«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2001-02-16 | #30, 2001-02-17 | #31, 2001-02-20


ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎՈՒՄ ԵՎ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԱՆՕՐԵՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Այստեղ տարեկան ստվերային շրջանառությունը գերազանցում է կես միլիարդ դոլարը

Շաբաթ մեկօրյա աշխատանքային այցով Երեւանում էր Վրաստանի պետնախարար (վարչապետ) Գեորգի Արսենիշվիլու գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին տրանսպորտի եւ հաղորդակցության, ֆինանսների նախարարները, հարկային եւ մաքսային ծառայությունների դեպարտամենտների ղեկավարները, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետը, փոխարտգործնախարարը, խորհրդարանի պատգամավորներ, Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները:

Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, վարչապետ Ա. Մարգարյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, կայացել են երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմերով քննարկումները:

Սա պետնախարար Գ. Արսենիշվիլուՙ մեր երկրի ղեկավարությանն ուղղված կոմպլիմենտներից էր: Թարգմանաբար նշանակում էՙ Հայաստանը սկսվում է «Ա» տառով, այսինքնՙ Վրաստանի համար մեր հանրապետությունը կարեւոր նշանակություն ունի: Մի կողմ թողնենքՙ Թբիլիսիի համար Երեւանը կարեւո՞ր է, թե՞ ոչ: Հայաստանը չի կարող սկսվել «Ա» տառով, կարող է սկսվել «Հ» տառով կամ «Ս» տառով (վրացերենՙ Սոմխեթի): Մեր հանրապետության անվանումը սկսվում էր «Ա» տառով խորհրդային «լավ, բարի» ժամանակներում, երբ վրաց «բիջոն» ու հայ «արան» Մոսկվայի ռեստորաններում խմում էին «Կախեթի» գինին ու «լալեբի» երգում: Հիմա փոխվել են ժամանակները, ճակատագրի բերումով արդեն հարեւան երկու ինքնիշխան հանրապետություններն իրենք պետք է լուծեն բազմաթիվ հիմնախնդիրներ, խորհրդային, նույնիսկ դրանից առաջ կուտակված ու

Չլուծված հարցեր

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կուտակված ու համատեղ լուծում պահանջող խնդիրները վերաբերում են Ջավախքին (վրացերեն տարբերակովՙ Ջավախեթի), երկու հանրապետությունների պետական սահմանի սահմանագծմանը եւ սահմանազատմանը, տրանսպորտին, ֆինանսներին, գազամատակարարմանը, էլեկտրաէներգիայի առաքմանը, սահմանամերձ առեւտրին, Վրաստանում հայկական մշակութային արժեքների պահպանմանը եւ այլն:

Անիմաստ է խոսել երկու երկրների միջեւ լուրջ տնտեսական հարաբերությունների, ապրանքաշրջանառության մասին, երբ ե՚ւ Հայաստանի, ե՚ւ Վրաստանի տնտեսության կայուն եւ չփլուզված «ճյուղը» (կարդալՙ զարկերակ) Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներն են, իսկ ապրանքաշրջանառությունը հիմնականում ստվերային է եւ օրը ցերեկով, երբեմն նաեւ գիշերը, աշխուժորեն իրականացվում է սահմանամերձ Բագրատաշենի անօրեն, «սեւ» շուկայում: Ըստ ոչ պաշտոնական, սակայն իրականությանն ու տրամաբանությանը մոտ հաշվարկների, Ռուսաստանում ժամանակավոր կամ հիմնական գրանցում ունեցող հայերն ու վրացիներն իրենց հայրենիքՙ բարեկամներին, տարեկան ուղարկում են համապատասխանաբար 300 մլն եւ 400 մլն ամերիկյան դոլարին համարժեք գումար, այսինքնՙ գրեթե այնքան, որքան կազմում են երկու երկրների 2001 թ. պետական բյուջեները: Ինչ վերաբերում է երկու երկրների միջեւ ստվերային շրջանառությանը, ապա մոտավորապես կազմում է կես միլիարդ դոլար, ասել է թեՙ երկու երկրների պետբյուջեները տարեկան կրում են 250 մլն-ական դոլար վնաս: Բագրատաշենի շուկային չենք անդրադառնա ոչ թե այն պատճառով, որ երկու երկրների հարաբերությունների հոլովույթից դուրս է, այլ քանի որ մի քանի անգամ այդ մասին տարբեր առիթներով գրել ենք: Միայն նշենք. «Քյավառի» կարտոֆիլը եւ Սեւանի սիգը Բագրատաշենով Վրաստան (այստեղիցՙ Ադրբեջան) են հասնում առանց պետական տուրքերի: Կարտոֆիլի եւ սիգի առեւտուրը հայ եւ վրաց մաքսավորների բիզնեսն է, եւ այդ բիզնեսի «տանիք» են հայ եւ վրաց պետական պաշտոնյաները, ինչպես մեծածախ առեւտրի այլ ոլորտներում:

Վրաստանի պետնախարար Արսենիշվիլին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց. «Տա՚ Աստված, որ մեր պարտքը Հայաստանին լիներ ամենամեծը»: Եթե Հայաստանը Վրաստանին ոչ մի կոպեկ պարտք չունի, ապա Վրաստանը Հայաստանին պարտք է շուրջ 24,5 մլն դոլար: Սա, անշուշտ, մեծ գումար չէ, եթե համեմատելու լինենք Վրաստանի արտաքին ընդհանուր 2 մլրդ դոլար պարտքի հետ: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյան. «Քանի որ այսօր Վրաստանի ֆինանսական վիճակը լավ չէ, խնդրել է, որ վերակառուցենք մեր պարտքը: Տեսնենք, ինչքան հնարավոր է կհետաձգենք»: Անկասկած, անիմաստ է պահանջել հարեւանիդ պարտքը, երբ գիտես, որ նա գումար չունի: Սակայն, միեւնույն ժամանակ, 2001 թ. ՀՀ պետբյուջեում հաշվարկված է Վրաստանից պարտքի մի մասըՙ 3,7 մլրդ դրամը, եւ Հայաստանը ցանկանում է հնարավորինս շուտ ստանալ գումարի այս հատվածը: Երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով շաբաթօրյա հանդիպմանը որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել: Վերջնական փաստաթուղթը ստորագրվելու է մայիսի 15-ինՙ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում:

Հայաստանը շարունակում է էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստանին, որն էլ իր հերթին վաճառում է Թուրքիային, բնականաբար, ավելի բարձր գնով: Հայտնի է նաեւ, որ Վրաստանն ապրում է էներգետիկ ճգնաժամ, հանրապետության ողջ տարածքում միջին հաշվով օրական տրվում է 2 ժամ էլեկտրաէներգիա: Սրանք Հայաստանին այնքան էլ չեն հետաքրքրում. խնդիրը գնած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներն են, որոնք Վրաստանը խնամքով չի կատարում: Էլեկտրաէներգիայի դիմաց Վրաստանիՙ Հայաստանին պարտքը 4,6 մլն դոլար է, որը կուտակվել է նախորդ տարիներից: Վրացիները վճարել են միայն տոկոսները եւ առաջարկում են 4,6 մլն-ը եւս վերակառուցել:

Արսենիշվիլու ոտքերի տակ գորգ փռեցին

«Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի պետնախարարի գլխավորած պատվիրակությանը պաշտոնական Երեւանը դիմավորեց արարողակարգի բոլոր կանոններովՙ գորգ, պատվո պահակ, նվագախումբ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անձամբ դիմավորեց վրաց իր գործընկերոջը: Հասկացանք, հայ-վրացական հարաբերությունների խորացումը կարեւոր է, նույնիսկ անհրաժեշտ: Բայց ի՜նչ կարիք կար նման դիմավորման: Ի՞նչ էՙ պետակա՞ն այց էր: Բավական տարօրինակ էր Արսենիշվիլու պահվածքը. կարծես Հայաստանն է Վրաստանին 24,5 մլն դոլար պարտք: Ի դեպ, «իմիջմեյքերի» կարիք ունի մեր վարչապետը: Ցանկալի էՙ մի քանի:

Վրաստանը Հայաստանին թույլատրում է իր տարածքով բեռներ փոխադրել 10 25 տոկոս զեղչով, Ադրբեջանինՙ 30 տոկոս

Ինչո՞ւ: Որովհետեւ Վրաստանը եւ Հայաստանը հարեւաններ են, իսկ Վրաստանն ու Ադրբեջանըՙ հարեւաններ ու բարեկամներ: Սաՙ մեր կարծիքով: «Որովհետեւ Վրաստանի տարածքով Ադրբեջանի բեռնափոխադրումներն իրենց ծավալներով գերազանցում են Հայաստանի բեռնափոխադրումներին», լրագրողների հարցին ի պատասխան նշեց պետնախարար Արսենիշվիլին:

Հայ-վրացական, ասենքՙ պաշտոնական ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է ընդամենը 35- 40 մլն դոլար: Մեզ համար Վրաստանը նախ եւ առաջ կարեւորվում է որպես արտաքին աշխարհիՙ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ու Եվրոպայի հետ կապող տարանցիկ ճանապարհ: Հաշվի առնելով, որ Հայաստանի եւ արտաքին աշխարհի միջեւ ապրանքաշրջանառությունը կատարվում է ցամաքային երկու երկրներովՙ Վրաստանով ու Իրանով, առանձնապես կարեւորվում է, թե ինչ սակագներ են սահմանված բեռնափոխադրումների համար: Պիտի հուսալ, որ այս հարցում մեր հարեւան վրացիներն առավել մեծահոգություն կդրսեւորեն: Զեղչերի ավելացումով երկու հարեւանների կապերը կարող են ամրապնդվել, կավելանան բեռնափոխադրումները, կշահի նաեւ Վրաստանը:

Իսկ միգուցե դառնա՞նք լավ բարեկամներ: Չգիտեմ: Բայց ժամանակն է զարկ տալու հայ-վրացական միջպետական հարաբերություններին: Տասը տարվա ընթացքում Երեւանն ու Թբիլիսին տարբեր ոլորտներում կնքել են յոթ տասնյակից ավելի պայմանագրեր, համաձայնագրեր, որոնց մեծ մասը մնացել է թղթի վրա եւ փոշոտվում է երկու երկրների համապատասխան գերատեսչություններում:

Մեր կարծիքով, ՀՀ արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթ պետք է լինեն Երեւան-Մոսկվա, Երեւան-Թեհրան եւ Երեւան-Թբիլիսի հարաբերությունները: Այս դեպքում միայն կիրականանա Հյուսիս-հարավՙ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան առանցքը: Անշուշտ, եթե պաշտոնական Երեւանն ու Թբիլիսին սկզբունքորեն դեմ չլինեն կամ կես ճանապարհին փոշմանեն:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4