«Ասոշիեյթեդ պրեսի» հաղորդման համաձայն, Ստամբուլում, իր տանը մահկանացուն կնքեց 84-ամյա հայուհի Մաթիլդա Մանուկյանը, որը քաղաքում հասարակաց տների ամենամեծ ցանցն ուներ: Սկզբում լինելով դերձակ, տիկին Մանուկյանը որոշել է զբաղվել պոռնոբիզնեսով: Ստամբուլում նա սեփականատեր էր 32 հասարակաց տների, ինչպես նաեւ մի շարք խանութների ու շինությունների: 90-ական թթ. սկզբներին Մաթիլդա Մանուկյանը Ստամբուլի ամենախոշոր ու բարեխիղճ հարկատուն էր, իսկ քաղաքի իշխանությունները նրան շնորհել էին հատուկ դիպլոմ:
1995 թ. տկն Մանուկյանը Ստամբուլի հոսպիտալի վերանորոգման համար նվիրաբերել էր 36 հազար դոլար: Բժիշկներից շատերն այդ ժամանակ հայտարարեցին, թե Մանուկյանից դրամ չեն վերցնի, քանի որ դա կլինի անբարոյականություն: Ինքըՙ տիկինը, տասնյակ անգամ նշել է, որ «իր բիզնեսում արտառոց ոչինչ չկա, չափազանց նորմալ պետք է վերաբերվել օրինական մարմնավաճառությանը»:
«Ասոշիեյթեդ պրեսը» չի նշում, թե որքան է տկն Մանուկյանի կարողությունը, սակայն հայտնի է, որ խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է:
Մահմեդական Թուրքիայում մարմնավաճառությունը պաշտոնապես համարվում է ձեռներեցության թույլատրելի ոլորտ: