«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2001-02-16 | #30, 2001-02-17 | #31, 2001-02-20


ԱՐՄԵՆՏԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԶԿՏԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՆՅԱՐԴԵՐԸ

Բոլորին է հայտնի, որ առանց հեռախոսակապի ոչ մի բնագավառ լիարժեք աշխատել չի կարող: Սակայն այն օրվանից, ինչ Արմենտելը մենաշնորհային իրավունքը վերցրեց իր ձեռքը, ամեն ինչ խճճեց եւ ամեն պահ սկսեց խաղալ մարդկանց առանց այն էլ պրկված նյարդերի հետ: Ստացվել է մի իրավիճակ, որ ոչ հեռախոս ունեցողն է ուրախանում, ոչ էլ չունեցողըՙ տխրում: Հարյուրավոր մարդիկ, ընկած հեռախոսային ծառայությունների դռները, փորձում են ապացուցել, որ իրենք ոչ մի տեղ չեն խոսել, կամ թեեւ ամեն ամիս մուծել են հեռախոսավարձը, բայց էլի պարտք է գրանցվել: Մոտ մեկ ամսից ավելի չարչարվելուց հետո հազիվ կարողացա ապացուցել, որ հեռախոսավարձ պարտք չեմ (ամեն ամիս 700 դրամ պարտք էր գրվում): Ո՞վ է հատուցելու իմ չարչարանքի, քայքայված նյարդերի համար, չգիտեմ, բայց ակնհայտ է, որ շատերը չարչարվելուց հետո էլ չեն կարողանում ճշմարտությունն ապացուցել: Դա դեռ ոչինչ, իսկ հեռախոսների աշխատանքը... Երեւանում ապրող բարեկամիդ կամ ծանոթիդ հետ կամ չես կարող կապվել, կամ կապվելուց հետո էլ մասնակից կդառնաս ուրիշների խոսակցություններին: Ամեն պահ բնակարանումդ կարող են լսվել անծանոթ մարդկանց զանգերը, որոնք առաջացնում են թե դժգոհություն, թե զայրույթ: Հունվարի քսաներկուսի գիշերը հինգ անգամ վեր թռա անկողնուցՙ պատասխանելու հեռախոսազանգերին, որոնցից եւ ոչ մեկը մեր ծանոթներից չէր: Երրորդ զանգից հետո ստիպված էի սրտնեղած ասել.

- Բավական է զանգես, աղջիկ ջան, տեսնում ես ճիշտ չէ:

- Ի՞նչ անեմ, շատ է անհրաժեշտ, դժգոհում էր աղջիկը:

Իսկապես, ի՞նչ անի աղջիկը, կամ ի՞նչ անեմ ես, որ Արմենտելի պատճառով անքուն գիշեր եմ անցկացրել: Անգամ Հայաստանի տարբեր քաղաքներից ու մարզերից մայրաքաղաք հասնող զանգերի մեծ մասը հասցեատերերին չի հասնումՙ շատ դեպքում առաջացնելով թյուրիմացություններ, ծիծաղաշարժ պահեր:

- Ալո՜, ալո՜, Կարենին եմ ուզում, լսում եմ հեռախոսի մյուս ծայրից:

- Կարենն աշխատանքի է, պատասխանում եմ կնոջը: (Կարենը իմ տղան է):

- Ի՞նչ աշխատանք, զայրանում է կինը,-նա պետք է երեկ վերադառնար տուն, աշխատանքը ո՞րն է:

Կնոջ խոսակցությունից հասկացա, որ իր ցանկացած տեղը չի ընկել, պարզապես անունները համընկել են: Այդպիսի անակնկալներ, «ուրախ պահեր», նյարդեր սղոցող իրավիճակներ համարյա ամեն օր է մատուցում Արմենտելը: Զարմանում ես, որ բարձր ամբիոններից հաճախ են մեղադրում Արմենտելին, որ իր պայմանագրային պարտականությունները չի կատարում, բայց կոնկրետ ոչինչ չի ձեռնարկվում, որից տուժում է բնակչությունը: Հարց է առաջանում. ինչո՞ւ հեռախոսավարձը չվճարելու դեպքում անմիջապես անջատում են, իսկ բնակիչների հեռախոսներն օրերով չաշխատելու կամ անկանոն աշխատելու համար ոչ մեկը պատասխան չի տալիս: Անշուշտ, այդ նրանից է, որ բոլոր լծակները Արմենտելի ձեռքին են: Ստացվում է այնպես, որ Արմենտելը կարող է իր պարտականությունները չկատարել, բայց ցանկացած պահի հեռախոսավարձերն ավելացնել, րոպեավճարները կյանքի կոչել, ընդհանուր խառնաշփոթ ստեղծել ու մնալ անպատիժ: Բոլորն են դժգոհ Արմենտելից, բոլորն են հայհոյում նրան, բայց ստիպված են հեռախոսավարձերը ժամանակին մուծել ՙավելի վատ վիճակում չհայտնվելու համար, չէ որ այլընտրանք չունեն: Միաժամանակ այսօր քիչ կլինեն ընտանիքներ, որոնց հարազատներից մեկը, երկուսը օտարության մեջ չգտնվեն, ու ամեն պահ չսպասեն նրանց հեռախոսազանգերին, ուստի մի կերպ տանում են Արմենտելի կամայականությունները, միայն թե, թեկուզ անկանոն, աշխատեն հեռախոսները:

Կարծում եմ, որ մեր պետական այրերը լրջությամբ պետք է անդրադառնան այդ հարցին ու պաշտպանեն քաղաքացիների իրավունքները, չէ՞ որ ժողովրդի համբերությունն էլ սահման ունի: Քիչ չեն այն բնակիչները, որոնք չկարողանալով տանել առաջացած քաշքշուկները, թքել են թե՚ հեռախոսի, թե՚ Արմենտելի վրա: Այդ մասին շատ է գրվել ու խոսվել, բայց ի՞նչ, ո՞վ է դրա վրա ուշադրություն դարձնում, տերը իրենք են, ուզենՙ «բակլան խաշած կցանեն»:

ՎԱՉԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4