ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 19-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր աթոռ Սբ. Էջմիածնում աշխատանքն է սկսել միաբանական համագումարը: Համագումարին հրավիրված Մայր աթոռ Սբ. Էջմիածնի Հայաստանի եւ արտերկրի 65 կուսակրոն եկեղեցականներից ներկա էր 51-ը:
Ինչպես հայտնում են Մայր աթոռի տեղեկատվության համակարգից, 10-ամյա ընդմիջումից հետո գումարված հավաքը կոչված է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի բոլոր միաբանների համախմբմամբ հնարավորություն ստեղծել միասնաբար խորհելու եւ քննարկելու Հայ եկեղեցու կյանքում առկա դժվարություններն ու մարտահրավերները եւ նոր ուղիներ որոնել եկեղեցու առաքելության արդյունավետ իրականացման համար:
Հավաքը բացվել է Վեհափառ հայրապետի օրհնության պատգամով: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ երիտասարդ միաբաններըՙ մտահոգ Հայ Առաքելական եկեղեցու առջեւ ծառացած խնդիրներով, համատեղ ջանքերով պիտի կարողանան վերարժեւորել իրենց դերն ու առաքելությունը, որով եւ կկարողանան ժողովրդին վերադարձնել եկեղեցի, նրան առաջնորդել Քրիստոսի Ավետարանի պատգամներով: Նորին Սրբությունը համոզմունք է հայտնել, որ Հայ Առաքելական եկեղեցու առջեւ ծառացած դժվարությունները հաղթահարելի կդառնան միայն սիրո, նվիրումի եւ հանձնառության մթնոլորտում:
Զարեհ ծ.վրդ. Պարոնյանի եւ Հայկազուն ծ.վրդ. Նաջարյանի ատենապետությամբ համաժողովն իր աշխատանքը կշարունակի մինչեւ փետրվարի 21-ը: