«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2001-02-16 | #30, 2001-02-17 | #31, 2001-02-20


ԺԱՄԿՈՉՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ

Անվանի երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը շարունակում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունման 1700-ամյակի առնչությամբ սկսած իր հոբելյանական համերգների շարքը: Փետրվարի 13-ին, Փարիզի Աստվածամոր տաճարում նախագահներ Շիրակի եւ Քոչարյանի առաջ ելույթ ունենալուց հետո, նա մեկնել է Հռոմ, որտեղ վերջերս վերանորոգված Հրեշտակների Սբ. Մարի եկեղեցում փետրվարի 17-ին համերգ է տվել տեղի նվագախմբի հետ: Հաջորդ օրը մասնակցելու է Սբ. Պետրոս տաճարում Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ- ի եւ Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք կաթողիկոս Ներսես Պետրոս 19-րդի ներկայությամբ հոբելյանական տարվա պատարագին:

Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի տվյալների, Ժամկոչյանը նվագելու է Բեյրութումՙ փետրվարի 26-ին, որից հետո վերադառնալու է ԱՄՆ:

Վերոհիշյալ համերգներից առաջՙ հունվարի 21-ին, վերադառնալով Վենետիկ, Հռոմ, Բեյրութ եւ Գերմանիա կատարած շրջագայությունից, համերգ է տվել Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում, որտեղ նվագել է Կոմիտասի եւ Եկմալյանի ստեղծագործություններից:

Ավելացնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Անթիլիասում ելույթ ունենալուց հետո Արամ Ա կաթողիկոսը նրան պարգեւատրել է Սբ. Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանով:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4