<20013201.jpg>
Եռյակի այցը Երեւան
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Մեր եռյակի այցը ձեր երկիր ապացուցում է Եվրամիության ուշադրությունն այս տարածաշրջանի հանդեպ», երեկ ՀՀ նախագահի նստավայրում ասաց Շվեդիայի արտգործնախարար, ԵՄ գլխավոր քարտուղար Աննա Լինդն իր հինգ րոպեանոց բրիֆինգի ժամանակ:
«Ազգը» նախապես տեղեկացրել էր ԵՄ գլխավոր քարտուղարի, ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության գծով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի եւ ԵՄ արտաքին կապերի գծով հանձնակատար Քրիս Պատենի Երեւան, Թբիլիսի, Բաքու այցի մանրամասները:
Եվրամիության եռյակի ներկայացուցիչները Երեւանում հանդիպել են ՀՀ նախագահի, ԱԺ խոսնակի, խմբակցությունների ղեկավարների, արտգործնախարարի հետ: Տկն Լինդը նշեց, թե բոլոր հանդիպումները հետաքրքրական էին, բայց իրենց համար ամենակարեւորն ու էականը ՀՀ իշխանությունների հավաստիացումներն էին, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Մենք անհամբեր սպասում ենք ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել ու խորացնել այս տարածաշրջանի հետ համագործակցությունը: Բացի այդ, Եվրամիությունն ընդլայնվում է:
Ընդլայնումից հետո այս տարածաշրջանը կդառնա մեր հարեւանը, եւ կարեւոր է, որ կարողանանք հարաբերություններ զարգացնել մեր ապագա անմիջական հարեւանների հետ», նշեց Շվեդիայի արտգործնախարարը: Նա հավաստեց ԵՄ պատրաստակամությունըՙ հնարավորինս աջակցելու թե՚ հակամարտության լուծման, թե՚ տնտեսական ու քաղաքական գործընթացներին: Այնուամենայնիվ, ԵՄ գլխավոր քարտուղարը խոստովանեց, որ թե՚ Ղարաբաղի խնդրին, թե՚ տարածաշրջանում աճող քաղաքական, տնտեսական ռեֆորմներին առնչվող քննարկումներում Հայաստանի իշխանավորների հետ իրենք չեն փորձել շատ խորը գնալ: Բայց որեւէ անհամաձայնություն քննարկվող հարցերի շրջանակում չի ծագել, ընդգծեց Աննա Լինդը:
Մեր լրագրողների ավանդական հարցին, թե ե՞րբ են եռյակի ներկայացուցիչները Հայաստանը տեսնում ԵՄ կազմում, տկն Լինդը պատասխանեց, թե այդ մասին դեռ խիստ վաղ է խոսելը: ԼՂ խնդրի լուծման առաջնահերթությունը քանիերորդ անգամ ընդգծելովՙ ԵՄ գլխավոր քարտուղարը ժպտաց. «Կզարգացնենք մեր հարաբերությունները գործընկերության ու համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Պայմանագիրն ընձեռում է շատ հնարավորություններ եւ նախատեսում մեծ գումարներ համագործակցության համար»:
Քրիս Պատենը հիշեցրեց, որ Հայաստանի հետ համագործակցության ծրագրերում ԵՄ-ն ծախսել է 250 մլն եվրո: «Մտադիր ենք շարունակել այդ ծրագրերը, մասնավորապես Ինոգեյթն ու Տրասեկան: Կշարունակենք տրամադրել գումարներ մակրոտնտեսական կայունացման եւ պարենային անվտանգության ծրագրերի շրջանակներում»: Պրն Պատենը նշեց նաեւ, որ համագործակցության շրջանակներում նախագահ Քոչարյանն ընդգրկել է հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտը:
Երեկ եւ այսօր Եվրամիության եռյակը նախատեսում էր լինել նաեւ Վրաստանի ու Ադրբեջանի մայրաքաղաքներում: Ի դեպ, ի տարբերություն վերը շարադրված բրիֆինգի, «Զվարթնոց» օդանավակայանում ժամանման պահին ԵՄ եռյակի բրիֆինգն ընթացել է անգլերենով: