդիկ չեն ծնվում հանցագործ դառնալու համար, նրանց այդպես են դարձնում պայմանները», գրում է Հրաչյա Հունանյանը: Այս տրամաբանության վրա կառուցված հոդվածն ընդհանուր առմամբ խորհրդածություն է վերջին 10 տարիներին Հայաստանում ստեղծված մթնոլորտի, վերեւների ու ներքեւների միջեւ շարունակվող անվստահության ու խորթության, ժողովրդի ու իշխանությունների ներքին անհանդուրժողության շուրջ: Հոդվածում տեղ գտած որոշ տեսակետներ նորություն են եւ դրանով հետաքրքրականՙ խնդիրը բազմակողմանիորեն ու այլ տեսանկյուններից դիտարկելու: Սակայն ամենահետաքրքրականը, թերեւս, հոդվածագրի (եթե փորձենք մի պահ վեր կանգնել մեր նախապաշարումներից, նրան չդիտելով որպես ոճրագործի հայր, այլ պարզապես հոդվածագիր ու տեսակետ արտահայտող) եզրակացությունն է. «Ղեկավարների այս խումբը դարձավ անցած դարերի ու տարիների բոլոր ղեկավարների քավության նոխազը»:
Համարձակությո՞ւն, թե՞ զգուշություն
Այս երկընտրանքի առջեւ կանգնեց խմբագրությունը, երբ ստացավ վերոհիշյալ հոդվածը: Ի վերջո, երկար բանավեճերից հետո խմբագրությունը կարողացավ դիմադրել պրոֆեսիոնալ գայթակղությանն ու չտպագրեց հոդվածըՙ աչքի տակ ունենալով անխուսափելի աղմուկն ու անտեղի հարձակումները:
Հետաքրքրականը, սակայն, մինչեւ չտպագրելու որոշումը կայացնելը, դրա շուրջ բանավեճն էր խմբագրությունում: Թերթի լրագրողական կազմը բաժանվեց երկու հավասար մասի: Առավել երիտասարդները (այդ թվում եւ տողերիս հեղինակը) գտնում էին, որ հոդվածը տպագրելը համարձակություն է. ի վերջ բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր երկրում ինչ որ բան այնպես չէ, պարզապես հաճախ համարձակությունը չի ներում մեզ խնդիրներին նայել բաց աչքերով: Հրաչյա Հունանյանը փորձում է անել դա, քանի որ կորցնելու ոչինչ չունի, նա արդեն կորցրել է իր տղաներին այն պահից սկսած, երբ վերջիններիս կամ նրանց պատվիրատուների մոտ (եթե նրանք կան, ինչը կպարզի արդար դատավարությունը) հղացվել է այդ քստմնելի ոճիրն իրականացնելու գաղափարը: Փաստարկն այն էր, թե միամիտ կլիներ կարծել, ոճրագործի հայրը նամակը գրել է որդիներին արդարացնելու ցանկությամբ (ինչը միանգամայն հասկանալի է): Թվում է, թե նրա նպատակը մի փոքր այլ է (որքան էլ որ դժվար է հավատալը): Պարզապես պետք է ընդունել, որ հայրը (որին դժվար է հարգելը, որքան էլ որ արդարանա, թե արել է ամեն ինչ նորմալ մարդ դաստիարակելու համար) փորձ է անում հասկանալ իր որդիների, ամենալավը ճանաչելով նրանց, արարքի պատճառահետեւանքային կապը: «Մինչ այդ դեպքը, անցյալ տասնամյակը հագեցած է սպանությունների բազմաթիվ փաստերով, որոնց հեղինակները երբեմն հայտնի են, երբեմն էլՙ անհայտ: Նրանք ծնվում են այնտեղ, որտեղ կան նրանց ծլարձակման ու հասկակալման համար բավարար պայմաններ», գրում է նա:
Խմբագրության առավել խոհեմների խումբը միանգամից բացառեց ոճրագործի հորը արտահայտվելու համար տեղ տալը: Անկախ դրդապատճառներից ու ամեն ինչից, մարդասպանությունը չունի եւ ոչ մի արդարացում, առաջարկվեց հիշել այդ մարդկային վայրագությունը: Որքան էլ փորձ արվի հոկտեմբերի 27-ը դիտարկել որպես երեւույթ, ակամա մեր առջեւ հառնում են արժանահիշատակ նահատակների ու ոճրագործությունն իրականացրած ճիվաղների կերպարանքները: Եզրակացությունը մեկն էրՙ երեւույթի թեկուզեւ ամենաազնիվ մղումներով պատճառաբանված ամեն մի քննարկման նախաձեռնողականություն կդատապարտվի հասարակության կողմից: Հունանյանի հոր նամակին տեղ տալով, խմբագրությունը (նաեւՙ նրան համակիր կուսակացությանը) անպայման կստանա ավելորդ պիտակներ ու մեկնաբանություններ. ավելորդ համարձակությունը միայն կստեղծի նորանոր խնդիրներ ու հարմար նյութՙ քաղաքական խարդավանքներ փնտրող ու ստեղծող ուժերին ծառայող մամուլի համար:
Բանավեճում խոհեմները հաղթեցին, ու հոդվածը չտպագրվեց, որոշվեց պարզապես նկարագրել նրա շուրջ ծավալված բանավեճըՙ իբրեւ պատասխան այն հարցի, թե «ինչու՞ չտպագրեցինք Նաիրի Հունանյանի հոր նամակը», նաեւ դրա շարունակություն-հարցիՙ «երբեւիցե համակողմանիորեն կլուսաբանվի՞ հոկտեմբերի 27-ը»: Ակնհայտ է, որ դա չի լինի երբեք, քանի դեռ մեր հասարակությունում տիրում են զգուշավորությունը, վախն ու կասկածամտությունը, քանի դեռ ամեն մի օբյեկտիվ մեկնաբանություն դատապարտված է, քանի դեռ շարունակում ենք փակել մեր աչքերը հանրահայտ ճշմարտությունների առջեւ:
Որեւէ առողջ հասարակությունում կարելի է ցանկացած, թեկուզեւ, առաջին հերթինՙ անընդունելի հարց, դնել ընդհանուր քննարկմանՙ դրանով վեր հանելով շատ ու շատ ճշմարտություններ, սակայն այնպիսի հասարակությունն, ինչպիսին մերն է, ցանկացած նման նախաձեռնություն կարող է դիտվել միայն սուբյեկտիվ պրիզմայով: Թվում է, թե մեզանում չկա որեւէ հարցի նկատմամբ որեւէ օբյեկտիվ ու չեզոք կարծիք: Ամեն ինչի տակ փնտրվում են արդար-մեղավորներ, պատվիրատու-շահագրգիռներ: Ամեն ինչի հիմքում տեսնվում են խարդավանքներ: Եվ ոչինչ այնքան լավ չի արտացոլում այդ անառողջ մթնոլորտը, որքան հայաստանյան մամուլն իր ողջ բազմազանությամբՙ դեղինից մինչեւ սեւ:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ
Հ.Գ.-Վստահ ենք, նույնիսկ այս հնարավորինս նրբանկատ ձեւով ներկայացված փորձից հետո էլ կլինեն շահարկողներ: Չենք զարմանա, եթե փորձ արվի փորփրել հոդվածիս հեղինակի դոսյենՙ ոճրագործների հետ ազգակցական կապեր գտնելու հույսով: Սակայն, նորից ու նորից կրկնենք, մեր նպատակը երեւույթը վեր հանելու ու բազմակողմանիորեն քննարկելու պրոֆեսիոնալ գիտակցումն է, քանի որ, հայտնի ճշմարտություն էՙ բանավեճի արդյունքում է ծնվում ճշմարտությունը: