«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2001-02-16 | #30, 2001-02-17 | #31, 2001-02-20


ԻՐԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԼԱՎԵԼ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փետրվարի 12- 13-ը պաշտոնական այցով Թեհրանում էր Թուրքիայի ԱԳ նախարար Իսմայիլ Ջեմը, որին ուղեկցում էր գործարարների 30 հոգանոց պատվիրակություն, հանգամանք, որին հենվելով քաղաքագետները հակված են այցը կարեւորել նաեւ տնտեսական առումով: Սակայն այցի ընթացքում կողմերը տնտեսական համագործակցության եւ ոչ էլ այլ բնույթի փաստաթուղթ չեն ստորագրել:

Այսուհանդերձ, Թեհրան-Անկարա դիվանագիտական եթե ոչ լարված, ապա սառը փոխհարաբերությունների պայմաններում, պաշտոնական տվյալների համաձայն, 2000 թ. երկու երկրների տնտեսական կապերը զգալի աճ են արձանագրելՙ կազմելով շուրջ 890 միլոն դոլար: Ընդ որում Իրանի ներմուծումների ծավալը կազմել է 207 միլիոն, իսկ արտահանումներինըՙ 680 միլիոն դոլար: Իրանի արտահանումների եռակի գերազանցումը որոշ չափով պայմանավորված են միջազգային շուկայում նավթի գների աճով: Եթե, ինչպես նախատեսվում է, հունիսին շահագործման հանձնվի Իրան-Թուրքիա գազամուղը, ապա ամենայն հավանականությամբ երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների ծավալը 2001 թ. կհատի մեկ միլիարդ դոլարի սահմանը: Տնտեսական կապերի ընդլայնման պայմաններում, ինչպես նշվեց, դիվանագիտական փոխհարաբերություններում շոշափելի առաջընթաց չի նկատվում, թեեւ նախագահ Մոհամեդ Խաթամիի արտաքին քաղաքականության արդյունքում, որն ուղղված է բոլոր, մասնավորապես, հարեւան երկրների հետ փոխհարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը, բավական լուրջ հաջողություններ են արձանագրվել Իրան-արաբական աշխարհ կապերի զարգացման բնագավառում:

Իրան-Թուրքիա փոխառնչությունների ընդլայնմանն արգելակում են դրանցում առկա մի շարք չլուծված խնդիրներ, այդ թվում թուրք-իսրայելական ռազմավարական դաշնակցությունը, Թուրքիայիՙ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, Թուրքիայում PKK-ի եւ «Հզբոլահի» խնդիրները: Քանզի Անկարան Թեհրանին մեղադրում է վերջիններիս հովանավորելու մեջ, ինչի իրական լինելը խիստ հարցական է:

Խոսելով Թուրքիայի «Հզբոլահի» հարցի մասին, որի 15 հազար անդամներ բացահայտվել եւ 3 հազարը կալանավորվել են, հարկ է նշել, որ քաղաքագետներից ոմանց («Նորաթերթ», 26.01.2000 թ.) կարծիքով, այն ստեղծվել է Թուրքիայի գաղտնի ծառայությունների կողմից, ընդդեմ PKK-ի, իսկ այսօր, երբ արդեն «Հզբոլահի» դերն ավարտված են համարում, ձգտում են ձերբազատվել դրանից: Միաժամանակ Անկարան, ի նպաստ Վաշինգտոնի այն տեսակետի, թե Իրանն աջակցում է ահաբեկչական խմբերին ու կազմակերպություններին, առաջ է քաշում Իրան-«Հզբոլահ» համագործակցության հարցը: Իսկ ոմանք էլ Թեհրանին Անկարայի նման մեղադրանք վերագրելը պատճառաբանում են գաղտնի ծառայությունների եւ «Հզբոլահի» միջեւ սերտ կապերի բացահայտմամբ, այլ կերպՙ քավության նոխազ դարձնելով Թեհրանին, Անկարան ձգտում է Թուրքիայի եւ միջազգային հասարակայնության ուշադրությունը շեղել այդ հարցից: Բացի այդ, Իրան-«Հիզբուլահ» կապի առկայությունը նաեւ տրամաբանական չէ. նախՙ սուննի ծայրահեղականներն առնվազն ոչ բարեկամական վերաբերմունք ունեն շիա իրանցիների նկատմամբ, ապաՙ «Հզբոլահի» ղեկավարության կազմում ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերի» ակտիվիստների լուրջ ներկայությունը: Այս առնչությամբ հատկանշական է նաեւ Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի դեռեւս 2000 թ. հունվարի հայտարարությունը, որտեղ նշեց, որ Իրանը չի հովանավորել «Հզբոլահին»:

Թեհրանը բազմիցս հերքել է նաեւ PKK-ին աջակցելու մեղադրանքը: Փետրվարի 13-ին Թեհրանում Խարազին թուրք պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Իրանը երբեք PKK-ի անդամներին ապաստան չի տվել եւ չի տալու, թեեւ Իրան-Թուրքիա-Իրաք սահմանագծի բավական երկար լինելու բերումով չի բացառվում նրանց ներթափանցումը Իրան: Խարազին ընդգծել է, որ այսուհանդերձ, Թեհրանը կռելով նոր մեխանիզմներ, ջանք չի խնայի PKK-ի հնարավոր ներթափանցումները կանխելու համար: Իսկ Ջեմը շտապել է հավաստիացնել, որ Թել Ավիվ-Անկարա համագործակցությունը ոչ միայն Իրանի, այլեւ որեւէ իսլամական երկրի դեմ չէ, շեշտելով, որ Իրանն ու Թուրքիան որոշել են ընդարձակել տնտեսական կապերը: Միաժամանակ երկու երկրների ԱԳ նախարարները հայտարարել են, որ Թեհրան-Անկարա փոխհարաբերություններում առկա խնդիրները լուծելու նպատակով կողմերն ունեն քաղաքական անհրաժեշտ հաստատակամություն:

Անդրադառնալով Ջեմի թեհրանյան բանակցություններին, հարկ է նշել, որ ըստ երեւույթին դրանց առանցքը PKK-ի եւ սահմանների անվտանգությունն է եղել եւ ոչ թե Հայոց ցեղասպանության հարցի հնարավոր քննարկումն Իրանի խորհրդարանում, ինչպես հայտարարում էին որոշ աղբյուրներ: Բայցեւայնպես բացառված չէ, որ Ջեմի եւ Իրանի խորհրդարանի նախագահ Մեհդի Քյառուբիի հանդիպման ընթացքում շոշոփվել է նաեւ այդ հարցը:

Եթե հաշվի առնենք Ջեմի իրանյան այցի նախաշեմին Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հայտարարությունն այդ առնչությամբ, որում նա ընդգծել էր, թե Անկարան հուսով է, որ այցը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունները նոր հարթություն տեղափոխելուն, կարելի է ենթադրել, որ Ջեմն առավելապես ջանքեր է գործադրել Թեհրան-Անկարա կապերի բարելավման ուղղությամբ, մանավանդ որ տնտեսական առումով Թուրքիան է դրանցում առավել շահագրգիռը:

ԷՄՄԱ ԲԵԳԻՋԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4